Արցախի Խորհրդարանը Կ՝ողջունէ Եւրոպական Խորհրդարանին Կողմէ Ընդունուած Բանաձեւը
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցի յայտարարութիւնը Եւրոպական խորհրդարանի Հոկտեմբեր 24-ի բանաձեւին վերաբերեալ․
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը ողջունում է Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունուած Հոկտեմբերի 24-ի՝ 2024 թ. «ազրպէյճանում մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումների եւ Հայաստանի հետ յարաբերությունների վերաբերեալ» բանաձեւը, որն ուղղուած է ազրպէյճանի տարածքում մարդու իրաւունքների աղէտալի իրավիճակի, միջազգային իրաւունքի նսեմացման եւ ողջ տարածաշրջանում, մասնաւորապէս Հայաստանի նկատմամբ, սանձազերծուած ագրեսիւ (յարձկողական, «ԵՌԱԳՈՅՆ») մօտեցումների բացայայտմանը։
Մեր խորին գնահատանքն ենք յայտնում Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին՝ Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնմանն ուղղուած յստակ դիրքորոշման համար: Կարեւոր է, որ բանաձեւն ընդգծում է միջազգային դատարանների որոշումների կատարման անհրաժեշտութիւնը, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ անմիջական երկխօսութեան անհրաժեշտութիւնը՝ մեր անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի երաշխաւորմամբ, ազրպէյճանում պահուող հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկեալների ազատ արձակումը, ինչպէս նաեւ մեր գոյքի ու մշակութային ժառանգութեան պահպանումը։
Արցախի ժողովրդի համախմբուած եւ անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակութիւն ունի տարածաշրջանում տեւական խաղաղութեան հաստատման համար, ինչը հնարաւոր է ազրպէյճանա-արցախեան ուղիղ բանակցութիւնների միջոցով՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ։
ԱՀ Ազգային ժողովը հորդորում է Եւրոպական միութեանը ձեռնարկել գործնական եւ ուղղակի միջոցներ, որոնք ապահովելու են տարածաշրջանում մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների յարգումը: Այս նպատակով կարեւորւում է միջազգային արդիւնաւէտ մեխանիզմների (մեքենականութիւններու, «ԵՌԱԳՈՅՆ») ներդրումը, որոնք կ՝երաշխաւորեն արդիւնաւէտ երկխօսութեան, հաւաքական վերադարձի, անվտանգ ու արժանապատիւ կեանքի եւ այլ հիմնարար իրաւունքների պատշաճ իրացումը:
25 Հոկտեմբեր, 2024 թ.