ՀՅԴ Բիւրոն Կը Դատապարտէ Թուրքերու Գործողութիւնները «Ինքնիշխան Պետութեան Դէմ» Եւ «Ցեղասպան Միտումները»

Հայաստան

Հերթական անգամ ոտնահարելով պետութիւնների և ժողովուրդների միջազգայնօրէն ամրագրուած իրաւունքները, Թուրքիան բացայայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հիւսիս – արևելքում: Ենթադրեալ անվտանգութեան գօտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սիրիայի հողային ամբողջականութիւնը, այլև այդ տարածքներում ապրող քուրդ մեծամասնութեան, ինչպէս նաև ազգային և կրօնական տարբեր փոքրամասնութիւնների, այդ թւում` հայերի անվտանգութիւնը և միտուած է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:

Երկար ժամանակ հովանաւորելով Սիրիայում գործող ծայրայեղականներին, Թուրքիան, ահաբեկչութեան դէմ պայքարի պատրուակով, այսօր ստեղծում է ռազմական գործողութիւնների նոր սրացման, ջարդերի և տեղահանութեան, ահաբեկչական կազմակերպութիւնների վերաշխուժացման և մարդասիրական աղէտի նոր վտանգ:

Մտահոգիչ է, որ այս ամէնը տեղի է ունենում Սիրիայում հաշտութեան և խաղաղութեան մթնոլորտի ձևաւորման, ներքին թնճուկների յաղթահարման ուղղութեամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առաւել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մէջ ներգրաւուած ուժերի և կազմակերպութիւնների անհամարժէք արձագանգը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետութեան նոր յանցաւոր գործողութիւններին:

Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն`

• դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողութիւնները ինքնիշխան պետութեան դէմ և ցեղասպան միտումները քրդական մեծամասնութեան և ազգային փոքրամասնութիւնների դէմ.
• պատրաստակամութիւն է յայտնում օժանդակելու ռազմական գործողութիւնների անմիջական գօտում յայտնուած մեր հայրենակիցների անվտանգութեան ապահովման և նրանց ցուցաբերելիք օժանդակութիւնների հարցերում.
• զօրակցութիւն է յայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին և անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրաւուած տէրութիւնների և միջազգային հանրութեան գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղութիւն ապահովելու ուղղութեամբ:

ՀՅԴ ԲԻՒՐՕ
10.10. 2019թ.