Իսկ Իրական Ձեռքբերումներ Չեն Կրնար Ըլլալ, Քանի Դեռ Կառավարութիւնը Չէ Լրջացած. Արթուր Խաչատրեան

Հայաստան, Յօդուածներ – Զրոյցներ

Մայիս 23-ին, Ազատութեան հրապարակի վրայ, #Լրջացէք #Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքին ելոյթ ունեցաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեան: Ելոյթը կը ներկայացնենք ստորեւ` ամբողջութեամբ:

Սիրելի’ հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ,

Այսօր մենք հաւաքուել ենք, որպէսզի լրջանալու կոչ ուղղենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին, քանի որ ունենք հիմնաւորուած մտահոգութիւններ, որ որդեգրուած քաղաքականութիւնը մեզ կարող է լաւ տեղ չհասցնել: Մենք հաւաքուել ենք, որ ցոյց տանք, որ Հայաստանի քաղաքացիների մի մասն էլ համաձայն չէ, մտահոգուած է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Թէ՞ սիրոյ եւ համերաշխութեան Հայաստանում մենք չենք կարող արտայայտուել, քանի որ կարող է ժողովրդի թշնամի դիտուենք: Մեր խօսքն այսօր շատերի ականջների համար կարող է տհաճ հնչել: Բայց աւելի լաւ է իրար հետ անկեղծ լինենք, ասենք թէկուզեւ դառը ճշմարտութիւնը, քան մի կողմ քաշուենք՝ խուսափելով պատասխանատուութիւնից:

Կառավարութեան ղեկավարը մի քանի օր առաջ 100 ձեռքբերում ներկայացրեց: Դէ ինչ, մէկ տարուայ մէջ 100 ձեռքբերումը վատ չէ. 3-4 օրը մէկ՝ մի ձեռքբերում: Բայց, արի ու տես, որ այդ ձեռքբերումներից մի զգալի մասը ամենեւին էլ ձեռքբերում չէ: Որպէս ձեռքբերում է ներկայացուած, օրինակ, նախարարութիւնների թուի կրճատումը: Այդ ի՞նչ էին ուզում ձեռք բերել, որ կրճատմամբ ձեռք բերեցին: Ի՞նչ է, մշակոյթի վիճակը բարելաւուե՞ց, գիւղացիներն աւելի լա՞ւ սկսեցին ապրել, Սփիւռքի հետ կապն ամրապնդուե՞ց: Կասէք՝ մի քանի օր առաջ են օրէնքը փոխել, ինչպէ՞ս պէտք է այդ կարճ ժամանակահատուածում արդիւնք ապահովէին, ու շատ ճիշտ կասէք, բայց եթէ մի քանի օր առաջ են օրէնքը փոխել, դրա արդիւնքը չենք տեսել, ինչպէ՞ս են այդ փոփոխութիւնը որպէս ձեռքբերում ներկայացնում: Չեմ ուզում մանրամասնօրէն այդ 100 կէտերին անդրադառնալ, դա չէ մեր այսօրուայ խնդիրը: Իրաւամբ ընդունում եմ, որ այդ 100 կէտերի մէջ կան ձեռքբերումներ: Այդ ձեռքբերումների մի մասն էլ նախորդ կառավարութեան  ծրագրերի շարունակութիւնն է, օրինակ՝ համայնքներին տրամադրուող դրամական օգնութիւնների ծրագիրը, որ դեռ նախորդ կառավարութիւնում դաշնակցական նախարարն էր նախաձեռնել: Բայց չեմ կարող չզարմանալ, երբ Հայաստանից հեռացածների ու Հայաստան վերադարձածների դինամիկան համեմատում են 12 տարուայ կտրուածքով: Այդ երբուանի՞ց ենք անցել 12 միաւորանոց հաշուարկի համակարգի, ու դեռ շատ կը լինեն նման չակերտաւոր ձեռքբերումներ, քանի դեռ իրական ձեռքբերումներ չկան: Իսկ իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարութիւնը չի լրջացել ու չի անցել երկրի համար կենսական կարեւորութիւն ունեցող խնդիրների լուծմանը:

Ո՞ւր է տնտեսական յեղափոխութիւնը: Լաւ, ես չեմ ասում՝ ինչո՞ւ արդիւնք չեմ տեսնում: Չեմ իջել ամբոխավարութեան այն աստիճանի, որ մի քանի ամսում արդիւնք ակնկալեմ: Բայց գոնէ կարող եմ, չէ՞, հարցնել՝ սկսուե՞ց այդ յեղափոխութիւնը, թէ՞ յետաձգւում է մինչեւ դատաիրաւական համակարգի բարեփոխումների աւարտը: Ըստ կառավարութեան հաւաստիացումների` պէտք է, որ սկսուած լինէր: Իսկ ինչո՞ւմ է այդ յեղափոխութիւնը: Պնդումների մէ՞ջ, թէ Հայաստանում էլ կոռուպցիա չկայ: Բա եթէ չկայ, ինչո՞ւ ձերբակալուեց առողջապահութեան փոխնախարարը, ինչո՞ւ է քրէական գործ յարուցուել պետական վերահսկողական ծառայութեան պետի դէմ: Իսկ Բագրատաշենում երէկ ի՞նչ էր կատարւում: Մարդիկ պարզ մեղադրում էին, որ կոռուպցիայի զոհ են դարձել:

Ասում են` օլիկարխներ էլ չկան: Իսկ տնտեսութեան կառուցուածքը փոխուե՞լ է: Այդ ո՞ր կենսական կարեւորութիւն ունեցող ճիւղում գերիշխող դիրք ունեցող ընկերութեան դիրքերը սասանուեցին: Օլիկարխին խոշոր սեփականատէր կոչելով՝ իմաստը չի փոխւում:

Այո, եթէ կան կոռուպցիա ու օլիգարխիա, տնտեսութիւնը չի զարգանայ: Բայց միայն օլիկարխիայի ու կոռուպցիայի վերացումը չի երաշխաւորում տնտեսական աճը: Աշխոյժ տնտեսական քաղաքականութիւն է պէտք իրականացնել: Զարգացած ժողովրդավարութիւն ունեցող երկրները վաղուց արդէն հասկացել եւ գնում են պետութեան դերակատարման ու պատասխանատուութեան աւելացման, տնտեսութեանը պետական մասնակցութեան աստիճանի բարձրացման եւ համախառն եկամուտների բաշխման ու վերաբաշխման ծաւալների հետեւողական աճի ճանապարհով: Այդ պետութիւններում բարձր եկամուտ ունեցողները հանրային խնդիրների լուծման համար վճարում են համեմատաբար աւելի բարձր հարկեր, իսկ պետութիւնը կանգնում է կեանքի դժուարին իրավիճակում յայտնուած քաղաքացիների կողքին: Պետական տարբեր աջակցութիւններով են անապահով ընտանիքները դուրս գալիս աղքատութեան ճիրաններից, այլ ոչ թէ ուղղակի կամ անուղղակի կերպով նրանց մեղադրելու, մերժելու եւ հասարակութիւնից մեկուսացնելու ճանապարհով: Ասում են՝  «աղքատութիւնը գլխիդ մէջ է»: Ուրեմն, եթէ մարդ անցեալ տարի աղքատ էր, մեղաւորն իշխանութիւններն էին, եթէ հիմա է աղքատ՝ ինքն է մեղաւոր: Արդեօ՞ք սա արդար մօտեցում է: Ի հարկէ՝ ոչ:

Աղքատութեան եւ գործազրկութեան կրճատման իրական արդիւնքների բացակայութեան, եկամուտների բարձր բեւեռացման մակարդակի պահպանման ֆոնին տեսնում ենք սոցիալական արդարութեան հաստատմանը հակասող քաղաքականութիւն եւ փոփոխութիւններ, որոնք մեծ հետեւողականութեամբ առաջ են մղում այսօրուայ իշխանութիւնները՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատաւորում, եկամտահարկի համահարթեցում, զբաղուածութեան եւ աշխատաւորների իրաւունքների պաշտպանութեան համար անհրաժեշտ՝ օրախնդիր բարեփոխումների անտեսում ու յետաձգում եւ այլն:

Ասում են՝ Հայաստանում իրականացնում ենք բարձր աշխատավարձերի քաղաքականութիւն, Հայաստանը պէտք է լինի հարուստների երկիր, Հայաստանը պէտք է լինի բարձրագոյն կրթութիւն ունեցող ու երեք լեզուով խօսողների երկիր:  Իսկ բանուորնե՞րը, արհեստաւորնե՞րը, գիւղացինե՞րը: Նրանք երկիր չպէ՞տք է ունենան: Ի՞նչ է, հող մշակելը նուազ պատուաբեր գո՞րծ է, քան կայքում գրելը: Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ` Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն է: Սոցիալական պետութիւնն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական բարեկեցութիւնը: Նրան է վերապահւում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցութեան խթանման առանցքային դերը՝ հիմնուած հնարաւորութիւնների հաւասարութեան, եկամուտների վերաբաշխման եւ բարեկեցիկ կեանքի նուազագոյն պայմաններն ինքնուրոյն ապահովել անկարող անձանց պետական աջակցութեան սկզբունքների վրայ: Սոցիալական պետութիւն չեն կառուցում՝ լոկ մի խումբ շահառուների նպաստները բարձրացնելով: Սոցիալական պետութիւնը վարում է ներառական տնտեսական աճի քաղաքականութիւն, երբ ազգային արդիւնքն արդար կերպով բաշխւում է հասարակութեան անդամների միջեւ: Ներառական տնտեսական աճը, մեր կառավարութեան պատկերացմամբ, եկամտահարկի սանդղակի հարթեցումն է, որն էլ աւելի կը խորացնի հարուստների ու աղքատների միջեւ անդունդը:

Աղքատութեան եւ սոցիալական անհաւասարութեան այս պայմաններում անհնար է կառուցել իրական ժողովրդավարական հասարակութիւն: Սոցիալական պետութեան կառուցման հեշտ ճանապարհ չկայ: Համաշխարհային պատմութիւնը վկայում է, որ այս գիտակցումը մերժող շատ իշխանութիւններ ձախողուել են իրենց երկրներում: Իշխանութեան կողմից միայն արբիտրի դեր ստանձնելով, շուկայական մրցակցութեանը ապաւինելով, անօրինական երեւոյթները բացառելով՝ անհնար է ապահովել սոցիալական արդարութիւն, հանրային լայն բարեկեցութիւն:

Քանի դեռ մեր իշխանութիւններն այս պարզ ճշմարտութիւնը չեն գիտակցել, նրանք ստիպուած են լինելու վարչապետի ու նրա ընտանիքի հագուկապը ներկայացնել որպէս ձեռքբերում:

Լրջացէ՛ք: