Դադիվանքէն Դուրս Հանուած Խաչքարերուն եւ Որմնանկարներուն Վերաբերեալ Տեղեկութիւնները Ներառուած են INTERPOL-ի՝ «Գողցուած Արուեստի Գործեր» Տուեալներուն Մէջ

Աշխարհ, Հայաստան

Սերգեյ Շահվերդեան կը գրէ.

«ազրպէյճանը յայտարարել է, որ հասել է նրան, որ Դադիվանքից դուրս բերուած խաչքարերի եւ որմնանկարների վերաբերեալ տեղեկութիւնները ներառուեն INTERPOL-ի «Stolen Works of Art»՝ «Գողացուած արուեստի գործեր» տուեալների պազայում։

Եթէ ազրպէյճանն իսկապէս օգտագործում է INTERPOL-ի հնարաւորութիւնները՝ Դադիվանքից դուրս բերուած խաչքարերի եւ որմնանկարների միջազգային որոնում իրականացնելու համար, ապա ժամանակն է, որ Հայաստանը պատասխանի դրան։

Թէեւ պատասխանելու ժամանակը վաղուց էր եկել։

Քանի՞ յայտարարութիւն դեռ պէտք է հնչի պաքուից, քանի՞ յուշարձան պէտք է վերանուանուի, իւրացուի կամ աշխարհին ներկայացուի որպէս բոլորովին այլ պատմութեան մաս, որպէսզի Հայաստանի իշխանութիւնը վերջապէս ուշացած եւ թոյլ արձագանգներից անցնի Արցախի մշակութային ժառանգութեան համակարգուած պաշտպանութեանը։

Ի՞նչ է անհրաժեշտ անել։

Առաջին։ Վերակազմաւորել ազրպէյճանի վերահսկողութեան տակ անցած Արցախի շուրջ 30 թանգարանների եւ պատկերասրահների կատալոգները։

Վերականգնել հաւաքածուների ամբողջական կազմը, գոյքագրման համարները, լուսանկարները, նկարագրութիւնները, հեղինակային պատկանելութիւնը, թուագրումը եւ իւրաքանչիւր առարկայի ծագման վերաբերեալ տուեալները։

Սա աշխատանք է, որը չի կարելի եւս մէկ տարի յետաձգել։

Երկրորդ։ Ստեղծել Արցախում մնացած մոնումենթալ արուեստի յուշարձանների միասնական կատալոգ։

Քանդակները, յուշակոթողները, բարձրաքանդակները, որմնանկարները, դեկորատիւ յօրինուածքները, խաչքարերը եւ այլ օպեէկտներ պէտք է ստանան հնարաւորինս ճշգրիտ նոյնականացում եւ փաստագրական նկարագրութիւն։

Սա պարզապէս գիտական աշխատանք չէ։

Սա մեր ժառանգութեան պաշտպանութեան ապացուցողական պազան է։

INTERPOL-ն ինքը պետութիւններին խորհուրդ է տալիս ստեղծել ազգային տուեալների պազաներ եւ իրականացնել մշակութային հաւաքածուների գոյքագրում՝ լուսանկարներով եւ ճշգրիտ նկարագրութիւններով։

Երրորդ։ INTERPOL-ին ներկայացնել համարժէք՝ «հայելային» դիմում։

Եթէ ազրպէյճանը որոշակի օպեէկտներ ներկայացնում է որպէս «գողացուած», հայկական կողմը պարտաւոր է միջազգային իրաւապահ կառոյցներին ներկայացնել Արցախի մշակութային արժէքների վերաբերեալ սեփական փաստագրուած տեղեկութիւնները՝ դրանց ծագման, մինչեւ 2020 թուականը գոյութեան եւ վիճակի, տեղաշարժի, ոչնչացման, վնասման, ինչպէս նաեւ դրանց իւրացման եւ պատմական ինքնութեան փոփոխութեան փորձերի մասին։

Միեւնոյն ժամանակ կարեւոր է հասկանալ, որ INTERPOL-ի տուեալների պազայում գրանցուած տեղեկութիւնն ինքնին սեփականութեան իրաւունքի վերաբերեալ դատական որոշում չէ։ INTERPOL-ը նշում է, որ տուեալների պազայում տեղեկութիւնները տրամադրում են լիազօրուած աղբիւրները, որոնք պատասխանատու են դրանց ճշգրտութեան եւ արդիականութեան համար։

Չորրորդ։ Օգտագործել արդէն գոյութիւն ունեցող միջազգային իրաւական բոլոր գործիքները՝ միջազգային դատական ատեանների որոշումները, խորհրդարանների բանաձեւերը եւ միջազգային կազմակերպութիւնների այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը։

Բայց կրկին հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս ամէնը կրկին ու կրկին՝ արդէն երեք տարի շարունակ, պէտք է առաջարկել պետութեանը։

Նման զարգացումների մասին նախազգուշացումը վաղուց էր հնչել։

Արցախի մշակոյթի ինը նախարարների վերջերս հրապարակուած բաց նամակում բարձրացուել էր Արցախի մշակութային ժառանգութեան փաստագրման եւ միջազգային պաշտպանութեան անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ նոյն INTERPOL-ին համապատասխան դիմում ներկայացնելու հարցը։

Այսօր մենք տեսնում ենք, թէ որքան ժամանակին էր այդ նախազգուշացումը։

Բայց սայլը տեղից չի շարժուել։

Որտե՞ղ է այսօր այդ համակարգուած պետական աշխատանքը։

Մինչ օրս չկայ Արցախի մշակութային ժառանգութեան լիարժէք միասնական ռեգիստր, որը կարող էր հիմք դառնալ միջազգային պաշտպանութեան համար։ Չի աւարտուել թանգարանների եւ պատկերասրահների կատալոգների վերականգնումը։ Չի ձեւաւորուել Արցախի տարածքում գտնուող մոնումենթալ արուեստի յուշարձանների վերաբերեալ փաստագրական պազա։

Անհրաժեշտ է նաեւ մշտական, մասնագիտական աշխատանք կազմակերպել INTERPOL-ի, UNESCO-ի, ICOM-ի եւ այլ ոլորտային միջազգային կառոյցների հետ՝ ոչ թէ որպէս ազրպէյճանի հերթական յայտարարութեանը տրուող արձագանգ, այլ որպէս մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հետեւողական պետական քաղաքականութիւն։

Միեւնոյն ժամանակ այս աշխատանքների զգալի մասը շարունակում են կատարել մասնագիտացուած հասարակական կազմակերպութիւններն ու առանձին մասնագէտները՝ յաճախ առանց պետական աջակցութեան եւ համակարգման։

Մշակութային ժառանգութիւնը հնարաւոր չէ պաշտպանել այն ժամանակ, երբ այն արդէն թղթի վրայ իւրացրել են։

Չի կարելի տարիներ շարունակ լռել, իսկ յետոյ վրդովուել, երբ պատմութեան օտար տարբերակը յայտնւում է միջազգային տուեալների պազաներում եւ փաստաթղթերում։

Մշակոյթը միայն այն յուշարձանը չէ, որը կարելի է լուսանկարել։

Դա նաեւ կատալոգ է, գոյքագրման համար, արխիւային լուսանկար, գիտական նկարագրութիւն, արձանագրութիւն, աշխարհագրական կոորդինատներ, հեղինակային պատկանելութիւն, թուագրում եւ փաստաթղթերով հաստատուած ծագում։

Եթէ պետութիւնը չի ստեղծում այս ապացուցողական համակարգը, ապա այն փաստացի տարածք է թողնում նրանց համար, ովքեր պատրաստ են այդ համակարգը ստեղծել իր փոխարէն՝ պատմութեան սեփական տարբերակով։

Ուստի այսօր հարցը միայն Դադիվանքին չի վերաբերում։

Սա Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան համար Հայաստանի պետութեան պատասխանատուութեան հարցն է։

Եւ այդ պատասխանատուութիւնը այսօր չի սկսուել։ Այն պէտք էր իրականացնել վաղուց։

Բայց չէ՞ որ մենք ձգտում ենք խաղաղութեան…

Թէ՞ խաղաղութիւնն արդէն հաստատուել է, ինչպէս հիմա սիրում են մեզ ասել»։