Կանանց Նուիրուած Բանաստեղծական ու Արձակ Հատուածներ

Այլեւայլ

*Կանացի հոգեբանութիւնը իմ մեծագոյն զուարճալիքս է,

անծանօթ, անմատչելի բեւեռն է ան, որ Հիւսիսինէն ալ աւելի յամառութեամբ կը պահէ իր թաքուն հրաշալիքները…

կնոջական հոգւոյն ամէն առեղծուածները լուծողի հովեր կ՝առնեմ։ (Գրիգոր Զոհրապ)

 

*Ափ մը ցորեան ծոցերուդ մէջ թող որ ցանեմ, հա՛րսըս աղուոր,

Հարսըս աղուոր, սէ՜րս հեռաւոր. Թող անկողնիդ ակոսին մէջ

Հասկ մը ծըլի՝ լըման շարքով, եւ օրօրած օրօցքիդ մէջ

Արշալոյսնե՜ր նընջեն փառքով, ու երբ կըթես քառսուն երինջ

Դոյլերուդ մէջ մակըրդի կաթը՝ արծաթ, դալն՝ ոսկի։ (Դանիէլ Վարուժան)

 

*Երնեկ էսպէս` անվերջ քեզ հետ` իմ կեանքի հետ լինէի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինէի.
Բայց ո՜վ կը տայ էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալուէի, ծաւալուէի, ամէնքի հետ լինէի…  (Յովհ. Թումանեան)

 

*Բըլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝
Թըռչում է, թըռչում, ամպերում կորչում
Եւ իր Արարչի տեսածն ասելիս
Փա՜ռք քեզ, Տէր Աստուած, փա՜ռք քեզ է կանչում։ (Գէորգ Միրիմանեան)

 

*Սիրոյ յուշեր լուսաւէտ, դողդոջուն ու ցնծագին,
Արագօրէն կը ծագին հըպարտ կ’անցնիմ երբ քովէդ:
Ըզգացում մը բիւրեղէ, ծիածանի երանգով,
Ցաւոտ հոգւոյս մութին քով լոյս ակօսներ կը պեղէ: (Միսաք Մեծարենց)

 

*Լսէ՛ ինծի Հրաշքի՛ Վարդ, ոսկի ոտքով աստուածուհի,
Գիշերային սպիտակ Հարս եւ Տարփուհիդ Արեգական
Եւ լուսամարմին մերկութիւն Արամազդեան Առագաստի,
Արեւն իր մէկ ճառագայթով թո՛ղ քու բագինդ դարձեալ վառէ…։ (Սիամանթօ)

 

*Ով հայուհի,
Ո՜վ ալեկոծ մերկութիւն…
Դո՛ւրս եկ խուցէդ եւ միգամած խորհուրդէդ,
Երթա՜նք դաշտերը ազատ,
Եւ ծծենք սիրտը ծաղկին։
Եկո՛ւր, երթանք դէպի պարտէզը ծաղկած՝
Մենք հոն ըմպենք ժպիտները գարունին։ (Վահան Թոթովենց)

 

*Մոլորուել էր գիշերն աչքերիդ մէջ խորին,
Դողում էր քո կրծքին ծանր մի ծամ,
Դու նրբիրան էիր, որպէս բարակ լորին,
Թեթեւ էիր որպէս սարի այծեամ:

*Եկար ու թեւ տուիր դու իմ ներշնչանքին,
Սրտիս երազ տուիր, երգիս՝ ոգի,
Այնպէս նման էիր դու իմ անրջանքին,
Այնպէս նման չէիր դու ոչ ոքի:  (Վահագն Դաւթեան)

 

*Երազիս մէջ ծովը տեսայ,
Ծովը լազո՛ւր ու անդո՛րր,
Մենակ, մենակ, ափի վրայ
Ընկած էի վիրաւոր …
Ծովն էր հեւում մեղմ ու թալուկ`
Մտորմունքի մէջ անծայր;
Եւ խոստում էր վէրքըս խորունկ,
Իսկ ես` անյոյս, ես` անչար:
Եւ հոգուս մէջ մի ձայն ծորեց,
Մի ձայն` քնքուշ, սուրբ սրտից. –
Ա˜խ, այն մայրս էր, կանչում էր ինձ
Հայրենիքիս ափերից … (Աւետիք Իսահակեան)

 

*Էրեսըդ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ` գիղի պէս.
Մեռնողը քիզմէն կու առնէ անմահական դիղ` դիղի պէս.
Յիփ տիղեմեդ ժաժ իս գալի, շըխկշըխկում իս ջիղ` ջիղի պէս`
Ի՜նչ կոնիմ սանթուր քեամանչէն, զուգսըդ չոնգուր չանգ իս անում: (Սայաթ Նովա)

 

*Ե´ւ, ե´կ դու ի քո տանէն,
զինչ ելնէ արեւն ի մօրէն,
Ծագէ լոյս ի քո ծոցէդ,
զինչ գարնան կայծակն ի յամխէն.
Շատ երէց ու աբեղայ
իջուցեր քո սէրն ի բեմէն.
զիս այլ սիրու տէր արիր,
ու հանիր իմ հօրն ի տանէն: (Նահապետ Քուչակ)

 

*Ախ լուսին լուսին ուզում եմ քեզ գրկել,

քեզ տանել լուսին ու մօրս նուիրել։

Լուսինը լսեց ու կորաւ յանկարծ,

մնացի միայնակ գիշերում կախարդուած։

Իսկ երբ արթնացայ ես տեսայ յանկարծ,

որ լուսինը կորած իմ գրկում է քնած։ (Էդգար Էլպագեան)

 

*Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես
Եւ աշխարհի չյայտնեմ, թէ քեզ ինչպէս սիրեցի․․․
Երկու վանկերը անոր կը զրուցեմ գաղտնապէս,
Եւ այն ամբողջ կը թըւի սիրոյ մատեան մը ինծի․․․
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես․․․։ (Վահան Թէքէեան)

 

*Քո սուրբ սէրը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

 

*Սարի շողէն, ամպի քօղէն՝
Մենաւորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռքին մի բոյս՝ կանաչ ու կոյս՝
Խորհրդաւոր ձորէն քաղել ու բերել։ (Կոմիտաս)

 

*Անյայտ հեռուներից եկած՝ մենակ, անընկեր, անտուն՝
Վառուած քո անուշ կրակից՝ նում եմ ես հիմա հեռու,
Նում եմ երգելով, զնգալով, սրտիս մէջ՝ քո դէմքը լուսէ.
Զգում եմ՝ խնդութիւն է գալու՝ մի նոր երազանք ու սէր:
Ուզում եմ չլինել, ցնդել, փռուել աշխարհովը մէկ –
Դու սիրտս հրկիզել ես արդէն, քեզ չեմ մոռանայ ես երբե՛ք: (Ե. Չարենց)