Հայաստանի Ժուռնալիստներու Միութիւնը Կը Դատապարտէ «Armat-Media»-ի Գործունէութեան Դադարեցումը
«Հայաստանում խաթարեցին հերթական լրատուամիջոցի գործունէութիւնը
Այսօր Հայաստանում փաստացի փակուեց հերթական լրատուամիջոցը՝ «Armat-Media»-ն:
Դեռ կէսօրից «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Սամուէլ Կարապետեանի թիմի անդամ, երէկ կալանաւորուած Ալեքսան Ալեքսանեանի սեփականութիւնը հանդիսացող լրատուամիջոցում իրաւապահների ներխուժումը աւարտուեց «Armat-Media»-ի գոյքի ու աշխատակիցների հեռախօսների առգրաւմամբ ու մետիայի դռների կապարակնքմամբ:
Սա նշանակում է, որ Յունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրութիւններից երկու օր առաջ փակւում է ընտրութիւններին մասնակից կուսակցութեան հետ առնչուող լրատուամիջոցը:
Հայաստանի ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է լրատուամիջոցի դէմ ոտնձգութեան զարհուրելի փաստը: Փաստացի «ժողովրդավարութեան բաստիոն» Հայաստանում փակւում է լրատուամիջոց, ու դա առնուազն չի արժանանում Հայաստանում գործող միջազգային կազմակերպութիւնների ու դիւանագիտական առաքելութիւնների ուշադրութեանը:
Եթէ կայ իրաւական գործընթաց, այն պէտք է ընթանայ՝ առանց հարուած հասցնելու լրատուամիջոցի գործունէութեանը: Որեւէ լրատուամիջոց չպէտք է տուժի քաղաքական իշխանութեան քաղաքական հաշուարկների ու մրցակիցների հանդէպ հաշուէյարդար տեսնելու մոլուցքից»,- նշուած է Հայաստանի ժուռնալիստներու միութեան տարածած յայտարարութեան մէջ։
