Փարիզի Մէջ Ներկայացուեցաւ Արցախին Նուիրուած «Նամակներ Դրախտից» Գիրքը

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

Սեպտեմբեր 29-ին Փարիզի մէջ տեղի ունեցաւ գրական երեկոյ մը` նուիրուած «Նամակներ դրախտից» երկլեզու` հայերէն-ֆրանսերէն ժողովածուին:

Գիրքին հեղինակներն են արցախցի բանաստեղծ եւ գրող Հերմինէ Աւագեանը եւ իմաստասէր, «Արեւելքի քրիստոնեաները» հաղորդաշարի («France Culture» ձայնասփիւռի կայանէն) արտադրիչ Ուլիս Մանժեսը: Հատորը այս տարի լոյս տեսաւ «Newmag» հրատարակչատունէն:

«La Guilde»-ի եւ Արցախի աջակցութեան միութեան ջանքերով կազմակերպուած ձեռնարկը, որ կը կրէր «Արցախը` հայրենիքս» խորագիրը, համախմբեց քաղաքական, մտաւորական եւ գրական շրջանակներու ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքին անդրադարձ կատարուեցաւ հայրենիքի, յիշողութեան, կորուստի եւ վերադարձի նիւթերուն: Հերմինէ Աւագեան նամակներու միջոցով կը պատմէ իր կեանքի, Արցախի եւ Աշան գիւղի մասին: Գրականութիւնը անոր համար հայրենիք վերադառնալու միջոց մըն է, երբ ֆիզիքական վերադարձը ներկայիս կարելի չէ:

Ձեռնարկին ընթացքին ընդգծուեցաւ նաեւ Արցախի մշակութային եւ պատմական յիշողութեան պահպանման կարեւորութիւնը,  յատկապէս` 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած աւելի քան 120 հազար արցախահայերու բռնի տեղահանութենէն ետք:

Գիրքը յիշողութիւնը պահպանելու եւ բռնի տեղահանուած արցախահայութեան ձայնը լսելի դարձնելու փորձ մըն է:

Ձեռնարկին ներկայ էին` Ֆրանսայի ծերակոյտի Արցախի հետ բարեկամութեան շրջանակի նախագահ Էմանուէլ Մանտոն, ծերակոյտի` Հայաստանի հետ բարեկամութեան շրջանակի նախագահ Ժիլպեր-Լիւք Տեւինազ, շարք մը այլ պետական պաշտօնատարներ, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեան եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեան:

Ստորեւ` այս առիթով Հերմինէ Աւագեանին արտասանած խօսքը:

Մի նամակի չափ երկիր

Փարիզում իմ համահեղինակած գրքի շնորհահանդէսին ներկայ լինելը խորը յոյզեր է արթնացնում, որովհետեւ ես եկել եմ մի վայրից, որը աշխարհի քարտէսի վրայ չեմ կարող ձեզ ցոյց տալ: Ես եկել եմ Արցախից: Եթէ ինձ այսօր հարցնէք` որտե՞ղ է Արցախը, ես, ցաւօք,  չեմ կարող  ցոյց տալ այն տեղը, որտեղ սկսւում է իմ մանկութիւնը: Այդ պատճառով ես իմ երկիրը բերել եմ` նամակներով, յիշողութիւններով, բանաստեղծութիւններով… բերել եմ այս գրքով: Երբեմն, այո՛, հայրենի տունն այնքան փոքր է դառնում, որ կարող ես տեղաւորել նամակի մէջ, տեղաւորել եւ ուղարկել այն մարդուն, ում սրտի հետ այն կը կարողանայ զրուցել…

Այս գիրքը սկսուեց երկու անծանօթ մարդկանց նամակագրութիւնից: Ես գրում էի մի ֆրանսացի երիտասարդի, որը Արցախը չէր ճանաչում: Բայց ես չէի ուզում նրան պատմել միայն պատերազմի ու կորուստների մասին: Ուզում էի, որ նա տեսնէր, թէ ինչպիսի՛նն էր Արցախը, նախքան  այն դարձաւ բռնազաւթուած տարածք: Ուզում էի, որ նա տեսնէր` իմ գիւղը, իմ տունը, մօրս, հօրս, իմ կարդացած գրքերը եւ այն ամէնը, ինչ ես եմ` որպէս Արցախի մի մասնիկ… որովհետեւ Արցախը միայն պատերազմ չէ: Արցախը նաեւ ժպտացող երեխաներ էր, երգ էր, բանաստեղծութիւն, մեր գիւղի հնամեայ եկեղեցին, մեր այգու ծառերը… եւ մի փոքրիկ աղջիկ, որը երազում էր տիկնիկ ունենալ: Ես այդ աղջիկն եմ: Երբ սկսում են պատերազմները, առաջինը զոհւում են տիկնիկները, ու երեխաները ստիպուած են լինում մէկ օրուայ մէջ մեծանալ… ես միակ երեխան չեմ, որ մեծացաւ ռումբի առաջին պայթիւնի հետ, այդպիսի հազարաւոր երեխաներ կային ու կան… այդ տարիքում կարծում էի, որ խաղաղութիւնը խաղալիքի նման մի բան է, որը կարելի է նուիրել, օրինակ` ծննդեան տարեդարձին կամ Ամանորին: Յետոյ մեծացայ եւ հասկացայ, թէ որքա՜ն դժուար է մեծերի աշխարհում այդ խաղալիքը գտնելը:

Իմ հայրը հրամանատար էր: Պատերազմը նրան տարաւ, եւ նա այլեւս չվերադարձաւ: Երեխայի համար մահը երբեք աւարտ չէ: Այն պարզապէս մի հեռաւոր հասցէ է: Եւ ես երկար տարիներ այդ հասցէն փնտռել եմ գրականութեան մէջ: Գուցէ հէնց այդ պատճառով գրականութիւնն ինձ համար վերադարձի ճանապարհ է: Երբ ես այլեւս չեմ կարող գնալ Արցախ, ես գնում եմ այնտեղ բառերով: Այս գիրքը այդպիսի վերադարձներից մէկն է:

Եւ այս նամակագրութեան ընթացքում մի կարեւոր բան տեղի ունեցաւ: Ուլիսը սկսեց ճանաչել Արցախը: Սկսեց հարցնել, կարդալ, փնտռել, իմանալ: Եւ այդ պահին ես հասկացայ, որ այս գիրքն այլեւս միայն նամականի չէ: Այն դարձել է կամուրջ` երկու մարդկանց միջեւ, երկու մշակոյթների միջեւ, երկու աշխարհների միջեւ:

Գուցէ գրականութեան ամենամեծ ուժը հէնց սա է` ոչ թէ ստիպել մէկ ուրիշին հաւատալ քո պատմութեանը, այլ բացել  դուռը եւ ասել` ներս արի, այստեղ է իմ տունը… եւ Ուլիսը այն եզակի  մարդկանցից է, որ համարձակուեց ներս մտնել` առանց իմանալու, թէ ի՛նչ կը գտնի այնտեղ… Այսօր ես այդ դուռը բացում եմ Փարիզում: Քանի՞ հոգի ներս կը մտնի այդ դռնից, չգիտեմ, բայց այն արդէն իսկ բաց է…

Ֆրանսան ինձ համար յիշողութիւնը մշակոյթի վերածելու երկիր է:

Եւ գուցէ հէնց սա է Ֆրանսայի ամենամեծ ուժը` կարողանալ ուրիշի պատմութիւնը դարձնել  սեփական յիշողութեան մի մասը:

Ինչպէս ազատութիւնը ազգութիւն չունի, այնպէս էլ յիշողութիւնը սահմաններ չի ճանաչում: Այդ պատճառով ես իմ Արցախը բերել եմ Ֆրանսա`  Ստեփանակերտից Փարիզ, Աշան գիւղից դէպի ձեր սրտերը, կորսուած դրախտից` դէպի յոյսի եւ հաւատի աշխարհ:

Ես չեմ կարող խօսել յիշողութեան մասին եւ չշեշտել այն մեծ երազանքի մասին, որը ունէի  իմ ծննդեան պահից մինչեւ այսօր: Դա խաղաղութիւնն է, բայց` ոչ այն խաղաղութիւնը, որի մասին այսօր խօսւում է: Ես խօսում եմ այն խաղաղութեան մասին, որը սոսկ դիւանագիտական բառ չէ կամ էլ` պաշտօնեաների  ձեռքսեղմում: Այն պէտք է ունենայ` հասցէ, տուն, վերադարձի ճանապարհ, իսկ այդ ճանապարհը չի կարող կառուցուել, քանի Պաքուի բանտերում շարունակւում են պահուել տասնեակ հայ գերիներ: Չի կարող կառուցուել, քանի հայկական Արցախում մշակութային սպանդի են ենթարկւում քրիստոնէական հնամեայ եկեղեցիներն ու խաչքարերը: Սա պատմութիւնը ջնջելու ձեւ է: Իրական խաղաղութիւնը այդ ամէնի սրբագրումն է… Խաղաղութիւնն այն օրն է, երբ մարդը դադարում է սպասել, որ նորից կը կրակեն:

Խաղաղութիւնը նաեւ տուն վերադառնալու իրաւունքն է: Խաղաղութիւնը մոռանալը չէ: Խաղաղութիւնը յիշելու իրաւունքն է: Խաղաղութիւնը նաեւ այն է, երբ մարդը կարողանում է կրկին վստահել կեանքին:

Պատերազմը ուզում է մեզ նմանեցնել իրեն: Ուզում է, որ մեր միակ լեզուն դառնայ ատելութիւնը: Իսկ ես ուզում եմ, որ իմ լեզուն մնայ գրականութիւնը: Իմ զէնքը` բառը:

Իմ պատասխանը` յիշողութիւնը:

Իմ ցանկութիւնը` իրական խաղաղութիւնը:

Եւ այսօր, այստեղ` Փարիզում, ես ուզում եմ հաւատալ, որ մի օր խաղաղութիւնը սոսկ ցանկութիւն չի լինի: Գուցէ հէնց դրա համար էլ շարունակում եմ գրել: Որովհետեւ երբ դէպի տուն վերադարձի ճանապարհը փակ է, յաճախ մնում է միայն մէկ ճանապարհ` բառերի ճանապարհը: Այդ ճանապարհը ոչ ոք չի կարող փակել ու բռնազաւթել:

Եթէ այսօր այս դահլիճից թէկուզ մէկ մարդ դուրս գայ այն մտայնութեամբ, որ  Արցախը ոչ թէ քարտէսի վրայ չերեւացող մի տեղ է, այլ` մի աղջկայ տուն, մի մօր ձայն, մի հօր լուսանկար, մի երեխայի ժպիտ, մի ժողովրդի երգ, ուրեմն այս գիրքը ճիշդ ճանապարհի վրայ է:

Որովհետեւ հայրենիքը միայն այն վայրը չէ, որտեղ մենք ապրում ենք:

Հայրենիքը նաեւ այն տեղն է, որը մենք  մեր ներսում  ենք պահում, երբ  չենք կարող այնտեղ վերադառնալ:

Գուցէ երբ կարդաք այս գիրքը, այն ձեզ յուշի, որ ես հեռու եւ անյայտ տեղից եկած մէկը չեմ, այլ` ձեզ պէս մէկը, որ պարզապէս ուզում էր ազատ ապրել իր երկրում, որ` թէպէտ խօսում է ուրիշ լեզուով, բայց երբեք ուրիշ չէ, որովհետեւ մարդու ցաւը թարգմանութեան կարիք չունի, ինչպէս եւ` նրա ազատ ապրելու ցանկութիւնը:

Գուցէ այս էջերի միջով դուք մի պահ լսէք իմ երկրի լռութիւնը. ա՛յն լռութիւնը, որի մէջ դեռ ապրում են` մեր տների ձայները, մեր մանկութեան քայլերը, մեր եկեղեցիների զանգերը, մեր սարերի յիշողութիւնը: Եւ գուցէ հասկանաք, որ հայրենիքը լոկ քարտէսի վրայ նշուած տարածք չէ: Հայրենիքը այն տեղն է, որտեղ մարդ առաջին անգամ իրեն «ես» է զգում: Խլել հայրենիքը` նշանակում է խլել եսը, ինքնութիւնը…

Ես այս գիրքը չեմ բերել Ֆրանսա` խղճահարութիւն խնդրելու:

Ես այն բերել եմ` յիշողութեան, արժանապատուութեան եւ արդարութեան մասին խօսելու: Որովհետեւ երբ մի ժողովուրդ կորցնում է իր տունը, աշխարհը պէտք չէ լռեցնի նրա ձայնը: Եւ ես ուզում եմ հաւատալ, որ այդ ձայնը Ֆրանսայում` մարդու իրաւունքների, ազատութեան եւ եղբայրութեան երկրում, չի կորչի: Այն կը գտնի իր ճանապարհը դէպի մարդկանց սրտերը:

Գուցէ հէնց այդպէս էլ իմ փոքրիկ Արցախը, որն այսօր հեռու է իր զաւակներից, մի օր իր տեղը գտնի Ֆրանսայի մեծ սրտում` ոչ թէ որպէս անցեալի յիշողութիւն, այլ` որպէս արդարութեան սպասող կենդանի պատմութիւն…