
ՀՕՄ-ի Նախաձեռնութեան Շնորհիւ Արցախցի 10 Ընտանիք Կ՚ապրի Նոր Տուներու Մէջ. Հարցազրոյց ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչութեան Ատենապետուհի Մարօ Քէշիշեանի Հետ
2025 թուականի Փետրուարին Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) նախաձեռնութեամբ մեկնարկած է արցախցիները տուներով ապահովելու նոր ծրագիր, որ կը կոչուի «Յոյսի օճախ»։ Անիկա կարճ ժամանակի մէջ մեծ ժողվրդականութիւն գտած է սփիւռքի մէջ․ բազմաթիւ կառոյցներ, սփիւռքահայեր նիւթական միջոցներ յատկացուցած են այդ ծրագիրը կեանքի կոչելու համար։
«Հորիզոն»-ի թղթակիցը զրուցած է ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ատենապետուհի Մարօ Քէշիշեանի հետ, որ մանրամասներ ներկայացուցած է ծրագիրին մասին։
«ՀՕՄ-ը հայ ժողովրդի ծոցից ծնուած կազմակերպութիւն է, եւ միշտ փորձում է իր ժողովրդին օգտակար լինել։ Այս վերջին տարիներին, երբ արցախցիները բռնի տեղահանուելուց յետոյ հաստատուեցին Հայաստանում, չուզեցինք, որ այստեղից էլ այլ երկիր տեղափոխուեն ու ցրուեն։ Մտածեցինք մի ձեւ գտնել, որ նրանք մնան Հայաստանում։ Մեր ընկերներից մէկը՝ Իւան Արտալճեանը, մի ծրագիր էր սկսել․ նա տուն էր գնել ու նուիրել արցախցի մի ընտանիքի։ Այդ տունը նաեւ հողամաս ունէր։ Մեր այդ ընկերն իր գաղափարի մասին ինձ էլ ասաց։ Շատ սիրեցի այդ գաղափարը։ Անշուշտ, մենք չէինք կարողանայ այդ ծրագիրն առանձին իրականացնել։ Դիմեցինք ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեանը, որը նոյնպէս շատ սիրեց ծրագիրը եւ մեզ ասաց՝ աշխատանքը սկսենք։ Որպէսզի լաւ, հաստատուն քայլերով գնանք, մենք որոշեցինք մինչեւ Հոկտեմբեր գոնէ 10 ընտանիքի տնով ապահովել, որպէսզի նրանք հողամշակութեամբ զբաղուեն եւ կառչած մնան հայրենի հողին։ Այս տարի, ի դէպ, ՀՕՄ-ի 115-ամեակն է լրանալու։ Յաջողեցինք։ Նախընտրեցինք Շիրակի մարզը, քանի որ այնտեղ անհատներ կային, որոնք կարող էին աջակցել։ Օրինակ՝ մեր Շրջանային վարչութեան քարտուղարուհին՝ ընկերուհի Հռիփսիմէ Նահապետեանը, Շիրակի մարզում 30 տարի ապրել է ու պետական մակարդակի բոլոր մանրամասնութիւնները գիտի մարզի մասին։ Ախուրեանի նախկին համայնքապետը՝ Արծրուն Իգիթեանը եւս մեզ կարող էր օգնել։ Եւ այդպէս, մենք կարողացանք 10 ընտանիքի տուն տրամադրել, որպէսզի նրանք գնան, այնտեղ ապրեն»,- պատմեց Մարօ Քէշիշեանը։

Բայց այդ տներում ապրելու համար արցախցիներին ՀՕՄ-ը որոշ պայմաններ է ներկայացնում․ պէտք է ընտանիքը 10 տարի այդ տանն ապրի, տնամերձ հողատարածքը մշակի, եւ եթէ ծրագիրն իրականացնողները համոզուեն, որ ընտանիքն, իսկապէս, սիրում է հողամշակութիւնը, խնամքով է օգտագործում հողատարածքն ու տունը, ուրեմն 10-րդ տարում այդ տունը տուեալ ընտանիքին կը նուիրեն։ Ընդ որում, ընտանիքն այդ տունը չի կարող վաճառել՝ բացի այն պարագայից, երբ Արցախ վերադառնալու հնարաւորութիւն լինի։ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ատենապետուհին նշում է՝ մեծ հաւատ կայ, որ մի օր վերադառնալու ենք Արցախ։

«Բնակարանները գնելու համար ֆինանսական միջոցներ է տրամադրում ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութիւնը։ Սփիւռքի մեր բոլոր կազմակերպութիւններն էլ, հայկական համայնքներն էլ խանդավառուած են այս ծրագրով։ Նրանք նուիրատուութիւններ են կատարում ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեանը, վարչութիւնն էլ գումարը մեզ է փոխանցում։ Շատ հեզասահ, մեծ ժողովրդականութիւն գտած ծրագիր է սա։ Անշուշտ, Կեդրոնական վարչութեան արտօնութեամբ, պիտի փորձենք այս ծրագիրը շարունակել։ Որքան կարող ենք, շատ բնակարաններով կ’ապահովենք արցախցիներին։ Մենք սկսել ենք Շիրակի մարզից, բայց, անշուշտ, պիտի փորձենք այլ մարզեր էլ գնալ»,- նշեց ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ատենապետուհին։
Նոր տներ ստանալու համար 8 ընտանիքներն արդէն իսկ ընտրուել են, միայն երկու ընտանիք է մնացել, որոնց պէտք է ընտրի ծրագիրն իրականացնող յանձնախումբը։ Մարօ Քէշիշեանը պատմեց, թէ ինչպէս են ընտրուել այն ընտանիքները, որոնք տներ են ստացել այս ծրագրի միջոցով։

«Մենք, անշուշտ, չենք ճանաչում բոլոր արցախցիներին, որոնք եկել են, հաստատուել Շիրակի մարզում։ Օրինակ՝ գնացել ենք Բենիամին, Ախուրիկ, Մեծ Սարիար, Բասէն գիւղերը․․․․ Նախ բնակավայրի վարչական ղեկավարների հետ ենք հանդիպում, նրանցից խնդրում այնտեղ ապրող արցախցիների ցանկը, զրուցում նրանց մասին։ Հարցնում ենք՝ ո՞ր ընտանիքներն են բազմանդամ։ Մանաւանդ այդ ընտանիքներին ենք նախընտրում տուն տրամադրել։ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութիւնը մի յանձախումբ է նշանակել։ Յանձնախումբը գնում է, տեսակցում այդ ընտանիքներին, համոզւում է, որ այդ ընտանիքն ուզում է մնալ հայրենիքում, ապա փորձում ենք տունը նրանց տալ»,- նշեց Մարօ Քէշիշեանը՝ շեշտելով՝ կան բազմաթիւ արցախցիներ, որոնք եկել են Արցախի գիւղերից, սիրում են հողամշակութիւնը, չեն ուզում արտերկիր մեկնել։
Իսկ Ո՞ր գիւղերում են գնուել նոր տները։
Այս ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Ախուրիկ գիւղում ՀՕՄ-ի նախաձեռնութեամբ գնուել է չորս տուն, որտեղ ապրելու է հինգ ընտանիք։ Քանի որ Ախուրիկում գտնուող 4 տներից մէկի մակերեսը մեծ է եղել, բաժանուել է երկու մասի, այդպիսով՝ երկու ընտանիք է տեղաւորուել այնտեղ։ Երկու ընտանիք Բենիամին գիւղում է տուն ստացել, մէկ ընտանիք՝ մեծ Սարիարում։ Վերջերս մէկական տուն է գնուել Բասէն եւ Հացիկ գիւղերում։ Արցախցիները եւս շատ ոգեւորուած են այս ծրագրով։
Պէտք է շեշտել, որ այս ծրագիրն իրականացնող յանձնախումբը տունը գնելուց յետոյ այն վերանորոգում է, կահաւորում, եւ նոր միայն յանձնում արցախցիներին։ Վեց ընտանիք արդէն նոր տներում է ապրում, միւսները առաջիկայում կը տեղափոխուեն նոր օճախներ։

«Մայիսին առաջին ընտանիքը տեղափոխուեց նոր տուն։ Պարոն Նուէրի ընտանիքն էր, որն Ախուրիկում տուն ստացաւ։ Նա պատերազմում մէկ ձեռքը կորցրել է, բայց միայն աջ ձեռքով այնպիսի հողամշակութիւն է անում, այնքան լաւ է հոգ տանում այգուն։ Այդ տունն ու այգին ծաղկել էին, պտղատու ծառերը պտուղ էին տուել։ Շատ-շատ աշխատասէր մարդիկ են։ Երկրորդը այն տունն էր, որը մեծ էր, ու երկու մասի բաժանեցինք․ այն նոյնպէս Ախուրիկում էր։ Մայիսին այդ երկու ընտանիքներն էլ տեղափոխուեցին այդ տունը»,- մանրամասնեց Մարօ Քէշիշեանը։
Հոկտեմբերի 16-ին յատուկ արարողութիւն տեղի կ’ունենայ, եւ արցախցիները կը ստանան այն վկայագրերը, որոնցով արդէն պաշտօնապէս նրանց կը յանձնուեն այդ տները, իսկ բուն փաստաթղթերը (որոնցում արդէն կը նշուի, որ ընտանիքը բնակարանի սեփականատէրն է) նրանց կը յանձնուի 10 տարի յետոյ։
«Այդ տների բացման արարողութիւնը Բենիամին գյուղում ենք անելու, մեծ շուքով տօնելու ենք»,- նշեց Մարօ Քէշիշեանը։ Հոկտեմբերին ՀՕՄ-ը նշելու է 115-ամեակը, եւ դրա շրջանակում բազմաթիւ միջոցառումներ են անցկացուելու։
ՀՕՄ-ն առաջիկայում նոր ծրագիր է իրականացնելու նաեւ Սիւնիքում։ «Ոչ թէ անպայման տներ նուիրելու ծրագրով, այլ ուզում ենք Սիւնիքը զօրացնել, եւ այնտեղ հաստատուած արցախցիներին որեւէ ձեւով դիւրացնել նրանց կեանքը, որպէսզի մնան հայրենիքում, չգնան արտերկիր»,- մանրամասնեց Մարօ Քէշիշեանը։
Նրա հետ զրոյցն աւարտեցինք՝ Արցախի մասին խօսելով։
«ՀՕՄ-ն արցախցիների հետ ամէնօրեայ շփումների մէջ է․ մեզ դիմում են, մենք իրենց օգտակար ենք լինում։ Իւրաքանչիւրը, որ գալիս է օգնութիւն խնդրելու, արդէն աչքերից էլ հասկանում ես, որ նա մելամաղձոտ է, սրտնեղած է։ Բայց մի բան կայ նրանց մէջ․ շատ զօրաւոր կամքի տէր են․ նրանք յոյս ունեն, հաւատում են, որ նորից պիտի վերադառնան Արցախ ու պիտի ապրեն անցեալի՝ իրենց փառայեղ օրերը։ Ես եւս անձնապէս շատ կապուած եմ Արցախին։ Շրջափակումից առաջ վեց ամիս այնտեղ ապրեցի, երիտասարդութեան հետ ՀՄԸՄ-ի աշխատանքներ տարի, ծանօթացայ շրջապատին․ իսկապէս այդ երկիրը չի՛ կարելի տալ թշնամուն․ շատ գեղեցիկ եւ բերրի հող ունեցող, հիանալի հանրապետ ութիւն է, որը, վստահ եմ՝ պիտի վերադարձուի մեզ։ Արցախցին, իսկապէս, զօրաւոր կամքի տէր է։ Ի հարկէ, կան նաեւ այնպիսիք, որոնք յուսահատուած են՝ մանաւանդ տարեցների շրջանում կան նման մարդիկ, ասում են՝ արդեօ՞ք պիտի նորից գնանք, պիտի տեսնենք․․․ բայց մենք քաջալերում ենք նրանց եւ նրանք յուսադրւում են։ Մենք Արցախի հետ ենք։ Արցախը մերն է եւ մերը պիտի մնայ»,- եզրափակեց Մարօ Քէշիշեանը։
Յասմիկ Բալէեան