Մերը Երկիրն է, Մերը Պետութիւնն է. Լիլիթ Գալստեան

Հայաստան

Այսօր Ազատութեան հրապարակի մէջ #Լրջացէք # Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքին ելոյթ ունեցաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեան: Ելոյթը կը ներկայացնենք ստորեւ` ամբողջութեամբ:

Սիրելի’ հայրենակիցներ

Ուղիղ մէկ տարի առաջ, երբ մեր ամբողջ ժողովուրդը փողոց դուրս եկաւ՝ պայքարելու իր իրաւունքների, արժանապատւութեան, արդար, ապահով  ու զարգացող երկրի համար, մենք նրա հետ էինք։ Նրա հետ էինք, որովհետեւ համոզուած էինք, որ արդար է փոփոխութեան պահանջը: Մենք ինքներս էինք  քննադատում  երկրում տիրող քաղաքական որակներն ու տարիներ շարունակ համակարգային փոփոխութիւնների խնդիր դնում։

Իշխանութիւններն ունէին մի ամբողջ տարի՝ իրականացնելու երկրի եւ մեզանից իւրաքանչիւրի համար այդքան ցանկալի, խորքային, բովանդակային, իսկապէս յեղափոխական փոփոխութիւններ։

Ին՞չ ունենք այսօր․․․

Ընկերներս խօսեցին մեր հանրային կեանքում առկայ մի շարք տագնապեցնող երեւոյթների մասին, որոնք դրդել են մեզ հրաւիրել այս հանրահաւաքը։ Ես  կ’անդրադառնամ երկրում առկայ եւ օրէցօր անտանելի դարձող` ատելութեան եւ թշնամանքի մթնոլորտին։

Սոցիալական պետութիւնը, սէրն ու համերաշխութիւնն իբրեւ իշխանափոխութեան հիմնական կարգախօս դարձրած իշխանութիւնները  բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել։ Դեռ ամիսներ առաջ, երբ հրապարակ նետուեց սեւերի եւ սպիտակների կարճամիտ պիտակաւորումը, փորձեցինք այն վերագրել քաղաքական փորձի պակասին ու էյֆորիկ կարճատեսութեանը։ Սակայն ժամանակը ցոյց տուեց, որ սա ուղղորդուող վարքագիծ է,  որը շարունակեց ունենալ իր մերժելի եւ դատապարտելի դրսեւորումները՝ փողոցային արդարադատութիւն, ներքին թշնամիների փնտռտուք, իբրեւ սողուններ ու բորենիներ անուանարկուող հակայեղափոխականներ։ Եւ, որ ամենասարսափելին է՝ թշնամիներ ու դաւադիրներ փնտրելու ագրեսիւ մոլուցքն ընդհուպ հասաւ Արցախ։

Սիրելի’ երիտասարդ քաղաքական «գործիչներ», միթէ՞ դժուար է հասկանալ, գիտակցել, որ իւրաքանչիւր պետութեան ռազմավարական ռեսուրսներից մէկն էլ տուեալ հասարակութեան բարոյահոգեբանական մթնոլորտն է, միթէ՞ դժուար է հասկանալ, որ բաժանարարներով  ջլատելով պատերազմի անհերքելի վտանգով ապրող ժողովրդին, նրա համերաշխութիւնը, դուք  թուլացնում  ու խոցելի էք դարձնում նրա ոգին, մարտունակութիւնը։ Ժողովուրդը ձեզանից այլ սպասում եւ ակնկալիք ունէր՝ մենք ունէինք ռէալ եւ անթիւ խնդիրներ եւ ձեզանից  տեսանելի,  շոշոփելի  լուծումներ էինք ակնկալում։

Աւաղ, կոնցեպտուալ, հայեցակարգային լուծումներ չկան որեւէ ոլորտում, նաեւ չկայ այն թիմը, որն ունակ է խնդիրներ ձեւակերպել ու լուծել դրանք։ Ձեր թիմը պատրաստ չէ անգամ լսել որեւէ քննադատութիւն,  առաջարկ, երկրին անհրաժեշտ ծրագրեր։ Ձեր հակազդեցութիւնն այնքան բիրտ է ու փողոցային, արդեօ՞ք այսպիսին էր ժողովրդավարութեան ձեր աղճատուած պատկերացումը։

Անհերքելի է՝ ԲՌՆՈՒԹԵԱՆ եւ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ Խօսքը  ԲՌՆՈՒԹԵԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԾՆՈՒՄ: Եւ սա պատահական չէ․ երբ մեթոդաբար հնչեցնում ես պատերին ծեփելու, թեւեր կտրելու, ծնօտ ջարդելու, ասֆալթին փռելու եւ այլ` նման յայտարարութիւններ, դրանք դառնում են  վարքագիծ ու նորմ։ Սա ցածր իրաւագիտակցութիւն ունեցող ժողովրդից ամբոխ ու մանկուրտ կերտելու ամենակարճ ճամապարհն է, իսկ դուք պարտաւոր էիք ՔԱՂԱՔԱՑԻ ձեւաւորել։

Միթէ՞ ձեզ թւում է, որ  հակայեղափոխականների եւ սեւերի թիրախմամբ  ու արհեստական հակադրութեամբ կարող էք հանրութեանը շեղել իրական խնդիրները տեսնելուց։ Ոչ, ի հարկէ:

Ակնյայտ է կազմակերպուած արշաւը ազգային, աւանդական, հոգեւոր  արժէքների վրայ։ Ին՞չ կատարուեց մշակոյթի ոլորտում՝ ոչինչ, եւ աւելի վատ՝ արկածախնդիր ու չկշռադատուած քաղաքականութեամբ ահա մէկ տարի է` կաթուածահար է  ողջ մշակութային դաշտը, մեր ազգային ինքնութեանը սպասարկող  հիմնական կառոյցներից մէկը։

Միթէ՞ չէք տեսնում, որ չսպասարկուող ակնկալիքները հիասթափութեան դռներն են բացում։

Դաշնակցութեան քաղաքական ինքնութիւնը յստակ է` Մերը ԵՐԿԻՐՆ Է ու ՊԵՏՈՒԹԻՒՆԸ, մենք բարդոյթներ չունենք, մենք պարտաւոր ենք զգուշացնել, կասեցնել այն ընթացքն ու վարքագիծը, որը երկիրը տանում է  ցնցումների, արկածախնդրութեան, կորուստների ճանապարհով։

Ձեզ ոչ ոք չի տուել այդ իրաւունքը:  Լրջացէ’ք: