Թշնամիդ Կրնաս Սիրել Այն Ժամանակ, Երբ Զինք Միշտ Զսպած Կը Պահես. Տաւուշի Թեմի Առաջնորդ

Յօդուածներ – Զրոյցներ

Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը Sputnik Արմենիայի հետ հարցազրոյցի ընթացքին անդրադարձած է հոգեւորականի առաքելութեան, համացանցի միջոցով մարդոց պատգամներ փոխանցելու, Աստուծոյ` «Սիրէ թշնամիդ» պատուիրանին մասին։

– Սրբազան Հայր, Դուք այն ճանաչւած հոգեւորականներից էք, որ բաւականին ակտիւ է սոցցացներում, յատկապէս որոշ ժամանցային հարթակներում։ Հաշուի առնելով, որ եկեղեցին բաւականին պահպանողական կառոյց է, ինչպէ՞ս է Ձեր սոցցանցային ակտիւութիւնն ընկալւում եկեղեցու կողմից։

– Մենք ինքնախաբէութեամբ չպէտք է զբաղուենք` մտածելով, որ այսօր միայն անձնական յարաբերութիւնների կամ ֆիզիքական շփման միջոցով է, որ մենք կարողանում ենք ուղերձներ եւ պատգամները փոխանցել։ Մարդկութեան մեծամասնութիւնը բնակւում է սոցցանցերում, եւ մենք, ինչպէս մարդկանց տներն ենք այցելում քարոզով, փորձելով մեր ժողովրդին գտնել իրենց բնակավայրերում, սա էլ մի գործիք է, որը բարին է գործադրում` փորձելով ուղերձներն ու պատգամները փոխանցել այդ ճանապարհով։ Այսօրուայ աշխարհն իր պարտադրանքներն ունի, եւ մենք պէտք է ենթարկուենք դրան եւ օգտագործենք բոլոր հնարաւորութիւնները։ Հիմա ուրախ եմ, որ տարբեր հոգեւորականներ օգտագործում են, օրինակ, «Tik Tok»-ը։ Որքան շատ լցուի այդ հարթակը բարիքով, սիրով, գաղափարներով, արժէքներով, այդքան կը նուազեն այն միտումները, որոնք յատկապէս այդ հարթակներով փոխանցւում են մեր կեանք։

 Համացանցում յայտնուեց մի տեսանիւթ, որտեղ Դուք պատգամով դիմում էք մարդկանց`  չվախենալ։ Քրիստոնեան ի՞նչ քայլերի պէտք է դիմի, երբ իրեն վախն է պատում։

– Քրիստոնեայի համար վախ գոյութիւն չունի։ Դա կարծես նաեւ չափման միաւոր լինի։ Ուր որ սէրն է, այնտեղ վախ չկայ, երկիւղ չկայ։ Քրիստոնէութիւնն ունի երկու կարեւոր արժէք, որի շուրջ է ամէն ինչ ծաւալւում` սէր եւ անմահութեան գաղափարը։ Սէրը վերացնում է վախը։ Եթէ սիրում ես հայրենիքը, Աստծուն, այնտեղ վախ չի կարող լինել։ Սիրոյ մէջ գտնւող մարդը վախի մէջ չի կարող լինել։ Իսկ անմահութիւնը… Իւրաքանչիւր մարդ կոչուած է մահկանացու լինելու, մենք վախենում ենք մահուան գաղափարից, բայց դա ամենահարազատն է, մեզ հետ ամէն վայրկեան ու ամէն տեղ ապրողն է։ Դա մեր կեանքից աւելի ճշմարիտ է եւ անփոփոխ։ Մեր երկրի եռաբլուրներում մահուան մէջ ապրող մարդիկ չեն, նրանք անմահութեան մէջ ապրող մարդիկ են, անմահութիւնը հագած մարդիկ են, այլապէս չէին գնայ այդ սխրանքի եւ հզօրութեան ճանապարհով։ Վախն իրենց էլ կարող էր փախցնել առաջնագծից տարբեր ուղղութիւններով։ Վախենալ ոչնչից պէտք չէ։

Եռաբլուրը, դժբախտաբար, երկու մասի է բաժանուած, բայց դա երբեք չի նուազեցնում Եռաբլուրում յանգչող մեր սիրելի հերոսների սխրանքը։ Իրականութիւնը հետեւեալն է` Եռաբլուրի մի հատուածում անհատներից պետականութիւն ենք դարձել, միւս հատուածում` պետականութիւնից վերածուել անհատների կենսագրութեան։ Իրենք յաղթել են, մենք մնացել ենք այդ պարտութեան պարտքի տակ։ Այդ տղաներին մենք վարձահատոյց կարող ենք լինել` իրենց հայրենիք վերադարձնելով։

 Վերջին ժամանակներում շատ է մեկնաբանւում Աստծոյ պատուիրաններից մէկը` «սիրիր թշնամուդ»։ Ասում են` հայ ազգը միակն է, որ ուղղակիօրէն ընդունել է Աստծոյ այդ պատգամը։

– 27 տարի հոգեւոր ծառայութեան մէջ լինելով` միայն այս օրերին եմ ուղղակի զգացել, խորքով ապրել այն, ինչ մեր Տէրը մեզ ասում է` «Սիրիր թշնամուդ, եւ թող ոչ ոք եւ ոչինչ ձեր ուրախութիւնը չգողանայ»։

Այսօր մենք ապրում ենք անսէր եւ գողացուած ուրախութեան ժամանակներում, երբ ուրախութիւնդ գնում է, եւ հոգիդ սնունդ չունի, եւ դատարկւում ես ամբողջութեամբ, ուղղութիւնդ ես կորցնում եւ չգիտես` ինչի մէջ ես ապրում եւ ինչ պէտք է անես։

Թշնամուդ կարող ես սիրել այն ժամանակ, երբ դու իրեն միշտ զսպած ես պահում, երբ դու իրեն պարտադրում ես այդ սէրը քո կողմից` այնքան ուժեղ ես եւ զօրաւոր, որ նոյնիսկ սիրել-չսիրելու կարիքն էլ չունես։ Դա պարտադրանքով է լինում, ստիպելով է լինում, եւ դա թոյլերի եւ խեղճերի գործ չէ։

 Այսօր մենք ո՞ր կարգավիճակում ենք։

– Մենք այսօր նուաստի եւ ստորացուած լինելու կարգավիճակում ենք։ Եւ այդ հանգամանքով փորձել սիրել թշնամուն` անպատասխան սիրոյ պատմութիւն կը լինի, եթէ չասեմ` մորթուելու պատմութիւն։ Այո՛, սէրը նաեւ պարտադրանքով է լինում։ Մեր Տէրն էլ իր խաչելութեան պարտադրանքով ցոյց տուեց իր սէրը։ Երբեք որեւէ զիջումի չգնաց, այլ իր սահմանած նպատակի համար գնաց մինչեւ վերջին աստիճանը եւ այդպիսով պարտադրեց, եւ չուշացաւ իր յարութեան յաղթանակը։ Դա սիրոյ պատմութիւն էր, բայց երբեք խեղճի, թշուառի, յանձնուածի ու խնդրողի պատմութիւն չէր, այլ պահանջողի, թելադրողի. սա է սիրելը թշնամուդ։ Իսկ մարդիկ մեկնաբանում են իրենց յարմարեցնելով։

 Եկեղեցին մշտապէս իր կարեւորագոյն դերն է ունեցել հայոց պատմութեան ճանապարհինդարեր շարունակ պետականութեան բացակայութեան պայմաններում ստանձնել է առաջնորդի առաքելութիւնը։ Ի՞նչ էք կարծումչի՞ հասունացել պահըկրկնելու պատմութիւնը։

– Եկեղեցին այնքանով, որքանով պահանջուած է լինելու, իր առաքելութիւնը կը կատարի։ Եթէ հասունանում է պահը առաջնորդութիւնը ստանձնելու, ես առաւել համոզուած եմ, որ դա տեղի կ՝ունենայ, թէպէտ կ՝ուզէի` այդպէս չլինէր։ Եկեղեցին երկուհազարամեայ պատմութեան ընթացքում շատ յաճախ ակամայից է ստիպուած եղել պետականութիւնը կրելու, փորձելու իր ֆիզիկական հայրենիքի վրայ պահպանել ու փայփայել ժողովրդին` երազում տեսիլք ունենալով, որ մի օր այդ ֆիզիքական հայրենիքի վրայ կը կառուցուի նաեւ իր պետականութիւնը։ Որքան էլ այսօր կամ ընդհանրապէս վերջին ժամանակներում փորձում են տարբեր իմաստներով հարուածել եւ եկեղեցին համարել պետականաքանդ, կա՛մ միտումնաւոր են անում, կա՛մ լաւ չգիտեն, կա՛մ մենք ենք թերացել։ Սահակ Պարթեւի խօսքը` «ես չեմ կարող իմ հիւանդ գառնուկին փոխել առողջ գայլի հետ, որի գոյութիւնն արդէն իսկ սպառնալիք է մեզ համար», բանաձեւ է, որը կարմիր թելով որպէս գործողութիւն անցնում է բոլոր ժամանակներով։ Եկեղեցին միշտ է մտածել ազգի թէ՛ հոգեւոր, թէ՛ ֆիզիքական անվտանգութեան եւ զարգացման մասին։ Այո՛, վնասել է եկեղեցին իր բուն առաքելութիւնը, բայց կարողացել է ֆիզիքական գոյութիւնը պահպանելով` հասցնել 21-րդ դար եւ կանգուն մնալ։

 Ձեր հարցազրոյցներից մէկում ասել էք, որ հոգեւոր Հայաստանը պարտուեց «նոր Հայաստանին», ինչո՞ւմն էր թուլութիւնը։

– Հոգեւոր Հայաստանն այն բարձր արժէքներն են, որտեղ մարդը լայն իմաստով իր կոչման համաձայն աստուածային դառնալու ճանապարհի մէջ է մտնում, չի վախենում սիրելուց եւ զոհաբերուելուց։ Հոգեւոր Հայաստանն այնտեղ է, որտեղ հայրենիք ես սիրում, որտեղ քո հայրենիքը քեզ համար միայն բնակավայր, արօտավայր կամ սուպերմարկետ դառնալու միջավայր չէ, այլ սրաբազան իրականութիւն, որքան էլ այն ծաղրեն։ Ցաւալիօրէն «Նոր Հայաստանում կայ գերադրական աստիճանի ատելութիւն, թշնամութիւն, հպարտութիւն` հպարտ քաղաքացիներից կազմուած, որի տակ ոչինչ չկայ դատարկութիւնից բացի։ Աստուած մարդուն մէկ բերանով եւ երկու ականջով է ստեղծել` շատ լսելու եւ քիչ խօսելու, բայց այսօրուայ ժամանակաշրջանում մարդն աւելի շատ բերանով է մտածում։ Այսպիսին է «նոր Հայաստանը»։ Ասել եմ` հոգեւոր Հայաստանը պարտուել է «նոր Հայաստանին», որովհետեւ մենք պարտուել ենք մեղքին, որովհետեւ իրական Հայաստանը պարտուել է ֆէյսպուքեան Հայաստանին, որովհետեւ տաճարը պարտուել է փողոցին, ճշմարտութիւնը` ստին, հոգին` «դուխին», իսկ ես ասում եմ, որ հոգեւոր Հայաստանը պէտք է յաղթի «նոր Հայաստանին»։ Դա ոչ միայն ցանկութիւն է, այլ նաեւ անհրաժեշտութիւն եւ պարտադրանք։