«Փաշինեանը Պատերազմ Յայտարարած է Լրագրողներուն». Հայաստանի Ժուռնալիստներու Միութեան Յայտարարութիւնը
Հայաստանի ժուռնալիստներու միութիւնը (ՀԺՄ) տարածած է յայտարարութիւն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ կառավարութեան նիստէն ետք լրագրողներու հետ ճեպազրոյցին ընթացքին լրագրող Հռիփսիմէ Ճէպէճեանի հետ տեղի ունեցած միջադէպին։
Յայտարարութեան մէջ Միութիւնը յիշեցուցած է նաեւ լրագրողներու հետ իշխանութիւններու հաղորդակցութեան մշակոյթի, խօսքի ճշգրտութեան եւ լրագրողներու մասնագիտական աշխատանքին հանդէպ յարգանքի անհրաժեշտութեան մասին։
Յայտարարութեան մէջ կ՝ըսուի.
«Այսօր կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ հերթական ճեպազրոյցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը կրկին կորցրեց ինքնատիրապետումը, երբ լրագրող Հռիփսիմէ Ճէպէճեանը նրան հարց ուղղեց Խորհրդարանում երէկ Փաշինեանի կիրառած բառապաշարի ու խօսքի մշակոյթի վերաբերեալ: Յիշեցնենք՝ Ազգային ժողովի այդ նիստն ուղիղ էր հեռարձակւում:
Լրագրողը ճեպազրոյցում այսօր յիշեցրեց Փաշինեանի մշտական խօսքերը՝ ուղղուած իր ընդդիմախօսներին:
«8 տարի է՝ սպառնում էք՝ կը կզցնեմ, կը սատկցնեմ, ասֆալտ լիզել կը տամ, կը դոմփեմ, էս կ՝անեմ, էն կ՝անեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կայ, ասել էք, նախորդ ճեպազրոյցում էլ ասել էք՝ սաղի ձեռքը կը ջարդեմ, պէտք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռուել»,- հարցեց լրագրողը:
«Դուք անձամբ եւ Ձեզ նման բազմաթիւ լրագրողներ եւ քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել էք մանրադրամ ձեր նեղ լրագրողական եւ ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցութիւնը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տեւական ժամանակ դարձրել էք քաղաքական եւ հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի էք պարզապէս, եղկելի, որովհետեւ դուք ընդհանրապէս ի՞նչ գիտէք Եռաբլուրից: Սրանից յետոյ ինչքան Եռաբլուրի անուն տուող եղաւ, ասելու եմ՝ դադարեցրէ՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի էք, եղկելի, եղկելի, եղկելի էք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինեանի արձագանգը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:
Փաստացի Նիկոլ Փաշինեանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախօսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, շարունակ հայհոյում, սպառնում ու վիրաւորում նրանց, այլեւ վաղուց արդէն նրա ու իր քաղաքական թիմի (խմբակի) թիրախում զանգուածային լրատուամիջոցներն ու իր տեսակէտն անվերապահօրէն չկիսող ու իրեն անյարմար հարցեր տուող լրագրողներն են:
Նոյնիսկ միջազգային չափանիշներով անհամաչափ ու աննախադէպ տոյժերն ու տուգանքները, որոնցով դատական ակտերի միջոցով փորձում են լռեցնել լրատուամիջոցներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, Նիկոլ Փաշինեանին չեն բաւարարում, ու վերջինս պատերազմ է յայտարարել լրագրողներին, լծուել լրագրողներին ահաբեկելու, սպառնալու, վիրաւորանքներ հասցնելու, յանիրաւի մեղադրելու գործին:
Հայաստանի ժուռնալիստների միութիւնը բազմիցս իշխանութիւններին եւ նախկին լրագրող Նիկոլ Փաշինեանին յորդորել է կոռեկտ (ճշգրիտ) լինել լրագրողների հետ զրոյցներում, զսպուածութիւն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը, յարգել այն, անգամ, եթէ լրագրողն անվերապահօրէն չի կիսում իր մտքերը կամ օրակարգերը, սակայն մեր ջանքերն ապարդիւն են անցել:
Կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին անյապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանութիւնը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունէութիւնը վարկաբեկելու եւ ահաբեկելու փորձերից եւ գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անյարգալից վերաբերմունքը միայն տուեալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարուած է խօսքի ազատութեանն ու ժողովրդավարական հասարակութեան հիմնարար արժէքներին։
Պետութեան ղեկավարի պաշտօնը ոչ միայն իշխանութիւն է, այլեւ հանրային պատասխանատուութիւն, եւ այդ պատասխանատուութիւնը ենթադրում է նաեւ յարգանք լրագրողի ու նրա մասնագիտական աշխատանքի նկատմամբ։
Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ ի՞նչ կը լինէր պետութեան այն ղեկավարի հետ, եթէ վերջինս իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խօսէր նման անյարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթէ անդադար վիրաւորէր ու նուաստացնէր լրագրողներին: Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողների մասնագիտական գործունէութեան նկատմամբ ճնշումների, լրատուամիջոցների նկատմամբ անյարգալից վերաբերմունքի դրսեւորում:
Ակնկալում ենք միջազգային լրագրողական կազմակերպութիւնների եւ մամուլի ազատութեան պաշտպանութեամբ զբաղուող կառոյցների հրապարակային արձագանգը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսեւորուող նման վարքագծին»։
