
Տէր Կանգնենք Մեր Յաղթանակին` Վերակերտելով Նոր Յաղթանակներ․ «Ապառաժ»
Խմբագրական
Արցախում Մայիս 28-ի խորհուրդը իւրօրինակ էր ընկալւում, այն հպարտութեան եւ վերակերտման տօն էր, յաղթանակի արժեւորման, պետութեան հիմքի, ազգային գաղափարաբանութեան, սեփական ուժի նկատմամբ հաւատքի ընկալում։
Մայիս 28-ը մեր հաւատքն էր պայքարի ու յաղթանակի կերտման։ Այդ ոգին էր, որ առաջնորդեց մեր մարտիկներին Արցախեան բոլոր պատերազմներում։ Յաճախ ենք կրկնում, որ Արցախը Սարդարապատ էր, այո’, Սարդարապատ էր, որտեղ զինուորն իր զէնքը ցած չդրեց, որտեղ զինուորը պայքարեց եւ կերտուեց հայկական երկրորդ պետականութիւնը` Արցախի Հանրապետութիւնը։
Այսօր մեր պարտութեան ու նահանջի, մեր հայրենիքի կորուստի համար պէտք է գիտակցենք, որ չպէտք է հրաժարւենք մեր պայքարից, մենք կորցրեցինք, որովհետեւ չունեցանք ազգանուէր, հայրենատէր առաջնորդ…
Տեղին է յիշել Զօր. Նազարբեկեանի կոչը. «…Եթէ այժմ զէնքով չկարողանանք պաշտպանել մեր ազատութիւնն ու ունեցուածքը, ապա մենք արժանի չենք գոյութիւն ունենալու որպէս ինքնուրոյն ժողովուրդ եւ այն ժամանակ վա՛յ մեզ ու մեր յետնորդներին: Մեր որդիներն ու թոռները միմիայն անէծքով կը յիշեն մեզ: Մենք մեր յոյսը պէտք է դնենք միմիայն մեր սեփական ուժերի վրայ եւ եթէ այժմ առանց ժամանակ կորցնելու չօգնենք մեր զօրքին, չլայնցնենք նրա շարքերը զինուորներով եւ չմատակարարենք նրան անհրաժեշտ մթերքներ — մենք կորած ենք: Լաւ իմացէք, եթէ այժմ զէնքով չնուաճենք մեր ազատութիւնն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագայ — այլեւս երբեք չի յաջողուի այդ բանը ո՛չ մեզ եւ ոչ մեր սերունդներին»:
Այսօր վտանգուած է Արցախի պետականութիւնը, բոլոր քայլերը միտուած են Արցախի հարցը փակելու, պաքուի բանտերում են Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարները, Հայաստանի ներկայ իշխանութիւնները հրաժարւում են ազգային առաջնահերութիւններից, այս կործանարար ընթացքը շարունակւում է։
Պատահական չէ այսօր թուրքիայի նախագահի այցն Արցախ, մինչ ՀՀ ներկայ իշխանութիւնը յայտարարում է, որ ուրիշ հայրենիք չունի՝ էրդողանը Արցախ է մեկնում, սա եւս մէկ ապտակ է, որ ամբողջ հայ ազգին է ուղղուած։ Ազգային զարթօնքն անխուսափելի է, կամ այսօր, կամ երբեք, չպէտք է թողնել, որ մեր որդիներն ու թոռներն անէծքով յիշեն մեզ։
Փա՛ռք Հայրենիքի ազատագրման պայքարի նուիրեալ մեր բոլոր ժամանակների հերոսներին, տէր կանգնենք յաղթանակին՝ վերակերտելով նոր յաղթանակներ․․․