Դժբախտաբար Կը Վախնամ՝ Այն, Ինչ Դուք Կ՝ընէք, Ձեզի Մեծ Պատիժ Կը Սպասէ․ Ռուբէն Վարդանեանը պաքուի Բանտէն Դիմած է Նիկոլ Փաշինեանին
Ռուբէն Վարդանեանի յայտարարութիւնը՝ փոխանցուած ընտանիքի հետ հեռախօսազրոյցի ժամանակ:
Մայիս 25-ը Ռուբէն Վարդանեանի ծննդեան օրն է։ Ասիկա անոր ծննդեան երրորդ տարեդարձն է, որ ան կ՝անցնէ պաքուի մէջ՝ ապօրինի կալանքի տակ։
Իր ծննդեան օրը ան հայերէնով դիմած է հայ ժողովուրդին։
«Սիրելի հայրենակիցներ, չնայած ինձ դժուար է, ուզում եմ ուղերձ յղել հայերէն, որովհետեւ դա համարում եմ շատ կարեւոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ յոյս ունենալով, որ ինձ ճիշտ կը հասկանաք։
Առաջինը, նորից ուզում եմ յիշեցնել, որ Քաջ Նազարին թագաւոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագաւոր։ Ուզում եմ դա յիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։
Երկրորդը, սիրելի Քաջ Նազար Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարգը։ Երկրորդը, ես կալանախցում գտնուելով 800 օր մենակ՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերէնը պահպանել, եւ փորձում էի գտնել հայ գրողների գրքեր գրադարանում։ Ցաւօք սրտի, գրադարանում հայերէն կար միայն երկու գիրք՝ մէկը Վարդգէս Պետրոսեանինը, միւսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտէի, որ այդքան յայտնի գրող էք։ Եւ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզուեցի, որ Դուք ոչ միայն ունէք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձեւի, կրթութեան առումով եւ ուրիշ խնդիրների առաջ էք կանգնած, որ սուտասան էք, հնարող էք, եւ այլն, նաեւ գրագող էք։ Եւ ասեմ Ձեզ, որ դա ինձ շատ զարմացրեց, որովհետեւ, լինելով լրագրող, դուք գիտէք, որ գողութիւնը, (մտաւոր) սեփականութիւնը, գրքերը չի կարելի գողանալ, բայց Դուք դա արեցիք շատ հանգիստ, եւ ոչ թէ մէկ, այլ մի քանի գրողից։ Եւ Ձեր թերութիւնները, ի հարկէ, վրիպումները, պահելաձեւը ինձ շատ տխրեցնում է։ Եւ ես ցաւօք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում էք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, եւ գիտէ՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հաւատում են, որ նա վերածնւում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մէջ, եւ ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց յետոյ մահացած մարդը վերածնւում է անձրեւի ճիճուի մէջ, եւ 84,000 տարի ապրում է որպէս անձրեւի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, յոյս ունեմ, որ դեռ ժամանակ կայ, որ այդպէս չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդէն ուշ է։
Երրորդը, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պէտք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրաւէր է. սա ընտրութիւնների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակւում է, եւ պատերազմը շարունակւում է ոչ թէ ռազմական, այլ ուրիշ ձեւերով: Եւ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի եւ Եւրոպական միութեան մէջ փորձում են կռուեցնել, ամենավտանգաւորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, եւ այդ երրորդ ուժը նստած սպասում է, թէ ոնց ենք դառնալու իրենից կախուած՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ նիւթապէս, ե՛ւ տեղեկատուական, ե՛ւ տեխնոլոգիաներով ու ամէն ինչով դառնալու ենք թուրքիայի եւ ազրպէյճանի վիլայէթ, եւ դա է նպատակը, որն արդէն հիմա առանց ֆիզիքական, ռազմական գործողութիւնների կ՝ենթարկեն քայլ առ քայլ: Եւ եթէ ինչ-որ մէկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթէ մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացուելու է շատ արագ, եւ սա շատ մեծ վտանգ է, որ եթէ մենք չփոխենք մեր պահելաձեւը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եւրոպական միութիւն, մեզ սպասում է թուրքիայի վիլայէթ դառնալը։
Չորրորդը, այստեղ քննարկում են, որ Մայիսի 28-ին պատրաստւում է ռազմական շքերթ։ Ինձ թւում է դա անբորայական է, երբ այդ նոյն ժամանակ զինուորներն ու սպաները գերի են եւ գտնւում են ազրպէյճանի բանտում։ Ուզում եմ նորից յիշեցնել, որ բանակը կառուցւում է ոչ թէ շքերթներով, փողով եւ զէնքով կամ կոչումներով, այլ ամենակարեւորը՝ ոգով, բարոյական եւ հայրենասիրական ոգով, եւ ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապէս հայերնասէր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետեւ դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինուորները գտնւում են այստեղ, դուք անէք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետեւ դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոթոներ, նամակներ, շորեր ստանալու հնարաւորութիւն։ Մէկ այլ հարց է այն, որ դա որեւէ ձեւով չի կազմակերպւում Հայաստանի կողմից, գլխաւոր հրամանատարը, որը պարտութիւն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնէ զգան, որ իրենց հետեւում, թիկունքին կանգնած է պետութիւն։
Հինգերորդը, յիշէ՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերութիւնն է, անտարբերութիւնն աւելի վտանգաւոր է, քան միւս բոլոր թերութիւնները։
Սիրոյ հակառակ կողմը ատելութիւնը չէ, անտարբերութիւնն է, բարութեան հակառակ կողմը չարութիւնը չէ, անտարբերութիւնն է, հաւատի հակառակ կողմը աստուածամերժութիւնը չէ, անտարբերութիւնն է, եւ կեանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերութիւնն է։ Եւ որպէսզի մենք ունենանք մեր պետութիւնը, հպարտ լինենք, որ այդ պետութեան քաղաքացին ենք, մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, մենք պէտք է անտարբեր չլինենք, եւ պէտք է ամէն ինչ անենք, որ մեր պետութիւնը պահպանենք, պէտք է ամէն մէկս մեր տեղում հասկանանք, որ ոչ ոք, մէկ հոգին առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պէտք է անենք ամէն ինչ, որ մեր երկիրը պահպանուի, որ մենք ունենանք անկախ պետութիւն։ Եւ վերջում ուզում եմ ասել, որ ինձ համար երջանկութիւն է կամաւոր ծառայել ու երախտապարտ (լինել) Աստծուն, սիրել բոլորին ու ամէն ինչը, եւ յաղթահարել գայթակղութիւնները, սովորել ամէն վայրկեան, մինչեւ կեանքիս վերջին շունչը, եւ այն ամէնը, ինչը ես գիտեմ, ինչը կարող եմ անել, տալ աշխարհին՝ վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն իմ երջանկութեան համար։ Եւ ես երջանիկ եմ, որ այդ ամէնը կարող եմ անել մինչեւ կեանքիս վերջին շունչը։
Ես Աստծոյ խոնարհ ծառայ՝ «դասա» Ռուբէնն եմ (դասա-दास (dāsa), Կառլենի եւ Իրինայի որդին, ռուսերէն մտածող հայ մարդ, իմաստների թարգմանիչների միաբանութեան անդամ, մարդ, որը երջանիկ է, որ իր համար կայ հնարաւորութիւն իր կեանքը նուիրել իր հայրենիքին եւ աշխարհին, սիրով եւ հաւատով ծառայել բոլորին։
Եւ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ, եւ ես վստահ եմ, որ մենք ամէն ինչ կարող ենք անել եւ անելու ենք, որ այդ ապագան լինի լուսաւոր, բարի, եւ հիմնուած լինի սկզբունքների ու արժէքների վրայ։ Եւ յոյս ունեմ, որ բոլոր մարդիկ, որոնք հիմա սխալ բաներ են անում եւ սխալ մօտեցումով են վերաբերւում այդ ամէնին, կը հասկանան եւ կը փոխեն իրենց մօտեցումը։ Եթէ ոչ, Աստուած նրանց հետ, բոլորին ներում եմ, բոլորին սիրում եմ։
Շնորհակալ եմ բոլորին, ես ձեզ հետ եմ»։
