Կը Խոնարհինք Յանուն Արցախի Իրենց Կեանքը Զոհաբերած Մեր Հայրենակիցներու Յիշատակին Առջեւ
«Այսօր լրանում է 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վեցերորդ տարելիցը։ Այդ օրը դադարեցին 44-օրեայ պատերազմի ռազմական գործողութիւնները։ Այսօր խոնարհւում ենք յանուն Արցախի իրենց կեանքը զոհաբերած մեր հայրենակիցների յիշատակի առաջ եւ մեր զօրակցութիւնն ենք յայտնում նրանց ընտանիքներին։
Պատերազմից յետոյ շատ արցախցիներ վերադարձան տուն՝ յոյս ունենալով, որ կը կարողանան անվտանգ ապրել իրենց հայրենիքում։ Այնուհետեւ յաջորդեցին Պրահայի քառակողմ հանդիպման յայտարարութիւնը՝ Հայաստանի եւ ազրպէյճանի երկկողմ յանձնառութիւնների ամրագրմամբ, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2023 թուականի Սեպտեմբերի ազրպէյճանական ռազմական յարձակումը եւ Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանումը։
Վեց տարի անց դեռ յստակ պատասխան չի հնչել՝ ինչո՞ւ չկանխուեցին շրջափակումն ու յարձակումը, եւ ի՞նչ քայլեր են այսօր ձեռնարկւում բռնի տեղահանման հետեւանքները յաղթահարելու համար։ Արցախի Հանրապետութեան հանրային խորհուրդը այս հարցերով դիմումներ է պատրաստել՝ ուղղուած ՀՀ կառավարութեանը եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանութեանը։
Պահանջում ենք, որ Արցախի ժողովրդի՝ հայրենիք կամաւոր, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքը, ազրպէյճանում պահուող հայ գերիների ու միւս անձանց ազատ արձակումը եւ Արցախի հայկական մշակութային ու հոգեւոր ժառանգութեան պաշտպանութիւնը դառնան բանակցութիւնների առաջնահերթ հարցեր։ Ակնկալում ենք գրաւոր պատասխաններ եւ յստակ քայլեր։
Արցախի ժողովրդի ապագայի մասին որոշումները պէտք է ընդունուեն նրա ներկայացուցիչների անմիջական մասնակցութեամբ»։
Արցախի Հանրապետութեան հանրային խորհուրդ
9 Նոյեմբեր 2026 թ.
