ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի Ջանքերով` Գանատան Կասեցուցած է Թրքական Ընկերութիւններուն Տրամադրուած Ռազմական Արտադրանքի Արտահանման Արտօնագրերը

Աշխարհ, Սփիւռք

Ապրիլի 12-ին Գանատայի արտաքին գործերի նախարար Մարկ Կարնիոուն յայտարարութիւն է տարածել, ըստ որի` ղարաբաղեան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Գանատական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննութեան աւարտից յետոյ, Գանատական կառավարութիւնը դադարեցնում է գանատական ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։

Գանատայի արտգործնախարարը փաստուած է համարել Թուրքիայի կողմից գանատական տեխնոլոգիաների կիրառումը ղարաբաղեան պատերազմի ընթացքում և կասեցրել Թուրքիա ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման գործող արտօնագրերը։ Մասնաւորապէս խօսքը գնում է «Պայրակթար» անօդաչուների տեղորոշման և տեսանկարահանման գանատական Wescam համակարգերի մասին, որոնք առանցքային նշանակութիւն ունեն անօդաչու սարքի համար։

Թուրքիային ռազմական նշանակութեան արտադրանքի վաճառքի հետ կապուած հարցերը մշտապէս եղել են ՀՅԴ Հայ դատի Գանատայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւնների շարքում։ Խնդիրը գանատական հասարակական-քաղաքական շրջանակներում սկսեց քննարկուել դեռևս 2019թ․ աշնանը, երբ գանատական կողմը, Հիւսիսային Սիրիա թուրքական ուժերի ներխուժմամբ պայմանաւորուած, կասեցրեց յատուկ նշանակութեան ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային։ Սակայն, Թուրքիան, վարձելով գանատական լոպպիստական կազմակերպութիւնների, 2020թ․ առաջին կէսին մոլորութեան մէջ գցեց Գանատական կառավարութեանը՝ հաւաստիացնելով, թէ «Պայրակթար» անօդաչուների համար անհրաժեշտ գանատական համակարգերը չեն կիրառուելու հարուածային անօդաչուների պատրաստման ժամանակ, այլ բացառապէս օգտագործուելու են Սիրիայում թուրքահպատակ բնակչութեան պաշտպանութեան համար։

Գանատայի կառավարութեան կողմից նման որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետութեանը։ Աշխարհում մեծ չէ այն պետութիւնների թիւը, որոնք Թուրքիայի նկատմամբ ռազմական արտադրանքի վաճառքի արգելք/կասեցում ունեն, բացի այդ Գանատան ՆԱԹՕ-ի առանցքային անդամներից է և Թուրքիայի համար ռազմական նշանակութեան արտադրանքի ձեռքբերման առաջնային շուկաներից մէկը։ Յատկանշական է, որ Թուրքիայի կողմից ձեռքբերուած գանատական ռազմական արտադրանքի ճնշող մեծամասնութիւնը ներառում է հենց Wescam-ի արտադրանքը։ Այսպիսով, այս կասեցումից յետոյ, ռազմարդիւնաբերութեան ոլորտում, գրեթէ ի սպառ խզւում են թուրք-գանատական առևտրային յարաբերութիւնները։ Բացի այդ, գանատական հասարակական-քաղաքական շրջանակներում, խիստ դժգոհութեան առիթ է տուել այն հանգամանքը, որ, ըստ էութեան, Թուրքիան խաբէութեամբ է ձեռք բերել գանատական առաջատար տեխնոլոգիաները։

Խիստ տարակուսելի է, որ Գանատայի արտգործնախարարութեան կողմից հրապարակուած հետաքննութեան մէջ գրուած է. «Գանատան դիմել է Հայաստանին` տրամադրել ցանկացած տեղեկատուութիւն, որը կարող է օժանդակել «Պայրակթար» անօդաչուներում գանատական տեխնոլոգիաների կիրառման փաստին, սակայն Հայաստանի իշխանութիւնները նման տեղեկատուութիւն չեն տրամադրել», փաստօրէն հետաքննութեան ընթացքում չօժանդակելով գանատական իշխանութիւններին։

ՀՅԴ Հայ դատի Գանատայի յանձնախումբը շարունակելու է ջանքերը` հասնելու Թուրքիայի նկատմամբ Գանատայի կողմից ռազմական նշանակութեան ցանկացած արտադրանքի վաճառքի արգելքին։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

13 Ապրիլի 2021 թ.