Ստեփանակերտի Ողջոյնը

Յօդուածներ – Զրոյցներ

«Ասպարէզ»

Արցախի արտաքին գործոց նախարարութիւնը ողջունեց Ամներիկայի Միացեալ Նահանգներու  ներկայացուցիչներու տան կողմէ «Ազգային պաշտպանութեան յատկացումներու մասին» օրէնքին մէջ քոնկրեսական Ճուտի Չուի ներկայացուցած առաջարկի ընդունումը:

Ստորեւ՝ Արցախի արտաքին գործոց նախարարութեան անդրադարձը սոյն առաջարկի վաւերացման առիթով.

«Ողջունում ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանութեան բիւջետային յատկացումների մասին» օրէնքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխութեան ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնութեան» կարեւորութիւնը՝ միտուած Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի միջեւ շփման գծում լարուածութեան թուլացմանը: Մասնաւորապէս, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի եւ նոր զինատեսակների հետքաշում, ինչպէս նաեւ հրաձգութիւնների տեղորոշման համակարգերի ներդրում եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի անձնակազմի ընդլայնում:

Համոզուած ենք, որ հրադադարի հետեւողական ամրապնդումը, այդ թւում՝ միջազգային վերահսկման գործիքակազմերի ներդրման միջոցով, կը նպաստի խաղաղ կարգաւորմանն ուղղուած արդիւնաւէտ բանակցութիւնների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Արցախեան կողմը բազմիցս ընդգծել է խաղաղ գործընթացը շարունակելու համար պայմանների ստեղծման կարեւորութիւնը եւ հանդէս եկել շփման գծում լարուածութեան թուլացման եւ վստահութեան ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերեալ տարբեր կառուցողական նախաձեռնութիւններով: Որպէս վերջին օրինակներից մէկը կարելի է նշել պաշտօնական Ստեփանակերտի պատրաստակամութիւնը‘ միջազգային միջնորդներին տրամադրել արցախեան կողմի տեղադրած սահմանային իրավիճակի տեսահսկման համակարգի տուեալները: Աւելին, շփման գծի մշտական տեսադիտարկման տուեալ համակարգը կարող է դառնալ հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մաս:

Դժբախտաբար, ադրբեջանական կողմը հետեւողականօրէն մերժում է ինչպէս արցախեան կողմի, այնպէս էլ միջնորդների կողմից արուած առաջարկութիւնները՝ միտուած ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում լարուածութեան նուազեցմանը, այդ թւում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոտ Էնգելի նախաձեռնութիւնը, որն ԱՄՆ Կոնգրեսում երկու կուսակցութիւնների կողմից մեծ աջակցութիւն ստացաւ:

Յուսով ենք, որ կոնգրեսական Ջուդի Չուի կողմից ներկայացուած փոփոխութիւնը նոր խթան կը հանդիսանայ «Ռոյս-Էնգել առաջարկութիւնների» իրականացման համար»: