
Եթէ Իսպառ Մենք Հանենք Փոքրոգութիւն Մեր Սրտէն. «Ապառաժ»
Խմբագրական
Ամփոփում ենք 2021 թուականը. անցեալ տարում հայ ժողովրդի համար շարունակուեց 2020թ. աղետալի պարտութիւնը: 2021թ. պարտուեցինք դիւանագիտական ճակատում, որը ռազմաճակատում կրած պարտութեան հետևութիւնն էր: Ազրպէյճանն ու Թուրքիան օրէցօր ամրապնդում են իրենց յաղթանակը դիւանագիտական ճակատում: Իսկ պարտութեանը զուգահեռ շարունակւում է հայ ժողովրդի ազգային արժանապատւութեան ոտնահարումը: Այս ամէնը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայկական պետութիւնը ներկայացնող անձը դարձել է Արցախում անցած դարում բնակուող ազրպէյճանցիների շահերի պաշտպանը՝ անտեսելով իր ազգային շահն ու արժանապատւութիւնը:
Առկայ իրավիճակում թեւակոխում ենք 2022թ.: Հայ ժողովրդի ապրած ցաւն ու վիշտը չի ամոքւում: Հայրենազրկմանն ու մի ամբողջ սերնդի կորստին աւելանում է պայքարի անընդունակութեան եւ պատիւն ու արժանապատւութիւնը չյարգող ազգի պատկերը: Միջազգային բեմահարթակում հայը այդպէս է ներկայացւում հանրութեանը: Այս վիճակից պէտք է դուրս գալ, եւ դուրս գալու միակ միջոցը պայքարն է, պայքար՝ իրաւունքների վերականգնման համար:
Ստորացած վիճակում ապրելը խոցուած արժանապատւութեան վէրքն աւելի է խորացնում: Հադրութն ու Շուշին հայ ժողովրդի արժանապատւութեան վրայ դաջուած խարանների շարքը համալրեցին: Ոչ միայն Հադրութը, Շուշին ու Շահումեանը, այլեւ բռնագրաւուած հայրենիք Արեւմտեան Հայաստանն ու Ջաւախքը հայկական են ու հայկական էլ կմնան: Այս է պայքարի ուղին՝ յանուն ազգի ազատագրման եւ իրաւունքների վերականգնման: Յարատեւելու, զարգանալու եւ մարդկային քաղաքակրթութեան մէջ հայի արժանապատիւ տեղն ապահովելու համար մտացածին խաղաղութիւններն ու բարիդրացիութիւնները խաբուսիկ պատրանքներ են միայն:
ՀՅ Դաշնակցութիւնը հայ ժողովրդի արժանապատւութեան պահպանութեան գործում միշտ եղել է առաջին դիրքերում: Ինչպէս ՀՅԴ 131-ամեակի առթիւ նշել է ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանդ Մարգարեանը, «ՀՅԴ-ի կեանքի մէջ ամենակարեւորը հայրենիքն է ու Արցախը, ոչ թէ յանուն իշխանութեան պայքարը: Մենք իրաւունք չունենք ընկճուելու, համակերպուելու ստեղծուած իրավիճակին հետ: Ազրպէյճանը պէտք է հասկանայ, որ հանգիստ չի ունենայ, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսւում: Աշխարհը պէտք է հասկանայ, որ հայ ժողովուրդը դէմ է կապիտուլիացիային, դէմ է իր տարածքների բռնազաւթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Անհրաժեշտ է չեղարկուած յայտարարել Նոյեմբերի 9-ի կապիտուլիացիան. ազգային նոր Զարթօնք է հարկաւոր»: Թող այս ուղերձը լինի 2022թ. մեր պայքարի ուղեցոյցը:
Եւ ինչպէս Ռ. Պատկանեանն է իր Նոր տարուան մաղթանքների մէջ նշում, բոլոր երանելի մաղթանքները միայն այն ժամանակ կ՝իրականանան, «եթէ իսպառ մենք հանենք փոքրոգութիւն մեր սրտէն»: Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ: