Հերոստրատի Արշաւանքն Ազգային Մշակոյթի Դաշտում

Յօդուածներ – Զրոյցներ

Լիլիթ Գալստեան

Մշակոյթի նախարարութիւնից նորութիւններն արդէն դադարել են անուրախ կամ տագնապալի լինելուց, դրանք իրենց մարտնչող տգիտութեամբ այլեւս հակազգային են ու հակապետական։ Լրահոսի յանկարծահաս բացայայտումից պարզւում է, որ ՀՀ մշակոյթի նախարարութեան կողմից լուծարման ենթակայ կազմակերպութիւնների ցանկում է յայտնուել նաեւ Սօս Սարգսեանի անուան Համազգային պետական թատրոնը։

Նախարարի պաշտօնակատար Նազէնի Դարբինեանը՝«Առաւօտին» տուած հարցազրոյցում, ոչ միայն չհերքեց լուրը, այլեւ իր մեկնաբանութիւններով հաստատեց, որ մեր երկրի համար այդ ռազմավարական ոլորտը յայտնուել է մշակոյթից ու նրա կառավարման ունակութիւններից հազարաւոր մղոններով հեռու, ոլորտը փորձութիւնների ու ցնցումների տանելու պատրաստ պատահական ու արկածախնդիր կառավարիչների տիրոյթում։

Փորձելով հիմնաւորել Համազգայինի թատրոնի լուծարման որոշումը՝ նախարարի պաշտօնակատարը այսպիսի մերկապարանոց հիմնաւորում է ներկայացնում՝ «թատրոնը որեւէ ժանրային առանձնայատկութիւն չունի, բացի նրանից, որ Սօս Սարգսեանի կողմից է հիմնադրուած»։ ժանրային առանձնայատկութիւնը հիմնադրումից չզանազանող, ոլորտի թիւ մէկ պաշտօնեան աւելի է խճճւում, համոզուած յայտարարելով, որ Համազգայինը ուսանողական թատրոն է եւ « հիմնուել է Սօս Սարգսեանի կուրսի հիմքի վրայ»։

Այ, այսպէս՝ անտեղեակ, չփաստարկուած, բայց կարեւորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս ու որոշումներ կայացնում՝ չիմանալով կամ զլանալով ճշտել, որ Համազգայինի թատրոնի հիմնադիր կազմում են եղել ու տարիներ շարունակ այնտեղ ստեղծագործել թատրոնի երախտաւորներ Շահում Ղազարեանը, Գալեայ Նովենցը, Կարէն Ջանիբեկեանը, Նիկոլայ Ծատուրեանը, Մայիս Կարագեօզեանը, Աննա Էլբակեանը, Տիգրան Ներսիսեանը, Կարինէ Ջանջուղազեանը, Նելլի Խէրանեանը, Հրաչիկ Գասպարեանը,Դաւիթ Յակոբեանը․․․

Չիմանալն ինքնին ամօթ չէ, բայց ոչ այս պարագայում։ Եթէ տիկին Նազէնին մի քիչ լուրջ վերաբերուէր իր պաշտօնին, աւելի ճիշտ մշակոյթին՝ Համազգային պետական թատրոնի մասին մի տեղեկանք կը պահանջէր իր աշխատակազմից ու կ’իմանար այս, նաեւ այն մասին, որ թատրոնը միջազգային փառատօներից բազմաթիւ Գրան պրիներ է բերել Հայաստան, կ’իմանար, որ «Արտաւազդի» ոչ մի մրցանակաբաշխութիւնից Համազգայինն անմասն չի մնացել, կ’իմանար, որ Համազգայինի թատերախումբը մշտապէս Արցախի ու հայ զինուորի կողքին է եղել, կ’իմանար, թէ այն որքան փնտրուած է Սփիւռքում։

Եթէ տիկին Նազէնին անկեղծ ցանկութիւն ունենար ճանաչել թատրոնը, ժամանակ կը գտնէր ներկայ լինելու վերջին ութ ամիսներին թատրոնում տեղի ունեցած չորս պրեմիերաներից գոնէ մէկին։
Ի վերջոյ, եթէ անգամ Համազգայինը դրամատիկական թատրոն է, ի՞նչ է, ձեր դիլետանտական կարծիքով Հայաստանում որեւէ թատրոնի գոյութեան իրաւունքը պայմանաւորուած է սոսկ ժանրային առանձնայատկութեամբ, այն էլ՝ մէկը լինելու սահմանափակութեամբ, եւ երկրորդ, երրորդ թատրոն ունենալը շքեղութիւն է՞։ Ինչու՞ էք ձեզ բարոյական իրաւունք վերապահել, որոշել ինքնիրաւչութեամբ քանդել մեր հանրապետութիւնում կայացած, վաստակ ու աւանդոյթ ունեցող մշակութային օջախ, այոյ, մի օջախ, որի հիմնադիրը ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ ազգային երեւոյթն է։

Ի դէպ, հեռաւոր 1991-ին, երբ Սօսն ու Համազգային մշակութային միութիւնը հիմնադրում էին թատրոնը՝ համոզումը մէկն էր․ պատերազմի, աղքատութեան եւ խաւարի մէջ ապրող հայ մարդուն հոգեւոր յենարան էր պէտք, պատերազմն յաղթելու ոգի։ Մենք, Սօսը, գաղափարը յաղթեց․ պետութիւնը գնահատեց արժէքն ու իր հովանու տակ վերցրեց։ Դա էր պետութեան ազնիւ եւ իմաստուն ճանապարհը դէպի մշակոյթը, դէպի թատրոնը։

Դադարեցրէք ձեր՝ հերոստրատական արշաւանքն ազգային մշակոյթի դաշտում։

Ես ձեզ ՍՕՍԻ խօսքով եմ պատասխանում, եթէ թատրոնը ձեզ համար սոսկ տարածք է՝ ՊՈԱԿ, ապա մեզ համար՝ Հայաստանի, հայրենիքի հոգեւոր սահման։

2. 26. 2019