
Արտաքին Աշխարհէն Արցախի Կտրուած Ըլլալը Աշխարհին Չի Հետաքրքրեր, Մենք Մինակ Ենք․ «Հետք»-ի Խմբագիր
«Հետք»-ի գլխաւոր խմբագիր Էդիկ Բաղդասարեան Facebook-ի իր էջին մէջ կը գրէ․
«Պապս չէր թողնում մեր ձորակով թուրք անցնէր: Նրան շատ աղօտ եմ յիշում, գրեթէ չեմ յիշում, ընդամէնը մի դրուագ՝ գիւղամիջեան ճանապարհին ձեռքս բռնած քայլում էինք, ինքը շատ բարձրահասակ էր եւ կռացած էր ձեռքս բռնել, էլ ոչինչ չեմ յիշում: Սկսել եմ ինձ մեղադրել, որ չեմ յիշում: Փոքր էի, 2,5 տարեկան: Նրա մասին պատմութիւններն ուշ եմ իմացել: Վերջին անգամ նրա մասին պատմել էր հօրաքրոջս աղջկայ ամուսինը, որն անցեալ տարի մահացաւ, մեր գիւղը՝ Քարին տակը գրաւելէ ետք։ Նրանք էլ են կորցրել իրենց տունը:
Հարազատներս, ընկերներս ինչպէ՞ս են շարունակելու ապրել, նրանց տները Շուշիում են, Քարին տակում, Ստեփանակերտում, Հադրութում: Տուն կորցրած մարդկանց հետ դժուար է զրուցել, ինչի՞ մասին կարող ես խօսել այդ մարդկանց հետ: Նրանց ամբողջ կեանքն էդ տների հետ է շաղկապուած: Նրանցից շատերը հենց իրենք են կառուցել իրենց տները, մի մասն էլ հօրական, պապական տներում էր ապրում: Չեմ ուզում հանդիպել նրանց:
Մի շաբաթ առաջ Երեւանում ապրող ընկերներիցս մէկը զանգեց, ասաց՝ ինչո՞ւ չես երեւում, արի՝ կը զրուցենք: Ասում եմ՝ ի՞նչ կայ զրուցելու: Ասում է՝ լաւ, գոնէ կը նստենք իրար հետ: Նրանք հարցեր են տալիս ռուսներից, ամերիկացիներից, եւրոպացիներից: Հարցնում են՝ չեն կարո՞ղ մի բան անել: Ասում եմ՝ ոչ, որեւէ մէկը որեւէ բան չի անելու: Հարցերն ուրիշ ձեւով են փորձում ձեւակերպել, բայց նոյն պատասխանն եմ տալիս, որեւէ մէկը չի օգնելու: Մենք մենակ ենք, ասում եմ: Իսկ հիմա Արցախը լրիւ կտրուել է արտաքին աշխարհից, պաշարուած է: Սնունդը վերջանում է, հիւանդների դեղերը վերջանում են: Աշխարհին չի էլ հետաքրքրում դա: Աշխարհը իր ճոճքի մէջ ապրում է սովորական կեանքով: Ու հիմա եմ հասկանում, թէ պապս ինչու էր ղաչաղ դարձել ու մի քանի հոգով ձորակ էին պահում: Նրա երեք եղբայրները կուլակաթափութեան ժամանակ իրենց ոսկիները վերցրել են ու փախել Ղարաբաղից: Մէկը տնաւորուել էր Տաշքենդում (յայտնի մարդիկ էին դարձել նրա զաւակներ), միւսը՝ Աշխաբադում (երկու դուստրերը Թուրքմենստանի ամենայայտնի բժիշկներն էին), երրորդը՝ Աստրախանում: Մայրս յետոյ նրանց զաւակներին գտել էր: Իսկ պապս, որ եղբայրներից փոքրն էր, չէր գնացել նրանց հետ: Չգիտեմ՝ ինչու չէր գնացել եղբայրների հետ ու յետոյ ղաչաղ էր դարձել»: