
«Փախստականներու Իրաւապաշտպան Միութիւնը» Յորդորեց Հետեւիլ ազրպէյճանի Մէջ Անօրինաբար Գերութեան Մէջ Գտնուող Հայերուն Ծանր Վիճակին
«Լեռնային Ղարաբաղի փախստականներու իրաւապաշտպան միութիւն»ը Մարդասիրական օգնութեան համաշխարհային օրուան առիթով հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Օգոստոսի 19-ը Մարդասիրական օգնութեան համաշխարհային օրն է` հաստատուած 2008 թուականին ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի (խորհուրդի) բանաձեւով: Այս օրը եւս մէկ ազդակ է բարձրաձայնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած բնակչութեան ոտնահարուած իրաւունքների պաշտպանութեան հրատապ անհրաժեշտութեան մասին:
«Ու թէեւ մարդասիրական օգնութեան համաշխարհային օրուայ նպատակն է շեշտադրել զինուած բախումների եւ աղէտների դէպքում հումանիտար (մարդասիրական) օգնութեան տրամադրման, ինչպէս նաեւ մարդկանց իրաւունքների եւ արժանապատուութեան պաշտպանութեան մասին, հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային համակարգի կոշտ արձագանգի բացակայութեան եւ ազրպէյճանի ցեղասպանական գործողութիւնների պայմաններում խտրական հիմքերով տեւական ընթացք զրկուած է եղել մարդասիրական իրաւունքի երաշխաւորման եւ մարդասիրական օգնութիւն ստանալու հնարաւորութիւնից:
«2020թ․ 44-օրեայ պատերազմի, Լաչինի միջանցքի շուրջ տասը ամիս տեւած շրջափակման եւ 2023թ․ բռնի տեղահանութեան պայմաններում բնակչութիւնը զրկուած է եղել միջազգային մարդասիրական իրաւունքով սահմանուած հիմնարար իրաւունքներից:
«2022 թուականին ազրպէյճանը, անհիմն պատճառներով փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, շուրջ 120 հազար արցախահայերի թողեց ամբողջական շրջափակման մէջ` կասեցնելով ինչպէս կենսական նշանակութեան ենթակառուցուածքների գործունէութիւնը, այնպէս էլ զրկեց մարդասիրական օգնութիւն ստանալու հնարաւորութիւնից` արցախահայերին թողնելով սնննդի, հիգիենայի (առողջապահական), բուժօգնութեան, կենսական դեղամիջոցների սահմանափակման, թերսնման եւ իրաւունքների համատարած խախտումների տիրոյթում:
«Աւելին, ազրպէյճանը արգելափակել էր հէնց միջազգային մարդասիրական օգնութեան տրամադրման առաջնային մանդատ ունեցող Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) կողմից հումանիտար օգնութեան եւ վառելիքի մուտքը Արցախ` թոյլ չտալով տեղափոխել բուժօգնութեան կարիք ունեցող հիւանդներին Արցախից Հայաստան` խաթարելով կենսական դեղորայքի ու այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը:
«Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանութիւնից յետոյ, 2025թ․ Յունիսից ազրպէյճանը նաեւ սկսեց սահմանափակել եւ փակել ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի փախստականների իրաւունքների պաշտպանութեան գրասենեակի եւ այլ մարդասիրական կառոյցների գործունէութիւնը տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի փախստականների իրաւապաշտպան միութիւնը յորդորում է պետութիւններին`
«Համապատասխան արձագանք տալ ազրպէյճանի կողմից զինուած հակամարտութիւնների ընթացքում եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեան դէմ կատարուած յանցագործութիւններին` յարգելով Հաագայի եւ Ժընեւի սկզբունքները,
«Հետեւել ազրպէյճանում ապօրինաբար գերության մէջ գտնուող հայերի ծանր վիճակին, որոնք հետապնդւում են քաղաքական դրդապատճառներով, ենթարկւում են անարդար վերաբերմունքի եւ հալածանքների` յատուկ ուշադրութիւն դարձնելով գերիների ակնյայտ վնասուածքների պատճառների բացայայտմանը:
«Մենք կոչ ենք անում միջազգային կառոյցներին հետեւել միջազգային մարդասիրական իրաւունքին եւ յարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` միւս ժողովուրդներին հաւասար լինելու, արարելու, ապրելու եւ զրկանքներից զերծ լինելու իրաւունքը եւ կոշտ գնահատական տալ ազրպէյճանի կողմից ռասայական (ցեղային) ատելութեան շարունակուող դրսեւորումներին»: