Արցախահայութիւնը Ենթարկուած է Ոչ Միայն Ցեղական Զտման, Այլեւ Մշակութային Ժառանգութեան Ցեղասպանութեան. Լեռնիկ Յովհաննիսեան

Հայաստան

Հայրենիքի կորստից յետոյ մենք կորցնում ենք մեր ինքնութեան կարեւորագոյն բաղադրատարրերից մէկը՝ մշակութային ժառանգութիւնը, լինի նիւթական թէ ոչ նիւթական։ Իսկապէս, Արցախի Հանրապետութեան բռնագրաւումից յետոյ մեր հայկական մշակութային ժառանգութեան մի զգալի հատուածը փաստօրէն գտնւում է կորստման եզրին։

168 TV-ի «Ռեւիու» հաղորդաշարի եթերում խօսելով ազրպէյճանի օկուպացիայի տակ յայտնուած հայկական մշակութային ժառանգութեան ճակատագրից, ասաց Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը։

Արցախի Հանրապետութիւնը բաւականին հարուստ մշակութային ժառանգութիւն ունի։ Փոխնախարարի փոխանցմամբ՝ մինչեւ 2020 թուականի 44-օրեայ պատերազմը՝ ըստ ցուցակների հաշուառուած է եղել մօտ 4012 յուշարձան, հաշուառումը շարունակուել է նաեւ 44-օրեայ պատերազմից յետոյ, հետեւաբար՝ յուշարձանների թիւը բաւականին մեծ է։

«Դեռ կան չբացայայտուած յուշարձաններ, որոնք, ցաւօք, այսօր գտնւում են կորստման եզրին։ Այս տարիների ընթացքում աշխարհին մենք ներկայացրել ենք մեր յուշարձանները տարբեր ցուցահանդէսների, ֆիլմերի միջոցով։ Օրինակ, մեր կողմից Արցախի Հանրային հեռուստաընկերութեամբ «Մեր երկիր» հաղորդաշարի միջոցով խօսում էինք մեր պատմամշակութային ժառանգութեան մասին, ներկայացնում էինք գիւղերի պատմական անուանումները, պատմութիւնները, սովորութիւնները։ Այսինքն՝ այդ հաղորդաշարը նիւթական եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան արտացոլումն էր, որպէսզի այդ ամէնը ներկայացնէինք ոչ միայն հային, այլեւ օտարին», շեշտեց նա։

Լեռնիկ Յովհաննիսեանի բնորոշմամբ՝ մշակութային իւրացումը կամ մշակութային էթնոցիդն Ատրպէյճանի քաղաքականութեան մէջ նորութիւն չէ։ Սկսած 1920-30-ական թուականներից, եթէ այդ ամէնը քօղարկւում էր մարտնչող աթէիզմի գաղափարախօսութեան տակ, երբ յատկապէս սկսեցին եկեղեցիների քանդումն ու աւերումը ողջ Խորհրդային Միութիւնում, իսկ Խորհրդային Ատրպէյճանը դա լայնածաւալ կատարում էր ոչ միայն ԼՂԻՄ տարածքում, այլեւ նրա յարակից հայաբնակ շրջաններում՝ Քարհատ, Շահումեան։

«Փաստօրէն, այս ամէնը հետագայում լայն ծաւալ ստացաւ մեր պատմամշակութային ժառանգութեան իւրացմամբ 1950-ականների վերջին եւ ամբողջական 60-ականներին, երբ Խորհրդային Ատրպէյճանը սկսեց իր ժողովրդի ծագման՝ այսպէս կոչուած, աղուանական սկզբունքի՝ տեսութեան լոյսի ներքոյ ստեղծեց մի ամբողջական դպրոց, որպէսզի կովկասեան Աղուանքի թէ՛ պատմութիւնը, թէ՛ ժառանգութիւնը իւրացուի իրենց կողմից եւ իրենք ներկայանան՝ որպէս Կովկասի բնիկ ժողովուրդ։ Սկսուեց հայկական, ուդիական, թաթերի, թալիշների, ինչպէս նաեւ իրանական մշակոյթի իւրացման գործընթացը։ Հայկական մշակութային ժառանգութիւնը վերածուեց աղուանականի, նաեւ ասելով, որ վիմագիր արձանագրութիւնները սկզբում եղել են աղուանական, յետոյ հայերը ջնջել են, եւ դա տեղի է ունեցել 9-10-րդ դարերում։

Այսինքն՝ կային նման զաւեշտալի ու ցնդաբանական տեսութիւններ, որոնք քարոզւում էին Ատրպէյճանում, եւ ատրպէյճանական ողջ պատմագիտութեան, մշակոյթով զբաղուողների անմիջական աշխատանքը հենց սրան էր ուղղուած՝ աղուանականացնել։ Աղուանականացման տակ եկեղեցիների ձեւափոխումը, որը վանդալիզմի երեւոյթներից մէկն է, օրինակ, վերանորոգման անուան տակ Վանքասարի եկեղեցու նորոգումն էր։ Այս երեւոյթները 1988 կամ 2020 թուականից չեն սկսուել, այլ աւելի վաղ են սկսուել՝ 1960-70-ականներից։ Ատրպէյճանն ամբողջովին քանդեց Ագոլեցոց եկեղեցին եւ դրա փոխարէն կառուցեց դպրոց, նոյն ձեւով՝ Մեղրեցոց եկեղեցին, պահպանուել էր միայն խորանը, այն վերածեցին ամառային կինոթատրոնի։ Կամ Կանաչ ժամ՝ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին վերածուել էր հանքային ջուր խմելու սրահի», պատմեց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Այս ամէնից զատ, 2020 թուականից յետոյ Լեռնիկ Յովհաննիսեանի վկայութեամբ՝ Ատրպէյճանը Ռուս Առաքելական եկեղեցու Պաքուի թեմի հոգեւոր որոշ սպասաւորների միջոցով սկսեցին կեղծ թէզեր առաջադրել Շուշի եկեղեցու վերաբերեալ։ Եթէ մինչեւ 19-րդ դարը սկսել էին աղուանականացման գործընթաց, ապա դրանից յետոյ ներկայացնում էին՝ որպէս ուղղափառ։

2020 թուականից յետոյ մէկ այլ գործընթաց սկսուեց եւ դրա ուսուցիչը նրանց աւագ եղբայրներն են՝ թուրքերը, եկեղեցիները վերածեցին մզկիթների։ Դեռեւս 2022 թուականի Օգոստոսին համացանցում տարածուեց հաղորդագրութիւն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վերաբերեալ։

«Կարծում եմ՝ սա հենց այնպէս չէր կատարւում, արւում էր, որպէսզի հետագայում հիմք ստեղծուէր իրենց վանդալիզմի եւ մշակութային էթնոցիդի քաղաքականութիւնը շարունակելու համար։

Հայկական մշակութային ժառանգութեան՝ ատրպէյճանական վայրագութիւնների վերաբերեալ միջազգային կառոյցները հերթապահ յայտարարութիւններից այն կողմ չեն անցել։ Այստեղ յստակ կարող ենք խօսել երկակի ստանդարտների քաղաքականութեան մասին, կան կազմակերպութիւններ, որոնք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմէնը, Աֆղանստանը, որտեղ պատերազմը երբեք չի դադարում, զբաղուած են պատմամշակութային յուշարձանների վերականգնմամբ։ Մեր պարագայում, որոշ հանդիպումներից ու յայտարութիւններից այն կողմ, որեւէ բան տեղի չի ունեցել։

Թերահաւատ եմ միջազգային կառոյցների նկատմամբ, որովհետեւ տեսնում եմ իրենց աշխատանքը, քանի որ ցանկացած միջազգային կառոյց աշխատում է՝ որպէս քաղաքականութեան մի մասնիկ։

Թէկուզ ՅՈՒՆԵՍԿՕ-ից խումբ գնայ Արցախ, մոնիտորինգային աշխատանքներ կատարուեն այնտեղ, չեմ կարծում, որ որեւէ բան կը փոխուի։ Մենք տեսանք 2006 թուականին Ջուղայի խաչքարերի ցեղասպանութիւնը, հետագայում՝ նաեւ մեր Արցախի օկուպացուած տարածքներում տեղի ունեցող վայրագութիւնները եւ միջազգային հանրութեան արձագանգը։

Պատմամշակութային ժառանգութիւնը մեր ինքնութեան թիւմէկգրաւականն է եւ առհասարակ դա նաեւ էթնոսի ինքնութեան ապացոյցն է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հետեւաբար՝ այսօր արցախահայութիւնը ոչ միայն ենթարկուել է էթնիկ զտման կամ ցեղասպանութեան, նաեւ ենթարկուել է մշակութային էթնոցիդի», եզրափակեց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանիւթով

Horizon Weekly Newspaper