Շուշիի «Վարանդա» Երգչախումբի «Երգող Արցախ» Երգչախմբային Համերգաշարին Առիթով` Խմբավարին Խօսքը

Յօդուածներ – Զրոյցներ

Աւելի քան երեսուն տարի առաջ, երբ պոռթկաց Արցախ աշխարհը, երբ պայթեց արցախեան շարժումը, երբ ոտքի կանգնեց համայն հայութիւնը, հայ կեանք մտաւ մի ԲԱՌ, որ կրում էր ոգի եւ ուժականութիւն: Այդ Բառի վրայ խարսխուեցին յաջորդական յաղթանակներ: Այդ Բառը իր խորհուրդն ունէր. յուսադրում, ներշնչում ու ոգեշնչում, գօտեպնդում էր ու միացնում, մի յայտարարի բերում հայերին` որտեղ էլ լինէին:

Այդ բառը Եռամիասնութիւնն էր, որ հնչում էր ոչ միայն իր բառարանային իմաստով: Երբ կորցրեցինք այդ Բառ-ի խորհուրդից բխող մեր ազգային զգօնութիւնն ու միաժամանակ  հեռացանք մեր ազգային արմատներից ու արժեհամակարգից, հեշտ եղաւ մեզ մասնատել, սեւի ու սպիտակի բաժանել, արցախցու եւ հայաստանցու, հայաստանցու – սփիւռքահայու պիտակաւորումով տրոհել:

Երաժիշտիս համար այն բարեհունչ էր ինչպէս «մաքուր եռահնչիւն»-ը եւ ենթադրում էր ներդաշնակութիւն. ներդաշնակութիւն իրար հետ, ներդաշնակութիւն մէկ ընդհանուր թոնայնութեան մէջ, ու հզօրութիւն. չէ՞ որ մէկ եռահնչիւնը աւելի հզօր է, քան` երեք առանձին հնչիւնները:

Պատահեց այնպէս, որ մենք այժմ «մաքուր եռահնչիւնի փոխարէն` ունենք այլ բան:

Մեր եռահնչեան երեք հնչիւնները, թէեւ` նորից նոյն թոնայնութեան մէջ, սակայն այժմ խժալուր եռահնչիւն են կազմում: Ապրում ենք այն դաժան իրականութեան մէջ, որն ունենք ու միգուցէ որին արժանի ենք մենք` մեծերս, չափահասներս:

Սակայն մեզ հետ այս նոյն իրականութիւնն է ապրում մատաղ սերունդը: Նա, որ մեղքի ամենադոյզն բաժինն իսկ չունի այս ստեղծուած իրականութեան մէջ, սակայն ում «գլխին է ջարդւում» հետեւանքների մեծ մասը: Նրանք, որ մի օրից միւսը միանգամից մեծացան, պապենական տուն ու տեղ կորցնելով, ծնող ու եղբայր կորցնելով, վիրաւորի հոգսերով ու առօրեայ կենցաղային բեռան տակ ընկնելով` կորցրեցին նաեւ իրենց մանկութիւնը: Չապրեցին այն:

Ահա երկրորդ տարին է, որ Արցախից հեռու` մենք հաւաքւում ենք ա՛յս պայմաններում:

Հաւաքւում ենք ու երգում, որ մեղմենք մեր հոգեխոցը, որ ապրենք վիշտը` չթողնելով, որ այն մեզ ծնկի բերի: Որ` մնանք այն թոնայնութեան մէջ, այն յայտարարի տիրոյթում, որտեղ մեր եռահնչիւնները մաքուր են յիշւում: Որ` նորովի ոգեւորուենք ու ոգեւորենք: Եւ որպէս մեր վաղուայ օրուայ պայծառութեան առհաւատչեայ` մեր մաքուր եռահնչիւնները վերյիշեցնեն վերոնշեալ Բառի խորհուրդն ու կարեւորութիւնը:

Երգում ենք, որ մեր մէջ վառ ու թրթռուն մնայ մեր Արցախ աշխարհը, որ` առօրեան իր դաժան հեւքով ու կշռոյթով այն չհանի ո՛չ մեր լեզուից, ո՛չ մեր մտահորիզոնից, որպէսզի ամրապնդենք արցախեան մեր կեանքի պայծառ յիշատակները, ու որ` չխամրեն մեր երազանքները: Որ` չզիջենք մեր երազանքները յաջորդ սերնդին, այլ ամէն օր գործենք դրանց իրականացմանն ի խնդիր:

Այս գիտակցութեամբ է, որ հայրենի մի տասնեակ բանաստեղծներ եւ երաժշտահաններ մեզ համար երկնեցին ու նուիրեցին նոր խմբերգներ, որոնց առաջին կատարումներն են, որ այսօր հնչում: Շնորհակալ ենք, որ նրանք մեզ հետ են ու մեզ հաւատում են: Այսպիսով, մենք վերադառնում ենք միշտ նորաստեղծ խմբերգներով ներկայանալու մեր աւանդներին: Անցնող 33 տարիներին մեզ համար ստեղծագործուած 138 երգերին այս տարի աւելացաւն եւս 14-ը, որոնք նոյնպէս եռամիասնութեան թոնայնութեան մէջ են:

Նոյն այս գիտակցութեամբ է, որ իմ մի քանի ընկերները, ազգականները եւ «Երգող Արցախ» երգչախմբային ծրագրի գլխաւոր հովանաւոր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Արեւելեան Միացեալ Նահանգներու առաջնորդարանը` ի դէմ բարեջան առաջնորդ  Անուշաւան արք. Դանիէլէանի եւ Սուրբ Լուսաւորիչ մայր եկեղեցին` ի դէմ  հոգեւոր հովիւ Մեսրոպ քհնյ. Լագիսեանի, շարունակում են հաւատալ ու աջակցել այս եւ նման ծրագրերի: Կրկին շնորհակալութիւն:

«Հեքիաթի վերջում յաղթում է բարին. չքնե՛ք, տղանե՛ր, չքնե՛ք»,- ասում է մեր սիրելի բանաստեղծ Եուրի Սահակեանն իր երգուած բանաստեղծութիւններից մէկում:

Ես խորապէս հաւատում եմ, որ բարու, արդարութեան յաղթանակը միայն հեքիաթներում  տեղի չի ունենում, եթէ…

                                                                             Ձեր`
Պարոն Զաքար