Ռուբէն Վարդանեանի Գործով` Գանգատ ՄԻԵԴ-ին
Ապօրինաբար պաքուի բանտին մէջ պահուող Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանի գործով գանգատ ներկայացուած է Մարդու իրաւունքներու եւրոպական դատարան: Այս մասին կը յայտնեն «Ռուբէն Վարդանեան» հիմնադրամէն:
Փաստաբան, «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կեդրոն»-ի ղեկավար, Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանին մէջ հայ գերիներու շահերու ներկայացուցիչ Սիրանոյշ Սահակեան, որուն անունով հրապարակուած է յայտարարութիւնը, դիտել կու տայ, որ գանգատին մէջ ներկայացուած են Մարդու իրաւունքներու եւրոպական համաձայնագիրի ութ յօդուածներու խախտումներ` համապատասխան իրաւական եւ փաստացի հիմնաւորումներով:
Յայտարարութեան մէջ կը նշուի.
«Յուլիսի 19-ին իմ կողմից պաշտօնական գանգատ է ներկայացուել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան (ՄԻԵԴ) ` ՀՀ քաղաքացի, ներկայումս ազրպէյճանի Ումպակի քրէակատարողական համալիրում պահուող Ռուբէն Վարդանեանի գործի վերաբերեալ: ՄԻԵԴ-ում հանդէս եմ գալու Ռուբէն Վարդանեանի շահերի պաշտպանութեամբ:
«Գանգատում մանրամասնօրէն նկարագրուած են Մարդու իրաւունքների եւ հիմնական ազատութիւների պաշտպանութեան մասին կոնուենցիայի (համաձայնագիրի) ութ յօդուածների խախտումները եւ բերուած են դրանք հաստատող հիմնաւորումներ:
«Ռուբէն Վարդանեանի գործով դատավճիռը պաքուի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թուականի Փետրուարի 17-ին` նրան դատապարտելով 20 տարուայ ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջութեամբ չէր ընթերցել:
«Աւելի ուշ, ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանեանը «մեղաւոր» է ճանաչուել 41 դրուագով` ազրպէյճանի հանրապետութեան քրէական օրէնսգրքի 21 յօդուածների հիման վրայ:
«Դատավճռում Վարդանեանի անհատական մեղքը չի հիմնաւորուել փաստերով կամ ապացոյցներով: Փոխարէնը դատարանը եզրակացրել է, որ «յանցաւոր համայնք»` Արցախի չճանաչուած վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թուականից, եւ որ Վարդանեանը միացել է այդ «Համայնքին» 2020 թուականի Դեկտեմբերին, թէեւ այդ ժամանակ նա բնակւում էր Մոսկուայում:
«Վարդանեանի կողմից քաղաքացիական վարչական պաշտօնի ընդունումը դատարանը գնահատել է որպէս իշխանութեան բռնի զաւթում, նրա առեւտրային եւ բարեգործական գործունէութիւնը` որպէս ապօրինի ձեռնարկատիրութիւն եւ ահաբեկչութեան ֆինանսաւորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը` որպէս ազրպէյճանի պետական սահմանն ապօրինի հատել:
«Վարդանեանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարութիւնը եղել է բեմադրուած եւ կանխորոշուած, իսկ ներպետական բոլոր միջոցները` անարդիւնաւէտ:
«Իրականում անկարելի է պաշտպանել իրաւունքները մի համակարգում, որն ի սկզբանէ մերժում է արդար դատաքննութեան իրաւունքը: Ուստի, Ռուբէն Վարդանեանը որոշում է կայացրել արդարութեան համար պայքարը շարունակել միջազգային իրաւական մեխանիզմների (գործիքակազմերու) միջոցով»:
