Տրնդեզը՝ Մարտակերտի Մոխրաթաղի Մէջ (լուսանկարներ)

Այլեւայլ, Հայաստան

Նիւթը՝ Աստղիկ Քեշիշեանի Facebook-ի էջէն․

«Տրնդեզն (Տեառնընդառաջը) ամենասիրելի տօներիցս էր։ Միշտ պապիկիս հետ էի ասոցացնում (զուգորդում)։ Ինքն էր վառում մեր տան կրակը, որը փողոցի ամենամեծը պիտի լինէր։ Յետոյ նայում էր կրակի ծխին. դէպի դաշտերն է գնում, ուրեմն՝ տարին բերքառատ կը լինի։ Տատիկն էլ այրուող փայտի կտորով մեր մազերի ծայրից մի փոքր մաս էր այրում։ Իմաստը չէի հասկանում, չեմ էլ յիշում՝ հարցրել եմ երբեւէ, թէ չէ։ Տատիկն է, ուզում է անել, թող անի։ Անցեալ տարի սա ամենասովորական մի օր էր։ Օր՝ ոչնչի մասին։ Ես՝ Արցախում, որտեղ այս տօնը գրեթե չի նշւում, իսկ պապիկս այնտեղ՝ հեռու երկինքներում։

Երէկ, ուշ երեկոյեան, պատահմամբ յիշեցի, որ վաղը Տրնդեզ է։ Խօսքը մեր մէջ, հիմա անգամ դասի գնալու ու առհասարակ ապրելու հաւէս չունեմ, էլ ուր մնաց որեւէ բան կազմակերպելու, բայց մտածեցի՝ մի բան անենք։ Էրեխեքի հետ որոշեցինք ու շատ սպոնտան, արագ ինքնակազմակերպուեցինք։ Նարինէն աղանձը սարքեց, Լաուրան՝ պոպկորնը, ես՝ իմ կեանքի առաջին հալուան։ Մամայի հետ խօսելով, ամէն քայլը քննարկելով, տունս աւերակ դարձնելով, բայց մի կէս ժամում սարքեցի, ու կարծես բոլորը գոհ էին։ Դէ ի հարկէ, նախապէս սպառնացել էի, որ եթէ համով չլինի էլ, ձեւացնեն։

Յետոյ ինքնաեռով թէյ խմեցինք, խարոյկի շուրջ երկար զրուցեցինք։ Եւ միւս տարի էլ չեմ մտածի, թէ նախորդ տարուան այս օրը ոչինչի մասին էր։ Թէեւ ես Արցախում եմ, իսկ պապիկը, որին անսահման եմ կարօտել՝ հեռու երկինքներում։

Ապրեցինք բլոկադայի (շրջափակման) երրորդ ամսուան առաջին օրը»։