Նստած Ենք, Բայց Ծնկաչոք Չենք. Դաւիթ Բաբայեանի Ուղերձը` պաքուի Բանտէն

Աշխարհ, Հայաստան

Ապօրինաբար պաքուի բանտին մէջ գտնուող Արցախի արտաքին գործոց նախկին նախարար Դաւիթ Բաբայեանը հերթական ձայնային հաղորդագրութեամբ ահազանգեց հայ գերիներու առողջական խնդիրներուն ու ոտնահարուած իրաւունքներուն մասին, դիմելով բոլոր իրաւապաշտպաններուն եւ բարի կամքի մարդոց: Հաղորդագրութիւնը «News»-ին փոխանցուած է Բաբայեանի ընտանիքին միջոցով:

Հաղորդագրութեան մէջ կ՝ըսուի․

«Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, քոյրեր եւ եղբայրներ, աշխարհասփիւռ հայութիւն, այլազգի մեր բոլոր քոյրեր եւ եղբայրներ, բարի կամքի մարդիկ, դուք գիտէք, որ աւարտուեց, այսպէս կոչուած, մեր դատավարութեան նաեւ վերաքննիչ փուլը: Դէ ինչ դատավարութիւն, սա մի թատրոն էր, որի սցենարը (բեմագրութիւնը) գրուած էր նախօրօք: Նոյնիսկ չհամարձակուեցին տարրական սխալները շտկել: Օրինակ, վերջին նիստում ներկայացնելով ներկաներին, երբ թողեցին այդ վճիռները ուժի մէջ, իմ պաշտպաններին ներկայացրեցին հին կազմով, այն դէպքում, երբ նրանք փոխուել էին այս դատավարութեան ժամանակ: Այսինքն ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաեւ չհամարձակուեցին փոխել նախօրօք գրուած սցենարը, նոյնիսկ շտկել այն սխալները, որ այնտեղ կան:

«Սա զուտ ֆորմալ (ձեւական) մի փուլ էր, որը պէտք է անցնէինք, որպէսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար:

«Վերաքննիչ դատարանում գործընթացին քաղաքացիներ չէին մասնակցում, այն դէպքում, երբ առաջին ատեանի դատարանում մօտ 200-300 հոգի ամէն անգամ ներկայ էին: Ի հարկէ, նրանք բոլորը սելեկտիւ (ընտրողաբար) ձեւով էին բերւում, յատուկ աւտոբուսներով: Բացի դրանից, որոշ տուեալներով նրանք նաեւ լաւ վարձատրւում էին, բայց այս անգամ չկար ոչ մէկը: Պատճառներից մէկն այն է, որ այդ մարդիկ տեսնում էին` ինչպիսի չարաշահումներ են կատարւում այնտեղ, տեսնում էին իրենց կողմի թոյլ դիրքերը, մեր ինքնապաշտպանութիւնը, մեր յամառութիւնը, այդ ինքնապաշտպանութեան որակը եւ բնական է, այս ամէնը ուզած-չուզած ներթափանցում է նաեւ իրենց հասարակութիւն:

«Շատ հետաքրքիր է, որ այնպիսի գաղափարներ են շրջանառութեան մէջ դրւում, որ անհնար է ուղղակի դա պատկերացնել: Օրինակ, մէկի կողմից կատարուած յանցագործութիւնը աւտոմատ (ինքնաբերաբար)  բոլորին է վերագրւում: Կամ այնպիսի գաղափարներ, որ միջազգային հանրութեան պատմութեան մէջ ընդհանրապէս անհնարին է պատկերացնել: Օրինակ, ինձ վրայ աւելացրել են երկու ցմահ յօդուածներ, որոնք չկային, որեւէ անգամ չէր յիշատակւում ամբողջ դատավարութեան ժամանակ:

«Ես դա տեսայ, երբ դատավարութեան աւարտուելուց մէկ շաբաթ յետոյ մեզ տուեցին այդ ամէնի կրճատ գրութիւնը: Ես խնդրեցի, որպէսզի նայեն մեր ելոյթները, թէ առաջին ատեանի դատարանի վերջին խօսքը, թէ այս դատավարութեան հիմնական ելոյթները, տեսատարբերակով փոխանցեն իրենց ՄԻՊին, բայց մերժեցին: Ասում են, որ բաց դատավարութիւն է, բայց մերժում են նոյնիսկ իրենց մարդու իրաւունքների պաշտպանին այդ ամէնը տրամադրել:

«Հետաքրքիր երեւոյթներից մէկն այն է, որ փոխուել են նաեւ պաշտպանները, 5-6 պաշտպան է  փոխուել այս ընթացքում: Մէկը փոխուել է հէնց Վերաքննիչ դատարանում քննութեան մեկնարկին: Ես փորձել եմ իմանալ` ի՞նչն է պատճառը, ասել են՝ առողջականը: Դատարանում, դատի ժամանակ ասել եմ` տեսազանգով կապուէք հետները, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ ինչպէս են, իրենք ի հարկէ, խառնուել են, չեն միացրել, ասել են, որ կեանքներին վտանգ չկայ:

«Ի հարկէ, ամէն մի պահի չէին թողնում, որպէսզի ելոյթը շարունակեն, կտրում էին, խանգարում էին: Այս ամէնը մեզ պէտք է միջազգային դատարանում ներկայացնելու համար:

«Հետաքրքիր զարգացումներից է նաեւ այն, որ այստեղի պաշտպաններից մէկը յայտարարել է, որ իրենք չեն ուզում, որ գործը հասնի միջազգային դատարան, որովհետեւ մեղադրանքների աւելի քան 95 տոկոսը շինծու է եւ որեւէ ապացոյց չկայ: Իսկապէս դա այդպէս է:

«Բերեմ մի կոնկրէտ (յստակ) օրինակ. մասնաւորապէս, ինձ ցմահ են նշանակել մի յօդուածով, ըստ որի ես փորձում էի տապալել այստեղի իշխանութիւնը, սահմանադրութիւնը եւ այլն: Ես հարց եմ տուել` արդեօ՞ք կայ որեւէ ապացոյց, որ ես լինելով այստեղ, մասնակցել եմ ձեր իշխանութեան համար պայքարին: Եթէ այդպէս է, ուրեմն պիտի ամբողջ ձեր երկրով մէկ ունենայի համախոհներ, ինչ-որ կազմակերպութեան բջիջներ: Ի հարկէ, որեւէ պատասխան չկայ:

«Բացի այդ, դատարանում բոլոր մեր բողոքները 100 տոկոսով բաւարարուել են յօգուտ մեղադրող կողմի: Առաջին ատեանի դատարանում 99.4 տոկոսն էր բաւարարուել յօգուտ մեղադրող կողմի:

«Ես շնորհակալութիւն եմ յայտնել նման որակի եւ քանակի սխալների համար, որովհետեւ սա մեզ համար շատ կարեւոր է, դա կը նպաստի նաեւ արդարութեան վերականգնմանը, քանի որ միջազգային դատարանում այս ամէնը մենք կը ներկայացնենք:

«Բաւականին յատկանշական է, որ նաեւ ապացոյցների փոխարէն օգտագործում են փոխարինիչներ` ստեր, կեղծիքներ, կենացներ, իրենց քաղաքական տարբեր մօտեցումները, կարգախօսները եւ այլն:

«Երբեմն մենք փորձել ենք տեսնել գրառումները, թէ այս ամէնն ինչպէս է արձանագրուած իրենց փաստաթղթերում, տեսել ենք, որ մեր ասածներն ընդհանրապէս չեն էլ ներառում, կամ լաւագոյն դէպքում ներառում են խիստ կրճատուած կամ աղաւաղուած: Սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ իրաւական ապարտեիդ (խտրականութիւն):

«Ի՞նչ կարելի է ասել, երբ պաշտօնապէս յայտարարւում է, որ անհրաժեշտ է ընդլայնել, ոչ դիտաւորեալ սպանութիւնների շրջանակները, որպէսզի բոլորին մեղադրեն սպանութիւնների մէջ»:

Դաւիթ Բաբայեան նաեւ նշեց, որ  ունի առողջական հարց, որուն մասին բարձրաձայնած է դատարանին մէջ եւ խնդրած, որ այդ բոլորը արձանագրուի. «Ի հարկէ, կասկածում եմ, հասկանալի է, որ իրենք չեն ուզի, որ ես գնամ միջազգային դատարան: Միայն ինձ մօտ չեն առողջական խնդիրներ: Մի շարք մեր ընկերների մօտ իրօք լուրջ առողջական խնդիրներ կան: Ի հարկէ, դա ինչ-որ տեղ սպասելի է, որովհետեւ մենք պայքարում ենք այս չար աշխարհում արդարութեան եւ ազատութեան համար, մարդու իրաւունքների համար, իսկ դա հէնց այնպէս չի լինում:

«Մի բան է պայքարել արդարութեան համար, մէկ այլ բան է նստել դրա համար, բայց իմացէք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, եւ սա թող բոլորը իմանան: Մնացածը ամէն ինչ նորմալ (բնական) է, պինդ եղէք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր երեւոյթներ»: