
Պէտք է Հետեւողականօրէն Մերժել Սահմանադրութեան Փոփոխութեան Օրակարգը․ Անիկա Հայերու եւ Հայաստանի Շահերուն Հետ Կապ Չունի․ Վարուժան Գեղամեան
Պատմական գիտութիւններու թեկնածու, թիւրքագէտ Վարուժան Գեղամեան Facebook-ի իր էջին մէջ կը գրէ․
«Ամէն օր, երբ դուք զբաղւում էք ձեր գործերով, ես էլ զբաղւում եմ իմ առաջնային գործով՝ հետեւում եմ, ուսումնասիրում եմ եւ վերլուծում են այն ամէնը, ինչ կատարւում է թուրքիայում ու ազրպէյճանում եւ նրանց շուրջ։
Դա իմ գործն է։
Ցաւօք, ամէն օր ես տեսնում եմ, թէ ոնց են այդ երկու երկրում մշակում Հայաստանի դէմ նոր գործողութիւններ, որոնք չեն մնում թղթի վրայ. դրանք շատ արագ վերածւում են ծրագրերի, որոնց մասին մեր հանրութիւնը տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ մեզ ուղղուած հարուածը հասնում է տեղ ու մեզ հերթական կորուստը պատճառում։
Ամէն օր ես տեսնում եմ, թէ ինչպէս են ծրագրւում Հայաստանի դէմ նոր պահանջները եւ որն է դրանց իրական նպատակը, այլ ոչ թէ այն, թէ ինչ են մեզ ու արտաքին աշխարհին յայտարարում։ Տեսնում եւ համոզւում եմ, որ այդ պահանջները ոչ մի կապ չունեն մեզ հետ խաղաղութիւն հաստատելու հետ։ թուրք-ազրպէյճանական կողմում կայ բացառապէս մէկ նպատակ՝ թուլացնել, մաշեցնել եւ բառիս ուղիղ իմաստով վերացնել հայկական պետութիւնը։ Ու չկայ որեւէ մէկը, որ կարող է հակառակում համոզել կամ առաւել եւս՝ ապացուցել դա։ Չկա՛յ։
Այս պահին Հայաստանի դէմ դրուած պահանջների ցանկը մեծ է։ Սահմանադրութեան փոփոխութիւնը՝ մեր սահմանադրութեան թուրքացումը դրանցից ընդամէնը մէկն է, որը նպատակ ունի իրաւական հիմքեր ստեղծել Հայաստանի թուրքացման՝ վիլայեթացման համար։ Ես տեսել եմ տասնեակ թուրքական քննարկումներ, յօդուածներ, ելոյթներ, որտեղ նշում են, թէ ինչու է դա պէտք իրենց։
Ի միջի այլոց, թուրքիան 1990-ականներից միշտ էլ փորձել է այս թեման ընդգրկել քաղաքական բանակցութիւնների օրակարգում, բայց Հայաստանի բոլոր իշխանութիւններից հանդիպել է կոշտ պատասխանի եւ ետ քաշուել։
Այսօր պէտք է հետեւողականօրէն մերժել սահմանադրութեան փոփոխութեան օրակարգը։ Այն կապ չունի հայերի ու Հայաստանի շահերի հետ։ Կապ չունի։
Որեւէ պարագայում չպէտք է մտնել նոյնիսկ վերացական քննարկման մէջ այդ թեմայով։ Սահմանադրութիւնը փոխելու օրակարգը բացառապէս թուրքական պահանջ է, որն ալ աւելի է մեզ թուլացնելու։
Հայաստանի անկախութիւնն ու անվտանգ ապագան թուրքիայի պահանջով չի ձեւաւորւում։
Ուստի դէմ եմ վիլեյաթեցմանը, դէմ եմ թրքացմանը։ Ուժեղ ու զարգացող Հայաստանը կը մտածի սահմանադրութեան մասին միայն այն ժամանակ, երբ դա իսկապէս պէտք լինի, այլ ոչ թէ անգարայից ու պաքուից եկած հրամաններով։
Յ.Գ. Նկարում թուրքիայի իշխանութիւնների գլխաւոր մետիաներից «Daily Sabah»-ի յօդուածներից մէկն է, որտեղ հեղինակները պնդում են, որ թուրքիան պէտք է աջակցի Հայաստանի տէ-ֆաքթօ վարչապետին, քանի որ վերջինս կ՝իրականացնի բոլոր թուրքական պահանջները։
Յօդուածը գրուած է դեռեւս 2021 թ. Մարտին»։
Բաժանորդագրվե՛ք իմ թելեգրամին ավելի շատ ու արագ տեղեկություններ իմանալու համար՝ t.me/varuzhandragoman