«Ուժեղ Հայաստան»-ը Պիտի Պաշտպանէ Հայոց Եկեղեցին. Յայտարարութիւն

Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ը պիտի պաշտպանէ Հայոց Եկեղեցին, որպէսզի անիկա կարենայ շարունակել իր պատմական եւ հոգեւոր առաքելութիւնը: Այս մասին գրած է «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածինի տօնին առիթով:

«Սիրելի՛ էջմիածինցիներ, շնորհաւորում ենք բոլորիս Սուրբ Էջմիածնի՝ մեր հոգեւոր մայրաքաղաքի տօնի առթիւ:

Դարեր շարունակ Էջմիածինը եղել է հայ ժողովրդի կրթութեան ու հոգեւոր դաստիարակութեան, ազգային մտքի եւ մշակոյթի կարեւորագոյն կենտրոններից մէկը։

Այստեղ են պահպանուել ու սերնդէսերունդ փոխանցուել մեր ժողովրդի հոգեւոր եւ ազգային արժէքները։

Այսօր Սուրբ Էջմիածինն ու Հայ Առաքելական Եկեղեցին յարձակումների են ենթարկւում թէ՛ դրսից, թէ՛ ներսից։

Դրսից` ազրպէյճանի քաղաքական ղեկավարութիւնն է ստի եւ ագրեսիայի միջոցով փորձում թուլացնել Հայոց Եկեղեցին։ Հայաստանի վարչապետ նիկոլ փաշինեանը, ցաւօք, նոյնպէս յարձակումներ է գործում Եկեղեցու դէմ՝ փորձելով թուլացնել այն ներսից։

«Ուժեղ Հայաստան»-ը հետեւողական քայլեր է ձեռնարկում մեր ազգային ինքնութիւնն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անկախութիւնը պաշտպանելու ուղղութեամբ։

Ազգային դիմագծի պահպանումն ու ամրապնդումը Ուժեղ Հայաստան կառուցելու մեր տեսլականի առանցքային բաղադրիչներից են։

Դարեր շարունակ, անգամ պետականութեան բացակայութեան պայմաններում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է այն համախմբող ուժը, որը պահպանել է մեր լեզուն, մշակոյթը, հաւատքն ու ազգային ոգին։

«Ուժեղ Հայաստան»-ը պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպէսզի այն կարողանայ շարունակել իր պատմական եւ հոգեւոր առաքելութիւնը։ Սուրբ Էջմիածինն իր դարաւոր պատմութեամբ եւ հարուստ հոգեւոր ժառանգութեամբ եղել եւ մնալու է մեր միասնութեան, արժանապատուութեան եւ տոկունությեան խորհրդանիշը։

Մաղթում ենք Սուրբ Էջմիածնին եւ մեր ողջ ժողովրդին անսասան հաւատք, ուժ եւ միասնականութիւն»,- նշուած է յայտարարութեան մէջ։