Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը Վերաբացուած Է
«Չնայած նրան, որ Շուշիի տեխնոլոգիական (արհեստագիտական, ԵՌԱԳՈՅՆ) համալսարանը 2 անգամ փոխել է իր հասցէն, բայց անունը մնացել է անփոփոխ, դա մեզ համար սկզբունքային էր, պահպանել հայկական Շուշիի անունը»,- MediaHub-ին ըսած է համալսարանի ՇՏՀ ուսանողներու հետ աշխատանքներու իրականացման գծով տնօրէնի տեղակալ Արեւիկ Յարութիւնեանը։
Ան, իր եւ գործընկերներուն ուրախութիւնը կիսելով, ընդգծած է, որ ուսումնական նոր տարին պիտի սկսի Երեւանի մէջ՝ իր շուրջը հաւաքելով ոչ միայն արցախցի ուսանողները։
«Մեզ տրամադրուեց լիցենզիա (արտօնագիր, ԵՌԱԳՈՅՆ), որպէսզի շարունակենք մեր գործունէութիւնը։ Համալսարանը գործում էր Շուշիում։ Դա Արցախի ամենամեծ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններից մէկն էր՝ բաղկացած 4 մասնաշէնքերից։ 2020 պատերազմին՝ Շուշիի անկումից յետոյ տեղափոխուեցինք Ստեփանակերտ, այնտեղ մեզ տրամադրուեց նոր պայմաններ։ 3 տարիների ընթացքում կայացանք մեծ դժուարութիւններով։ Տարեցտարի աւելանում էր ԲՈՒՀ ընդունուել ցանկացողների թիւը, եւ դա մեզ պարտաւորեցնում էր»,- պատմած է փոխ տնօրէնը։
2023 թուականի պատերազմէն ու գաղթէն ետք ՇՏ համալսարանի ուսանողներն ու դասախօսական կազմը ցրուեցան ՀՀ տարբեր ուսումնական հաստատութիւններ։ «Դժուար էր ե՛ւ մեզ համար, ե՛ւ ուսանողների համար։ Շատ կապուած էինք միմեանց հետ։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի վերաբացումով կը պահպանենք ԲՈՒՀ-ի աւանդոյթները, գիտական բարձր մակարդակն ու հաւասար պայմաններ կը ստեղծենք բոլոր ուսանողների համար»։
Ի դէպ ընդունման յայտերը արդէն կ՝ընդունուին Յուլիս 8-էն եւ կը շարունակուի մինչեւ Օգոստոսի վերջ։ «Սա արցախցիների համալսարանը չէ, այլ բոլոր ցանկացողների, ովքեր ուզում են ուսանել ՇՏՀ-ում։ Այնպէս որ համալսարանի դռները բաց են բոլոր դիմորդների համար»,- նշած է Արեւիկ Յարութիւնեան։