Արցախի Հարցը Չի Կրնար Լուծուած Համարուիլ Երբ Ամբողջ Ժողովուրդ Մը Կը Մնայ Արմատախիլ Եւ Զրկուած Է Իր Անօտարելի Իրաւունքներէն

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԱՀԱՆՈՒԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԱՆՈՒՆՈՎ ԴԻՄԵՑ ԵԱՀԿԻ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիէլեան Ազգային ժողովի բոլոր խմբակցութիւններուն եւ պատգամաւորներուն անունով, նաեւ՝ Արցախէն բռնի տեղահանուած ժողովուրդին անունով նամակով մը դիմեց ԵԱՀԿ-ին մասնակցող պետութիւններուն՝ շեշտելով, որ հակամարտութիւնը չի կրնար լուծուած համարուիլ այնքան ատեն, երբ ամբողջ ժողովուրդ մը կը մնայ արմատախիլ եղած եւ զրկուած է իր անօտարելի իրաւունքներէն։

Դանիէլեանի նամակին մէջ գրուած է հետեւեալը.

«Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի` տղամարդկանց, կանանց եւ երեխաների անունից, որոնք բռնի տեղահանուել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով եւ մտահոգութեամբ դիմում ենք ձեզ` Հայաստանի եւ ազրպէյճանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով:

«Տասնամեակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը: Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրուած ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծուել է, նշանակում է անտեսել մեր ձայնը եւ մերժել մեր դերը գործընթացում:

«Ամենայն յարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետութիւններին իրականացնել իրենց լիազօրութիւնները, այդ թւում` անհրաժեշտութեան դէպքում վետոյի իրաւունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչեւ չստեղծուեն ամուր երաշխիքներ` Լեռնային Ղարաբաղի տեղահանուած հայ բնակչութեան անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն ապահովելու համար:

«Այս իրաւունքը ամրագրուած է Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 13(2) յօդուածում, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի  12(4) յօդուածում եւ վերահաստատուել է Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի Նոյեմբերի 17-ի որոշմամբ :

 «Ցանկացած այլընտրանքային կարգաւորում պէտք է ապահովի հետեւեալ հիմնարար սկզբունքները`

 «• Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի ապահովում:

«• Երկխօսութեան եւ բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացւում են Մինսկի խմբի կողմից:

 «• Մեր ներկայացուցիչների լիարժէք ներգրաւուածութիւնը մեր ապագան որոշող ցանկացած քննարկման մէջ:

«Հակամարտութիւնը չի կարող լուծուած համարուել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արուած, զրկուած իր անօտարելի իրաւունքներից:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպէս Մինսկի խմբի մանդատին` հաստատուած 1995 թուականի Մարտի 23-ին, այնպէս էլ 1994 թուականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին:

«Մեր տեղահանութիւնը ո՛չ կամաւոր էր, ո՛չ էլ պատահական. այն պաշարման, սովի եւ ռազմական յարձակման հետեւանք էր, գործողութիւններ, որոնք միջազգային հանրութեան կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցէագրուել:

«Ի հեճուկս այս զրկանքների, մենք վերահաստատում ենք մեր անսասան յանձնառութիւնը խաղաղ, բանակցուած կարգաւորմանը, որը կապահովի անվտանգութիւն, ինքնորոշում եւ համակեցութիւն: Միջազգային ներգրաւուածութեան վերջին հետքը վերացնելը` առանց հաւաստի եւ ներառական այլընտրանքի, արմատաւորելու է անարդարութիւնը եւ խաղաղութիւնը դարձնելու աւելի անհասանելի:

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացուած Էթնիկ զտման հետեւանքը լեգիտիմացնելու (օրինականացնելու) եւ նման կերպով կոնֆլիկտը (հակամարտութիւնը) հանգուցալուծուած համարելու ցանկացած որոշում անջնջելի եւ արիւնոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմութեան, հեղինակութեան եւ սկզբունքայնութեան վրայ:

«Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին եւ միջազգային իրաւունքի պարտաւորութիւններին համապատասխան:

«Մենք շարունակում ենք պատրաստակամ լինել կառուցողականօրէն համագործակցել ԵԱՀԿ-ի եւ անդամ պետութիւնների հետ` արդար եւ կայուն լուծում գտնելու եւ մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ եւ արժանապատիւ վերադարձը հայրենիք ապահովելու համար:

«Մեր ապագան եւ մեր գոյատեւումը կախուած է ձեր այսօրուայ գործողութիւններից»: