պաքուի Բանտին Մէջ Գտնուող Ռուբէն Վարդանեանը Կրկին Հացադուլ Յայտարարած է

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

Արցախի նախկին պետնախարար​ Ռուբ-ն Վարդանեանը ընտանիքի հետ հեռախօսազրոյցի ժամանակ փոխանցած է միջազգային հանրութեան ուղղուած իր յայտարարութիւնը՝ ի նշան կեղծ «դատավարութեան» դէմ բողոքի.

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս յայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացուող դատական ֆարսի (կեղծիք, «ԵՌԱԳՈՅՆ»): Սա իմ պատասխանն է միջազգային իրաւունքի եւ ազրպէյճանի դատավարական իրաւունքի նորմերի (չափանիշ, «ԵՌԱԳՈՅՆ») կոպտագոյն խախտումներին: Այն, ինչ կատարւում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարութիւն: Դա քաղաքական շոու (ցուցադրութիւն, «ԵՌԱԳՈՅՆ») է, որտեղ ցուցադրաբար արհամարհւում է արդար դատաքննութեան իմ իրաւունքը:

Վերջին մէկ ամսուայ ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Պերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարեւոր է, որ «դատաքննութիւնը» լինի օբյեկտիվ (առարկայական, «ԵՌԱԳՈՅՆ»),  այլ ոչ թէ իմիտացիոն (նմանողական, «ԵՌԱԳՈՅՆ») բնոյթ կրի:

Ցաւօք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղուած է իմ դէմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանուած՝ կարծիքի արտայայտման ազատութեան եւ քաղաքական մասնակցութեան իմ իրաւունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնեայ հայ բնակչութեան իրաւունքները:

Չնայած որ ազրպէյճանը հանդիսանում է Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի (համաձայնագիր, «ԵՌԱԳՈՅՆ») ու Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացւում է բոլոր կիրառելի իրաւական նորմերի եւ իրաւական ընթացակարգերի կոպտագոյն խախտումներով՝

-Իմ գործը քննում է ապօրինի ռազմական, ոչ թէ քաղաքացիական դատարանը:

-Ես չեմ ունեցել լիարժէք հասանելիութիւն մեղադրական եզրակացութեանն ու իմ դէմ ներկայացուած այսպէս կոչուած «ապացոյցներին». ազրպէյճաներէնով գրուած 422 հատոր նիւթերին ծանօթանալու համար ինձ տրամադրուել է ընդամէնը 21 աշխատանքային օր:

-Ինձ ներկայացուած «մեղադրական եզրակացութիւնը» պաշտօնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրուած չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանութեան մէջ անգամ թոյլ են տրուած այնպիսի սխալներ, որոնք հնարաւորութիւն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացուած մեղադրանքների էութիւնը:

-Ես զրկուած եմ պաշտպանութեան իրաւունքից. սահմանափակւում է իմ փաստաբան Աբրահամ Պերմանի հասանելիութիւնը գործի նիւթերին, առգրաււում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրայ: Բացի այդ, իմ միջազգային իրաւաբանական թիմին (խումբ, «ԵՌԱԳՈՅՆ») արգելուել է շփուել կամ հանդիպել ինձ հետ եւ հասանելիութիւն ունենալ գործի նիւթերին:

-Ինձ թոյլ չի տրւում հրաւիրել պաշտպանական կողմի վկաների եւ բողոք ներկայացնել ընդդէմ այն խախտումների, որոնք թոյլ են տրուել նախաքննութեան եւ դատաքննութեան ընթացքում:

-Բոլոր նիստերն անցկացւում են գաղտնի եւ հանրութեան համար փակ: Միջազգային լրագրողների եւ միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտւում է:

Այս «դատաքննութիւնը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչութեանը: Սա հարուած է՝ ուղղուած մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարւում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպութիւններին, իրաւապաշտպաններին, լրատուամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրութիւնն է պահանջում: Արդարադատութեան իմիտացիան ապօրինութիւնն ու անարդարութիւնն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանգ թողնելը ճանապարհ է հարթելու ապագայ ողբերգութիւնների համար՝ թշնամանքի ու ատելութեան նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտութեան, օրէնքի ու հումանիզմի (մարդկայնութիւն, «ԵՌԱԳՈՅՆ») միջոցով է հնարաւոր տարածաշրջանում արդարութիւն ու խաղաղութիւն ապահովել։

Ռուբէն Վարդանեան

18 Փետրուար, 2025թ.»: