Դաւիթ Մանուկեան պաքուի Բանտէն Հրապարակային Կոչ Ուղղեց Նիկոլ Փաշինեանին
Արցախի Պաշտպանութեան բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեան, որ շուրջ երեք տարիէ ի վեր կը պահուի ազրպէյճանի բանտերէն մէկուն մէջ, հրապարակային կոչ ուղղած է Նիկոլ Փաշինեանին՝ պահանջելով յստակ դիրքորոշում ներկայացնել պաքուի կողմէ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ առաջադրուած մեղադրանքներուն վերաբերեալ։
«Յարգելի հայրենակիցներ, յոյսով եմ՝ մասամբ տեղեակ էք, պաքուի վերաքննիչ դատարանում շարունակւում է Հայաստանի Հանրապետութեան 15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրայ դատական գործընթացը: Նշեմ, որ այդ դատական գործընթացն ուղղուած չէ միայն այս 15 հոգու դէմ, այլ հայ ժողովրդի անցեալի եւ ներկայի դէմ է, քանի որ, ըստ մեղադրանքի եւ դատավճիռի՝ այն սկսւում է անցեալ դարի սկզբներից:
Ի հարկէ՝ այս բոլոր շինծու եւ կեղծ առաջ քաշուած մեղադրանքների մասով ես եւ իմ գործընկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթոյլատրելով նուաստացնել մեր իրաւունքները, ինչպէս նաեւ հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան։
Այս պահին խօսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինեանին՝ մեզ առաջադրուած կեղծ մեղադրանքներից մէկով․ համաձայն այս երկրի քրէական օրէնսգրքի 100․1, 100․2 յօդուածների, ըստ որի՝ 2020 թուականի Սեպտեմբերին ագրեսիւ պատերազմի պլանաւորման (ծրագրաւորման), նախապատրաստման եւ վարման ձեւակերպումով, չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացոյցներին եւ փաստերին, դրանից բացի՝ այն տեղի է ունեցել միջազգային հանրութեան բաց տեսադաշտում։ Բայց եւ այնպէս, քանի որ դուք եղել էք Հայաստանի Հանրապետութեան այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ՝ գերագոյն հրամանատարը, եւ պատերազմի պլանաւորումը սկսում է հենց այդ օղակից, յորդորում եմ կոնկրետ (յստակ) այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանգելու դէպքում կը նշանակի, որ համաձայն էք կեղծ առաջ քաշուած մեղադրանքներին՝ դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլեւ ողջ հայ ժողովրդին:
Յուսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անուանումը չի կորել: Դրանից բացի, ակնկալում եմ իմանալ մեր այստեղ գտնուողների կարգավիճակը, ըստ Հայաստանի Հանրապետութեան պետական դիրքորոշման:
Ցաւալի է նաեւ, որ այստեղ գտնուողները չեն զգում Հայաստանի Հանրապետութեան շունչը․ բայց ինչ արած, իրականութիւնը սա է:
Ժամանակի սղութեան պատճառով ես այսքանը կը խօսեմ։
Առայժմ»։
