Մայիս 28-ը Հայ ժողովուրդի Համախմբման եւ Յաղթանակի Օրն է. Հրանոյշ Յակոբեան

Էրկիր, Հայաստան, Յօդուածներ – Զրոյցներ, Սփիւռք

Սիրով եւ ջերմօրէն շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում եւ Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների նուիրական տօներից մէկը՝ Մայիսի 28-ը եւ մաղթում Սարդարապատեան յաղթանակներ:

Հոգու ցաւի եւ վհատութեան ճիրաններում յայտնուած, կործանարար մոլորութիւնից սթափուող, բեկուած ողնաշարը շտկող իմ թանկագի՛ն հայրենակիցներ, այս ազգային համախմբման եւ միասնականութեան օրը, լսելով նաեւ ալիեւի նկրտումները ցանկանում եմ ձեզ հետ կիսել իմ խոհերը.

առաջին՝ անհրաժեշտ է հասնել նրան, որ որեւէ մէկը չգնայ որեւէ բանակցութեան, քանի դեռ չի կատարուել 2020 թուականի նոյեմբերի յայտարարութեամբ ամրագրուած՝ գերիների վերադարձի մասին պայմանաւորուածութիւնը, քանի դեռ ադրբեջանական զինուած ուժերը դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից:

Երկրորդ՝ երեսուն տարուայ ընթացքում մեր երկրի ղեկավարները՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, ինչպիսի բանակցութիւն էլ որ վարել են, դրանցից առաջ եւ յետոյ մեկնել են Արցախ եւ խորհրդակցութիւններ անցկացրել Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան, պատգամաւորների հետ: Իսկ այս օրհասական պահին ինչու՞ չեն մէկում Արցախ, անցկացնում խորհրդակցութիւններ, լսում արցախցիների ձայնը:

Երրորդ՝ միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքներին համահունչ՝ ՀՀ արտաքին քաղաքականութեան համար պատասխանատու պաշտօնեաները պէտք է բոլոր միջոցները ձեռնարկեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնելու եւ Արցախի հիմնախնդիրը ժողովրդի ազգային ինքնորոշման միջազգային իրաւունքի շրջանակներում քննարկելու համար՝ ներգրաւելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնութեան կողմից լիազօրուած դիւանագէտներին:

Չորրորդ՝ եթէ ‹‹միջազգային հանրութեան›› սուբյեկտը՝ ի դէմս Շառլ Միշելի, չունենալով այդ մանդատը, ճնշում է գործադրում ադրբեջանամէտ որոշումներ ընդունելու համար, ապա կա՞յ արդեօք չորս տարի առաջ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի հնչեցրած այն հարցի պատասխանը, որ ինքը չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ արցախցիներն իր ընտրողները չեն եւ իրեն չեն ընտրել եւ դրանով խուսափել որեւէ ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրելուց։ Այդ հարցի պատասխանը հետեւեալն է՝ իրաւացիօրէն հրաժարուել որեւէ փաստաթուղթ ստորագրելուց եւ յաւիտեան չկրել ‹‹դաւաճանի›› խարանը, որից այդքան վախենում էր պատերազմի ժամանակ:

Հինգերորդ՝ դաւաճանից-հերոս մէկ քայլ է, ուստի երկրի այսօրուայ ղեկավարութիւնն առանց վախենալու պէտք է պատասխանի ալիեւի բարբաջանքներին, ով իր հիւանդ երեւակայութեամբ արդէն ,,եկել-հասել է Երեւան՝ գրաւելով նաեւ Սեւանը,,: Եթէ չէք պատասխանում, ուրեմն թող իշխանութիւնը ստանձնի այլ անձ, ով ստորագրելով ոչ հայանպաստ փաստաթուղթն իրաւամբ, կը կոչուի դաւաճան կամ պարտաւոր կը լինի սկսել նոր բանակցութիւններ, որտեղ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը չպէտք է վտանգուի, եւ Արցախի հարցն էլ կը տեղափոխուի այլ հարթութիւն: Եթէ իշխանութիւնները փորձեն բացատրել, որ ընդունուող փաստաթղթերը հայանպաստ են լինելու, ապա բաւական է յիշեցնել, թէ բանակցութիւններից յետոյ ինչպէս էր հրճւում ալիեւը կամ ադրբեջանում որքան դրական են գնահատւում բրիւսելեան հանդիպման արդիւնքները: Դատելով այս ամէնից՝ ցաւով արձանագրենք, որ ստեղծուած ծանրագոյն իրավիճակում լրջօրէն վտանգուած է հայ ժողովրդի անվտանգութիւնն ու Հայաստան պետութեան ինքնիշխանութիւնը, որ հարիւր տարուայ արհեստական պետութիւնը փորձում է իրեն վերագրել մեր հինաւուրց երկրի մի մասը՝ աւերելով մեր պատմական ժառանգութիւնը, մեր ազգային արժէքները՝ միջազգային հանրութեան սառը հայեացքի եւ քար լռութեան ներքոյ:

Վեցերորդ՝ բոլոր նրանք, ովքեր արցախցիների, մեր հերոսածին ծնողների մասին որեւէ բացասական կարծիք են յայտնում, թող յիշեն, որ մեր երկրի մի հատուածը, մեր հող հայրենին պահում եւ պաշտպանում են Արցախում ապրող մեր քոյրերն ու եղբայրները, ովքեր հերոսներ են, ովքեր գտնւում են ադրբեջանական երախում եւ թիրախում, եւ նրանց օգնում են միայն ռուսական խաղաղապահները:

Եօթերորդ՝ ցանկանում եմ յիշեցնել բոլոր նրանց, ովքեր այսօր խաղաղ եւ հանգիստ աշխատում ու ապրում են, մենք պարտական են մեր զոհուած տղաներին, ովքեր իրենց կեանքը տուեցին յանուն Հայրենիքի փրկութեան: Սակայն, աւա՜ղ, կան մարդիկ, ովքեր առանց հասկանալու՝ վիրաւորում են հերոսածին տղաների ծնողներին, որոնց առջեւ պէտք է միայն գլուխ խոնարհել նման առիւծասիրտ հայրենասէրներ դաստիարակելու համար:

Ութերորդ՝ թուրքերի հետ բարեկամութեան ձգտողները թող յիշեն, որ Հայոց արդար դատի համար պայքարը շարունակւում է եւ՛ Սփիւռքում եւ՛ Հայրենիքում, թող չմոռանան, որ նոյնիսկ բանակցութիւնների պայմաններում, Հայոց ցեղասպանութեան օրը Ուրուգուայում թուրքիայի արտաքին գործերի նախարարն իրենց մարդատեաց նշանն էր ցոյց տալիս հայերին:

Պէտք է նաեւ նկատի ունենան, որ հայ-թուրքական սահմանը բացելու դէպքում դրանք ցանկանում են անցակէտը կոչել հայասպան թալէաթի անունով:

Եւ այսքանից յետոյ դեռ կան մարդիկ, անգամ՝ հայեր, ովքեր թուրք-ադրբեջանական ծրագիրն են առաջ տանում մեր երկրում եւ նոյնիսկ՝ Ազգային ժողովում: Միթէ՞ պարզ չէ, որ Արցախն ադրբեջանի վերահսկողութեանն անցնելուց յետոյ կամ ստիպուած են բոլորը բռնագաղթել կամ ցեղասպանուել: Այդպէս մտածողներին խորհուրդ կը տամ միլի մէջլիսում ելոյթ ունենալ եւ պաշպտպանել նրանց շահը: Այդպիսիններից կը ցանկանայի լսել մի ադրբեջանցու կամ թուրքի անուն, ով իրենց պառլամենտում հայկական շահն է սպասարկում կամ մեր մասին մի դրական խօսք ասում:

Իններորդ եւ վերջին խոհս՝ նրանք, ովքեր չեն հասկանայ առաջարկներիս իմաստը եւ կը փորձեն նենգափոխել ասելիքս, խորհուրդ կը տամ մեկնել ադրբեջան կամ թուրքիայ եւ ընդունել դրանց քաղաքացիութիւնը եւ այնեղից վայրահաչեն…

Հ.Գ. Եթէ մադրիդեան սկզբունքներով Արցախն արդէն յանձնել էին, ապա ինչու՞ 15 տարի ադրբեջանը չէր վերցնում Արցախը, միթէ՞ ադքան յիմար էին:

Ի դէպ, աշխարհում չգրուած օրէնք է, որ ընտրուած բոլոր իշխանութիւնները չորս-հինգ տարուայ ընթացքում ոչ թէ հետ, այլ առաջ են նայում, եւ անգամ թռիչքաձեւ զարգացում են արձանագրում…

Խոստովանէք, որ անփորձ էք, որ պետական կառավարման համակարգը տեղապտոյտի մէջ է, արտաքին քաղաքականութեան, դիւանագիտութեան ոլորտում յետընթաց է արձանագրւում, որի արդիւնքում հակառակորդի յաւակնութիւնները գնալով մեծանում են, որ պաշտպանութեան, անվտանգութեան, սոցիալական ոլորտներում բազմաթիւ խնդիրներ ունենք: Խոստովանէք, որ միակամ, համախմվբած Սփիւռքը ծուէն-ծուէն է եղել:

Խոստովանէ՛ք եւ ընդունենք, որ որեւէ պաշտօն կամ իշխանութիւն յաւէրժ չէ, բոլորն էլ ժամանակաւոր են:

Մնայունը մեր Հայրենիքն է, մեր ազգային արժէքները եւ գրագէտ, խելացի, կարող ու տաղանդաւոր հայ մարդը, որը պէտք է Սփիւռքի ազգասէր հայրենակիցների հետ իր Հայրենիքը ՝ Հայաստանն ու Արցախը շէնացնի եւ հզօրացնի: Եւ մեր տաղանդաշատ Պարոյր Սեւակի բանաձեւումը օրուայ՝ մայիսի 28-ի խորհրդին է համահունչ.

Եկէք միանա՜նք:

Եկէք միանա՜նք,

որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ

մարմին ստանայ մեր միս-ոսկորով,

եւ մարմնաւորուած մեծ երազանքի բուժիչ բարութեամբ…

-ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց…

-ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր…

-ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց…

ԵԿ Է ՛Ք Մ Ի Ա Ն Ա Ն Ք։

ՀՀ Սփիւռքի Հիմնադիր նախարար՝

Հրանոյշ Յակոբեան