ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի Յայտարարութիւնը

Հայաստան

Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրաւական համակարգի շուրջ ծաւալուող իրադարձութիւններին, մեր մտահոգութիւնն էինք յայտնել քաղաքական իշխանութեան կողմից դատարանների եւ դատաւորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթոյլատրելիութեան վերաբերեալ:

Ազգային ժողովի նախագահի արտահերթ ելոյթ-կոչը եւ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցութեան ղեկավարի յայտարարութիւնը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգութիւնը, այլեւ ամրագրելու այն իրողութիւնը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանութիւն հաստատելու եւ սահմանադրական կարգի տապալման ուղին:

Հանրային պահանջի անուան տակ, իսկ իրականում առաջնորդուելով սեփական շահերով՝ պետութեան ինստիտուցիոնալ (կառուցային-Խմբ.) հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականութիւնն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարութեան հետ:

Դատական համակարգի իւրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրաւական համակարգի բարեփոխումների հետ:

Դաշնակցութիւնը, լինելով հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականութեանը սպառնացող ներկայ ընթացքը գնահատում է խիստ վտանգաւոր:

Իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր ճիւղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը եւ զերծ մնալ հակապետական գործողութիւններից:

Կոչ ենք անում դատաւորներին՝ հաւատարիմ մնալ սահմանադրութեամբ իրենց վերապահուած արդարադատութիւն իրականացնելու առաքելութեանը:

Երկրի ապագայի համար յանձնառու քաղաքական ուժերին եւ հանրութեանը կոչ ենք անում համախմբուել իրական ազգային օրակարգերի շուրջ:

Համարժէք քայլերով եւ գործողութիւններով հակազդելու ենք իշխանութիւնների բոլոր այն ծրագրերին, որոնք խաթարելու են երկրում սահմանադրական նորմերի ամբողջականութիւնը եւ ներհասարակական կայունութիւնն ու զարգացումը:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ