Արցախեան Ողբերգական Պատերազմից Տարիներ Անց Տակաւին Մտահոգութիւնները Չեն Լքեր Մեր Սրտերը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնին առիթով.
«Նախընտրենք բարին ընդդէմ չարիքի, հաշտութիւնն ընդդէմ խառնակչութեան, ազնուութիւնը՝ ընդդէմ կեղծիքների ու խարդաւանքների, փոխադարձ յարգանքը՝ ընդդէմ անպատուութեան ու նենգադաւութեան։
Արցախեան ողբերգական պատերազմից տարիներ անց տակաւին մտահոգութիւնները չեն լքում մեր սրտերը։ Մեր ժողովուրդը լաւագոյնս գիտի արժէքը խաղաղութեան ու անվտանգութեան, որի համար ազգիս զաւակները վճարել են իրենց կեանքով։ Դեռ թարմ են մեր վերքերը, որոնց ցաւն այսօր աւելի է խորանում արցախահայութեան իրաւունքների ոտնահարումով, պատանդառուած մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։
Ցաւը խորանում է, երբ շարունակւում է սերմանուել պառակտումի որոմը, երբ անտեսւում ու խեղաթիւրւում են նուիրական արժէքները, երբ գործադրւում է կամայական ու ընտրովի արդարադատութիւն, եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանութիւնների կողմից բռնաճնշումներ են իրականացւում եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզօր եւ աներեր։
Մինչեւ չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթօնք ու ծաղկում, առաջադիմութիւն ու բարօրութիւն անձնական ու հասարակական կեանքում։
Գերադասենք սէրը, համերաշխութիւնը, միասնութիւնը, որպէսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր յառնել մեզ պատուհասած նեղութիւններից ու դժուարութիւններից, ամրապնդել մեր պետականութիւնը եւ կերտել ազգի առաջընթացն ու բարգաւաճումը։ Միշտ հաւատարիմ մնանք յարուցեալ մեր Տիրոջը»։
