Հերթական Յաղթանակը

Յօդուածներ – Զրոյցներ

«ԱՍՊԱՐԷԶ»

 

Քանի մը օր առաջ, «Երկիր» կայքին վրայ գոհունակութեամբ կարդացինք հետեւեալ լրատուութիւնը.

«ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցութեամբ ստեղծուած Աշխատանքային իրաւունքների պաշտպանութեան գրասենեակը աշխատանքը կորցրած եւ աշխատանք փնտռող անձանց աշխատանքային իրաւունքների պաշտպանութեան նպատակով տրամադրում է անվճար ծառայութիւններ:

Գրասենեակը գործում է 2018 թուականից: Այն իրազեկում է աշխատանքային հիմնական իրաւունքների մասին, աշխատողների աշխատանքային վէճերի դէպքում դատական հայցեր է պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայութիւն մատուցում աշխատանքային վէճերի գծով (չվճարուած աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ եւ այլն), ինչպէս նաեւ Զբաղուածութեան պետական ծառայութեան տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային եւ մասնագիտական կողմնորոշում է իրականացնում:

Yerkir.am–ին այսօր տեղեկացրեցին, որ գրասենեակի թիմը տօնում է իր հերթական յաղթանակը:

2019 թուականին քաղաքացին դիմել էր գրասենեակ՝ իր գործատուի կողմից չվճարուած աշխատավարձի բռնագանձման խնդրանքով՝ ընդդէմ պանիր արտադրող մասնաւոր կազմակերպութեան: Փաստաթղթերի հաւաքագրման, օրէնսդրական վերլուծութեան, դատարանում համապատասխան ներկայացուցչութեան շնորհիւ գրասենեակի փաստաբանը կարողացել է ապացուցել, որ գործատուն պէտք է վճարի կատարուած աշխատանքի դիմաց: Քաղաքացուն հասանելիք գումարը կազմել է 320,000 ՀՀ դրամ:

«Աշխատավարձի բռնագանձման պահանջով մտել ենք դատարան. 2 ամսուայ աշխատավարձ ենք բռնագանձել, ինչպէս նաեւ չվճարման դիմաց կէտանց տոկոսները», Yerkir.am-ի հետ զրոյցում յայտնեց գրասենեակի իրաւախորհրդատու Աննա Մարտիրոսեանը:

ԱԻՊԳն խորհրդատուութիւն է տրամադրում ե՛ւ հեռախօսազանգերի, ե՛ւ այցերի միջոցով: Ձեր աշխատանքային իրաւունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի եւ այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատուութիւն եւ փաստաբանական ծառայութիւններ ստանալու համար կարող էք զանգահարել գրասենեակ՝ 010 42 67 41, 096 99 66 04 հեռախօսահամարներով կամ պարզապէս այցելել Շէնգաւիթ, Մանանդեան 20»:

Հայաստանի մէջ ոչ մէկ աշխատաւորի իրաւունք պէտք է ոտնակախուի: Ոեւէ աշխատաւոր անպաշտպան պէտք չէ զգայ: