«Արմատախիլ Արուած Արցախ. Տեղահանութեան Հետեւանքները». «USC»-ի Հայագիտական Կենտրոնի Գիտաժողովը Բացառիկ Անդրադարձ Էր Արցախին

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

«ԱՍՊԱՐԷԶ»

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հարաւային Կալիֆորնիայի համալսարանում («Եու.Էս.Սի.»-USC) Նոյեմբերի 2-ին կայացաւ  «Արմատախիլ արուած Արցախ. տեղահանութեան հետեւանքները» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էր «Եու.Էս.Սի.» համալսարանի Հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնը: Ձեռնարկն աննախադէպ էր` Արցախին ու տեղահանման խնդրին բազմաթիւ տեսանկիւններից անդրադարձան  արցախցի, հայաստանցի ու ամերիկացի ճանաչուած գիտնականներ, փորձագէտներ, լրագրողներ ու արուեստագէտներ: Համալսարանի «Բովարդ Աուդիթորում»ում հաւաքուած շուրջ հազար հանդիսականների ներկայացուեց ունեզրկման եւ մշակոյթի ոչնչացման հայկական փորձը համաշխարհային զրոյցի շրջանակներում:

«Արցախի կորուստը եւ նրա բնիկ հայ բնակչութեան ցեղային զտումները հայոց ժամանակակից պատմութեան ամենաաղէտալի իրադարձութիւնն են: Մեր աչքի առաջ պղծւում, ոչնչացւում եւ ջնջւում է հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը: Ադրբեջանում հայ ռազմագերիները, քաղբանտարկեալներն ու քաղաքացիական գերիները անարդար կերպով ենթարկւում են խոշտանգումների եւ նուաստացուցիչ վերաբերմունքի: Աւելի քան 100,000 արցախցիների համար, ովքեր տեղահանուել են, պատերազմը չի աւարտուել, քանի որ նրանք ամէն օր գոյատեւման պատերազմի մէջ են: Աշխարհասփիւռ հայ ազգը դեռ հաւաքական հոգեցնցման (տրաւմայի) մէջ է` փորձելով ընկալել հայրենիքի կորստի եւ ժողովրդի ունեզրկման իրականութիւնը: Արցախի արմատախիլ արուելը շարունակում է վերափոխել հայոց աշխարհը, հայի հոգեվիճակն ու հայոց պատմութիւնը», բացման խօսքում նշեց ձեռնարկի կազմակերպիչ` «Եու.Էս.Սի.»ի Հայագիտութեան կենտրոնի տնօրէն դոկտոր Շուշան Կարապետեանը` նշելով, որ նման բնոյթի կենտրոնի համար պահի հրամայական էր համոզուած լինել, որ համաշխարհային առաւել տեսանելի համակարտութիւնների խորապատկերում Արցախի հարցը չի կորում:

«Ասպարէզ»ի հետ զրոյցում, Շուշան Կարապետեանը յաւելեց, որ նման միջոցառում անցկացնելու գաղափարը նաեւ առաջացաւ այն գիտակցումից, որ հայութեան կարեւոր համայնքներից մէկում` Լոս Անջելեսում, Արցախի հարցին ծաւալուն եւ բազմակողմանի անդրադարձ առանձնապէս չէր կատարուել, մարդիկ շարունակում են գտնուել ծանր հոգեբանական վիճակում:  «Պատերազմից եւ Արցախի կորստից յետոյ համայնքը կարծես չէր հաւաքուել` միասնաբար հասկանալու իրողութիւնը, եւ բացի տեղական փոքր գիտաժողովներից,  հարթակ չէր տրամադրուել Արցախին, ինչը նշանակում էր, որ կրկին անգամ արցախցիները ջնջւում են՝ հնարաւորութիւն չունենալով պատմելու իրենց տեղահանման, այդ աղէտին յաջորդած իրավիճակի մասին, ինչը ենթադրում է, որ այլ մակարդակներում նորից ջնջւում էին մերոնք, մենք: Այս ձեռնարկը փորձ էր լսելի դարձնելու արցախցիների ձայնը, պատմելու նրանց փորձառութիւնների մասին, միաժամանակ` առիթ էր, որ համայնքը համախմբուէր հարցի շուրջ՝ թէ՛լացելու, թէ՛ մտածելու եւ թէ յոյսով նորից լցուելու առ այն, որ ամէն ինչ կորած չէ», նշեց դոկտոր Կարապետեանը: 

Ձեռնարկի բացառիկութեանը բացման խօսքում անդրադարձաւ «Եու.Էս.Սի.» համալսարանի Գրական, Արուեստի եւ Գիտութիւնների բաժանմունքի ղեկավար Մուհամեդ Էլ-Նագգարը` ընդգծելով միջոցառման որակն ու Հայագիտութեան կենտրոնի դերը համալսարանում, թէ՛ որպէս հայագիտութեան առաջատար կենտրոն եւ թէ որպէս համաշխարհային հարցերի ուսումնասիրութեան եւ ներկայացման լաւագոյն հարթակներից: Խօսելով ձեռնարկի թեմայի մասին, նա անդրադարձաւ տեղահանութեան երկակի բնոյթին, երբ տարագրման տառապանքներն ու տխրութիւնը նաեւ իւրայատուկ հեռանկարներ են ընձեռում: «Երկու աշխարհների միջեւ» գոյատեւելով, տարագրուած մարդիկ քննադատաբար են դիտարկում իրենց սկզբնական եւ նոր հասարակութիւններին: Եւ այդ իրավիճակը տարօրինակ կերպով կարող է գրաւիչ թուալ, սակայն սարսափելի` զգալ ու երեւակայել այն: Բաժանուելով արմատներից` նշանակում է բաժանուել աւանդոյթներից եւ յիշողութիւններից, որոնք սահմանում են մեր եսը:

Գիտաժողովի յայտագրում յաջորդիւ Արցախեան հակամարտութեան մասին տեղեկատուական տեսանիւթն էր, ինչին հետեւեց Աշոտ Գաբրիէլեանի, Շուշան Քեշիշեանի եւ Նինա Շահվերդեանի` Արցախից իրենց տեղահանման եւ դրան յաջորդած մարտահրաւէրների մասին պատմութիւնները: Բանաստեղծ եւ պատկերային արուեստագէտ Կարէն Կարսլեանի «Արցախ» շարժական մինիմալիստական (նուազապաշտական) թերթաֆիլմը խորհրդանշական կերպով ներկայացումն էր ցեղային զտումն ու բռնագաղթը, ինչը մեկնաբանեց դոկտոր Լիլիթ Քէշիշեանը:

«Երկար ճանապարհ դէպի աղէտ», այսպէս էր կոչւում Հայաստանի Ամերիկեան համալսարանի «Թուրփանճեան» քաղաքական վերլուծութիւնների կենտրոնի տնօրէն, դոկտոր Ստեփան Աստուրեանի ելոյթը, որը երեսուն րոպէների ընթացքում ամփոփ անդրադարձ էր Արցախի վերջին շրջանի պատմութեանը` շարժումից մինչեւ հակամարտութեան կարգաւորման Հայաստանի կողմից իրականացուած քաղաքականութիւն: «Ստեփան Աստուրեանն արցախեան վերջին 30-40 տարուայ քաղաքականութեան ամենալաւ մասնագէտներից է: Ես նրան խնդրեցի ներկայացնել իրողութիւնն այնպէս ինչպէս կայ, եւ դոկտոր Աստուրեանը  ներկայացրեց հարցն առանց հայրենասիրական ելեւեջների` սառը, առարկայական վերլուծութեամբ, անդրադառնալով բոլոր վարչակազմերի գործունէութեանը, ձախողումներին, որոնք վերջնարդիւնքում յանգեցրեցին այսօրուայ իրավիճակին», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց Կարապետեանը:

«Միջսերնդային տոկունութիւնը հաւաքական հոգեցնցման շրջանում» խորագրով զեկոյցը երկարամեայ ուսումնասիրութեան ներկայացումն էր, որ իրականացրել էին քննարկման մասնակիցները՝ «Եու.Էս.Սի.» համալսարանից հոգեբանութեան պրոֆեսորներ դոկտոր Ֆրենկ Մենիսն ու դոկտոր Քլեյթոն Սթիւընսընը, «Եու.Սի.Էլ.Էյ»ից (UCLA) կլինիկական հոգեբան, դոկտոր Վալենտինա Օգարեանը, դոկտոր Շուշան Կարապետեանն ու հետազօտող Արման Ջրաղացպանեանը: Քննարկումը վարող Օգարեանը խօսեց հոգեցնցման մասին` նշելով,  որ չափազանց կարեւոր է խորապէս պատկերացնել այս երեւոյթը, որ ճնշումային (սթրեսային) ուժգին արձագանգներ եւ տեւական բացասական ազդեցութիւն է ունենում անհատի ֆիզիկական եւ հոգեկան աշխարհի վրայ, կենսագործունէութեան վրայ: Ջրաղացպանեանը պատմեց ուսումնասիրութիւնը նախաձեռնելու դրդապատճառների մասին, որոնցից մէկն էլ հայերին առնչուող հոգեբանական գրականութեան սահմանափակ քանակն էր, եւ դոկտոր Շուշան Կարապետեանի խորհրդով, տուեալ ուսումնասիրութիւնը նաեւ նշուած բացը  լրացնելու փորձ էր: Ի՞նչ ազդեցութիւն են ունեցել միջսերնդային եւ պատմական հոգեցնցումները Հայաստանի եւ Արցախի հայերի վրայ 2020 թուականի պատերազմի ժամանակ, ի՞նչ գործօններ են նպաստել այդ պայմաններում տոկունութեան դրսեւորմանը: Ուսումնասիրութեան ընթացքում կիրառուել է որոշակի հոգեբանական գործիքակազմ` որակական եւ քանակական մեթոդներ, որոնց ընթացքում տուեալների հաւաքագրումը  ներառել է նաեւ հարցազրոյցների անցկացում արցախահայերի եւ Հայաստանի բնակիչների հետ, մարդկանց օրագրերից նիւթերի կիրառում, եւ այլ դիտարկումներ: Արդիւնքները գիտահանրամատչելի եւ ամփոփ ներկայացնելիս, իրականացնողները որպէս հիմնական բացայայտում նշեցին, որ տոկունութեան ամենամեծ աղբիւր ուսումնասիրութեան մասնակիցները նշել են ընտանիքի եւ համայնքի դերը: Մի մասն էլ կարեւորել էր իմաստալից աշխատանք իրականացնելու պատասխանատուութեան ստանձնումը: Ծրագրի ուղերձներից կարելի էր համարել այն, որ անկախ հոգեցնցումներից, արցախահայերը վերակառուցել են, բարգաւաճել ու պահպանել են իրենց ազգային արժէքները` ընտանիքը, մշակոյթը եւ այլ: Ուսումնասիրութեան աւարտն էլ իւրայատուկ էր` քննարկման բանախօսները հայերէնով ու անգլերէնով ասմունքեցին բանաստեղծութիւն, որ կառուցուել էր մասնակիցների հարցազրոյցներից վերցուած պատառիկներով` նրանց խօսքերի հիման վրայ:

Միջոցառումը համեմուած էր նաեւ գրական գեղարուեստական ներկայացմամբ` բնագէտ-արուեստագէտ, «Եու.Էս.Սի.»ից դոկտոր Արուսեակ Գաբրիէլեանի եւ արուեստի ամերիկեան ճանաչուած` «Հայփերալերջիք»  ամսագրի հիմնադիր եւ խմբագիր Հրակ Վարդանեանի կողմից: Նրանց երկխօսութիւնը իւրատեսակ պատում էր գաղթի, նախնեաց իմաստութիւնների, հաւաքական ծէսերի, մշակութային համակեցութեան նոր ձեւերի մասին` հիւսուած Արցախի խորհրդաւոր Տնջրի ծառի տեսանկիւնից, որն ուղեկցուեց Րաֆֆի Վարդանեանի ուդի եւ Արմէն Ադամեանի դուդուկի նուագակցութեամբ:  Տնջրին, արցախեան բարբառով սօսի կամ չինարի ծառատեսակն է: Հնում, հայերի համար այս ծառատեսակը պաշտամունքի առարկայ է եղել իր իւրայատկութիւնների համար, այդ թւում՝ բուժական, եւ այս ծառի մասին բազմաթիւ վկայութիւններ կան, այդ թւում` Մովսէս Խորենացու վկայութիւններում: Յատկանշական է, որ հայոց աշխարհում ամենահին տնջրին, որ աւելի քան 2040 տարուայ պատմութիւն ունի, գտնւում է Արցախի Սխտորաշէն գիւղում, եւ արցախցիների համար եղել է ուխտատեղի: Ներկայացման հեղինակներն անդրադարձան ծառի էութեանն ու գաղափարին` այն համադրելով հայկական ինքնութեանն ու պատմութեանը:

Հրակ Վարդանեան.«Արդեօք արմատները կարելի՞ է խլել, դա հնարաւո՞ր է: Այս ամէնն ինձ յիշեցնում է մի հայեցակարգ, որին դուք նախկինում անդրադարձել էք, այն մասին, որ մանրէները, որոնք կրում ենք, սերմանուել են վաղուց:

Արուսեակ Գաբրիէլեան. «Այո՛: Յատկանշականն այն է, որ մեզանից իւրաքանչիւրի մէջ մենք կրում ենք մանրէներ, որի մեծ մասը յայտնաբերուել է նաեւ հողում: Եւ ամէն անգամ, երբ մենք հողը փորում ենք, այդ մասնիկները մտնում են մեր մարմնի մէջ:  Եւ դրանք անցողիկ չեն, դրանք փոխանցւում են ծննդաբերութեան միջոցով: Մեր աղիքներում, ասում են, կրում ենք նախնիների մանրէներից, ինչն ապացոյց է, որ արմատները ոչ միայն ապրում են գետնի տակ, բայց նաեւ մեր ներսում, մեր մարմնի լանդշաֆտներում (դաշտանկարի մէջ): Եւ գուցէ, եթէ մենք ճանաչենք հողը որպէս նախահայր եւ ժառանգութիւն, մենք կարող ենք այլ կերպ հոգ տանել դրա մասին»:

Նման երկխօսութեամբ կառուցուած խորհրդաւոր եւ բացառիկ այս ներկայացումը կարծես միջոցառման հոգին արտացոլեց` անտեսանելի կապ ստեղծելով արմատների հետ:

Յաջորդիւ, «Եու.Էս.Սի.»ի հաղորդակցութեան եւ լրագրութեան բաժնի շրջանաւարտ, կինոարտադրող Բալին Շնայդերի «Իմ Սիրելի Արցախ» կարճամետրաժ շարժապատկերն Արցախից տեղահանուած դեռահասի պատմութիւն էր, ով փորձում էր իր տեղը գտնել Հայաստանում` աներեւակայելի կարօտը սրտում: Ֆիլմը նախապատմութիւն ունէր, ինչի մասին «Ասպարէզ»ին պատմեց Շուշան Կարապետեանը: «Անցեալ տարի, արցախցիների բռնի տեղահանման օրերին, երբ համալսարանում բանախօսութեամբ հանդէս էր գալիս Թուրքիայի դեսպանը, եւ այդ առիթով հայ ուսանողները բողոքի ցոյցեր էին անցկացնում, մեր կենտրոն այցելեց լրագրութեան բաժնի ուսանողներից մէկը, ում հետաքրքրել էր, թէ ինչ է տեղի ունենում եւ ինչու: Իրողութեանը ծանօթանալուց յետոյ, Բալին Շնայդերը, համալսարանի նախաձեռնութիւնը դատապարտող յօդուածներով միացաւ մեր բողոքի ալիքին: Սակայն նա չբաւարարուեց այդքանով, եւ ցանկութիւն յայտնեց իր թէզի համար տեղահանուած արցախցիների մասին ֆիլմ նկարահանել, եւ դիմեց մեզ` օգնելու կազմակերպել նրա Հայաստան այցն ու նկարահանումները: Մեր կենտրոնի աջակցութեամբ Շնայդերը մեկնեց Հայաստան` վերադառնալով արտադրանքով, ֆիլմ, որն առաջին անգամ ներկայացուեց գիտաժողովի ժամանակ», պատմեց դոկտոր Կարապետեանը:

1 of 12-+

Իրականութիւնը պէտք է հնարաւորինս ներկայացուի պատմութիւնների միջոցով, եւ յատկապէս բռնի ունեզրկման ենթարկուած մարդկանց մասին, իր խօսքում նշեց Փուլիթցերեան մրցանակի դափնեկիր վիպասան, «Եու.Էս.Սի.»ի անգլերէնի բաժնի ղեկավար, ծագումով վիետնամցի դոկտոր Վիետ Թան Նգուէնը` բեմադրիչ Էրիկ Նազարեանի հետ զրոյցում:  «Դիմադրութիւն` պատմութիւնների (narrative) միջոցով» թեմայով քննարկման ժամանակ Թան Նգուէնը յատկապէս կարեւորեց այն պայմանների վերացման անհրաժեշտութիւնը, որոնք որոշ խմբերի զրկում են ձայնի իրաւունքից:

Դոկտոր Սիմոն Մաղաքեանն իր ելոյթում խօսեց իրաւունքների եւ պարտականութիւնների մասին` հետաքննական հետազօտութեան պատկերաւոր  ներկայացման միջոցով առաջադրելով, թէ ինչպէս կարելի է վերադարձնել կառավարումը` հնագոյն մշակութային ժառանգութեան ոչնչացմանն ի պատասխան:

Դոկտոր Շուշան Կարապետեանն այնուհետեւ վարեց քննարկում լեզուաբան Հրաչ Մարտիրոսեանի եւ արցախցի լրագրող Լիկա Զաքարեանի հետ` նուիրուած արցախեան բարբառի դերին: «Մեր յատուկ հիւրերը խօսեցին հայոց լեզուի, մասնաւորապէս արցախեան բարբառների կենսական դերի մասին` Արցախում հայկական պատմական ներկայութեան փաստն ամրապնդելու, ինչպէս նաեւ` ունեզրկուած արցախցիների պատմութիւններն ու փորձառութիւնները արցախեան բարբառով վաւերագրելու առումով: Հրաչ Մարտիրոսեանը, ով արցախեան բարբառների վերաբերեալ գիրք է գրում, պատմական հայեացքով ապացուցում է հայերի ներկայութիւնն Արցախում հէնց բարբառի միջոցով, այսինքն` կարող են ոչնչացնել եկեղեցիները, կոթողները, ջնջել նիւթական վկայութիւնները, բայց  բարբառները կենդանի են: Լիկա Զաքարեանն էլ տարբեր միջոցներով, այդ թւում` փոդքաստի, փորձում է կենդանի պահել բարբառը», բանախօսների գործունէութեան մասին պատմեց Կարապետեանը: Գիտաժողովի ընթացքում քննարկման ժամանակ Զաքարեանը խօսեց Հայաստանում արցախեան բարբառի նկատմամբ առկայ որոշակի կարծրատիպերի մասին, մասնաւորապէս առ այն, թէ բարբառում բազմաթիւ փոխառութիւններ կան թուրքերէնից ու ռուսերէնից, եւ այդ հանգամանքը պատճառ է դառնում, որ արցախցիներն ամաչեն խօսել իրենց բարբառով: «Սակայն, Մարտիրոսեանն այնպիսի օրինակներ է բերում, որոնք անհերքելիօրէն ապացուցում են, որ օրինակ, արցախեան բարբառները պահում են մեր գրաբարեան տարբերակը, մինչ երեւանեան, արարատեան բարբառը ընդհանրապէս չի պահպանել այն», նշեց Կարապետեանը: Լիկա Զաքարեանի` արցախեան բարբառի պահպանմանն ուղղուած փոդքաստն, ըստ հեղինակի մի քանի նպատակ ունի, այդ թւում` ստեղծել բովանդակութիւն բարբառով` թէ՛ արցախցիների համար, որ  լսեն ու չմոռանան, եւ հայաստանցիների, որ ընտելանան: Լրագրողը համոզուած է, որ պէտք է մանկուց բարբառին տիրապետել, եւ դա միակ ձեւն է, որ այն գոյատեւի:

«Թուրքական գործօնը (կրկին). Փորձառութիւններ եւ արձագանգներ» թեմայով  զրոյցի ընթացքում, հանդիսավար Մանուկ Աւետիկեանն ու Հրակ Փափազեանն  արծարծեցին թուրքական գործօնի դերն արցախեան պատերազմի եւ դրա հետեւանքների հարցում, եւ հայ հասարակութեան վրայ դրա ազդեցութիւնը:

Յաջորդիւ ցուցադրուեցին հատուածներ Էմիլի Մկրտիչեանի «Կար, Չկար»  եւ Ալեքսիս Փազումեանի` «Սեւ Այգի» շարժապատկերներից, ինչին հետեւեց` «Անտեսուած Հակամարտութեան Փաստագրում» խորագրով  քննարկումը  ֆիլմարտադրողների հետ:

Արցախի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանն էլ հանդէս եկաւ «Ինչպէ՞ս կարող ենք դադարեցնել «այլեւս երբեք» երեւոյթի ձախողումը», խորագրով ելոյթով` անդրադառնալով ձախողումներին, բարձրաձայնելով ներկայի մարտահրաւէրների մասին ու առաջարկելով խնդիրների լուծման ուղղութեամբ նոր մօտեցումներ: Միջոցառման աւարտը խորհրդանշական կերպով կատարեց  արցախցի ճանաչուած երգիչ Լէօկան` «Ես Դեռ Այստեղ Եմ» երգով: Նրան ներկայացրեց  «Եու.Էս.Սի.»ի արուեստի բաժնի ղեկավարներից, մրցանակակիր մշակութային պատմաբան եւ քննադատ, «Մքարթուր Ֆելոշիփ»ի դափնեկիր Ջաշ Կունը` ընդգծելով ձայնի ուժը տեղահանուած համայնքների համար:

Միջոցառմանը զեկոյցներով հանդէս եկան նաեւ Հաննա Գերին եւ Սթիւ Սուերդլոն` «Հակամարտութեան գօտուց մինչեւ համալսարան. մարդու իրաւունքներ» թեմայով,  դոկտոր Սեպուհ Ասլանեանն ու դոկտոր Արտեոմ Տօնոյեանը, Արա Օշականն ու Միշլին Ահարոնեան Մարկոմը ծանօթացրեցին արցախցիների վկայութիւնների հիման վրայ ստեղծուող իրենց ֆիլմի մանրամասներին, ներկայացուեց Ալեքսիս Փազումեանի լուսանկարների ցուցադրութիւնը, եւ փակման խօսքով հանդէս եկաւ «Եու.Էս.Սի.»ի Ընկերային գիտութեան բաժնի դեկան դոկտոր Վիլեամ Դեւերելը:

Միջոցառման յատկանշական պահերից էր նաեւ արցախեան խոհանոցին անդրադարձը. Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի բակում հարիւրաւոր այցելուներ առիթ ունեցան ծանօթանալու արցախեան խոհանոցի ամենախոհրդանշական ուտեստի` ժենգեալով հացի պատրաստմանն ու ճաշակելու այն: Այս առիթը ստեղծել էր Գլենդելում գործող Միշլենեան ուղեցոյցում տեղ գտած «Ժենգեալով Հաց» ճաշասրահը:

«Արմատախիլ արուած Արցախ. տեղահանութեան հետեւանքները» խորագրով գիտաժողն աննախադէպ էր իր համապարփակ ծրագրով` թէ՛ թեմաների ընտրութեան ու բովանդակութեան, թէ՛ գիտական ու մշակութային ոլորտի հեղինակաւոր ներկայացուցիչների ներգրաւմամբ եւ թէ մատուցման մատչելիութեամբ: Ձեռնարկն առիթ էր նաեւ ներկայացնելու հայագիտութեան ներկայ իրավիճակն ու խօսքը, որ նաեւ համամարդկային բնոյթ եւ նշանակութիւն ունի:  «Այս միջոցառումը եւս մէկ վկայութիւնն էր առ այն, որ մենք առաջարկելու շատ բան ունենք աշխարհին: Մենք սովորաբար երախտապարտ ենք լինում օտարներին, երբ նրանք անդրադառնում են հայկական թեմաների, աջակցում են մեզ, սակայն թերեւս մոռանում ենք, որ օտարներն էլ մեզանից են սովորում, իրենք էլ մեր ձայնի, խօսքի կարիքն ունեն: Այս ամէնում եւս մէկ անգամ համոզուեցի, երբ համաշխարհային ճանաչում ունեցող մեր օտարազգի խօսնակները շնորհակալութիւն յայտնեցին նման կարգի եւ բնոյթի միջոցառում կազմակերպելու, եւ բազմակողմանի տեղեկատուութեան եւ մտքերի համար: Օրինակ, Ջաշ Կունը, որ նոր գիրք է պատրաստում երաժշտութեան եւ քաղաքականութեան մասին, ինձ շնորհակալութիւն յայտնեց իր գրքի վերջին գլխի թեման իրեն յուշելու համար, որը կը լինի Արցախի մասին: Մենք պիտի դադարենք կաշկանդուած լինել, եւ այն մօտեցումը որդեգրենք, որ մենք աշխարհին առաջարկելու բան ունենք, ինչպէս եղել է դարերի ընթացքում», «Ասպարէզ»ի հետ զրոյցում իր խօսքն ամփոփեց դոկտոր Շուշան Կարապետեանը:

Ծանօթ.- «Արմատախիլ արուած Արցախ. տեղահանութեան հետեւանքները» գիտաժողովի ամբողջական տեսանիւթը շուտով հասանելի կը լինի «Ասպարէզ»ի կայքում: