Տիեզերքի Ճամբորդը

Յօդուածներ – Զրոյցներ

Սուսաննա ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Բանասիրական գիտութիւնների դոկտոր

Համազգային տօն է այսօր: Ազգովի  յոբելեան ամենամեծի, ամէնից ազգայինի, բազում դարերի, բոլոր ժամանակների մեր ժողովրդի ամենամեծ ընտրեալի, ամենահարազատի: Ինչ էլ ասելու  լինենք դարձեալ քիչ է լինելու, որովհետեւ  ոչ միայն մեր ոսկեղենիկ հայերէնը, այլեւ մարդկային լեզուն ի զօրու չէ բնորոշելու աստուածայինը: Չէ՞ որ վաղուց է ասուած ու ամրագրուած, որ Թումանեանն է հեքիաթական դարի ասպետը, լուսաւոր աստղը, մեր ժողովրդի գանձն ու պարծանքը, մեր գրականութեան զարդն ու փառքը (Աւ.Իսահակեան) մեր  անկրկնելի հանճարը, զարմանալի զարմանքն ու Անհաս Արարատը (Չարենց) զօրավար­արքան ու Աստուածը (Հրանտ Մաթեւոսեան) Տիեզերքը (Համօ Սահեան), հանապազօրեայ հացը (Գ.Էմին), անհատականացուած ազգն ու լաւաշ հացը (Պ.Սեւակ): Սա դեռ ի՞նչ է որ: Այսպէս  բնորոշում է հայը, ինչը հասկանալի է. չէ՞ որ նախ եւ առաջ մերն է Թումանեանը:

Սակայն չի կարող ազգային մեծութիւնը չլինել համամարդկային, ի՞նչն է  ստիպում օտարին, որ նա Թումանեանին հռչակի իր հանճարով հողագունդն ընդգրկող` «հոգու Աստուածաշունչ» (Նարովչատով): Այն, որ Թումանեանը մարդու եւ արուեստագէտի ներդաշնակ ու հանճարեղ միասնութիւն էր, իբրեւ Մարդ կատարելութիւն ու հրաշք, գիտեն նաեւ վրացիները, որոնց հետ իր կեանքի 40 տարին ապրել է Թումանեանը: Վրացիների ընկալմամբ` «Սուրբ Յովհաննէսը» քաղցր ու, պայծառ , լուսեղէն հանճար է, անբասիր մարդ» «անտեսանելի տէր Հայաստանի», որի անունը յաւիտեան գրուել է վրաց սրնգի վրայ, «մարդկային, փառահեղ Մարդ»` ասպետական հոգով ` յաւիտեան բազմած սուրբ երրորդութեան`  Ֆիրդուսու, Հոմերի եւ Ռուսթաւելու կողքին: Իոսեբ Իիմեդաշուիլուն նա յիշեցնում էր գեղեցիկ հեքիաթ` միշտ օգտակար պտղատու ծառի մասին: Նրա համար Թումանեանը «արեւի առաջին ճառագայթ, վաղորդեան թարմաշունչ սիւք, վաղ գարնանը ձնծաղկի արթնացում, մանուշակի ժպիտ» էր, մարդ, որի հայեացքից մեղր էր ծորում, իսկ  18-ամեայ Նինոյ Տաբիձեն, առաջին անգամ տեսնելով Թումանեանին Ռուսթաւելու պողոտայում, նրան ընկալում է իբրեւ բարձրահասակ մի ծերունի , որ «արեւ էր ճառագայթում» եւ կեանք ու բերկրանք տալիս ողջ շրջապատին: Այդ արեւ ճառագայթող ծերունին ընդամէնը 49 տարեկան էր, իսկ հանդիպման տարեթիւը բանաստեղծի կեանքի ամենաողբերգական շրջանն էր` 1918-ը, հայ ժողովրդի գոյապայքարի  հերոսական ու միաժամանակ ողբերգական գարունը, երբ հայոց պոէտի ուսերին ծանրացել էր  հարիւր-հազարաւոր գաղթականների ու որբերի հոգսը, իսկ սրտում ահագնացել էր հայրենիքի կորստի, ցեղասպանութեան ու անձնական տառապանքը, հայոց վիշտը` իր ողջ ծաւալով: Եւ այդ տառապանքներից աչք չբացող բանաստեղծն իր քայլքով ու մարդկանց պարգեւած ժպիտով Ռուսթաւելու լուսաւոր փողոցում օրը ցերեկով աւելացնում է լոյսը՝ ճառագելով որպէս արեւ:

 Սակայն նրան բոլորը, մենք էլ նրանց հետ միասին չենք կարող մատնացոյց անել Թումանեանի առելի մեծութիւնը: Ո՞վ կարող է չափել մի մեծութիւնը, որի ներսում ամէնքն են, աւելի մեծը դեռ չի ծնուել, որ կարողանայ տեսնել այն:

Մեր ազգային մշակոյթի բազմադարեան կեանքում Թումանեանի անունը հաւասարի իրաւունքով կարող է դրուել միայն Մաշտոցի` որպէս հայ գրերն արարող եւ դրանով  հայ ազգին անմահութիւն պարգեւող, Խորենացու` որպէս պատմութեան հիմնաքարը դնող եւ դրանով ազգային գոյութեան թիկունքն ապահովող, Նարեկացու` որպէս  Արարչի հետ զրոյցի բռնուած եւ իր հանճարի համամարդկային գոյնով աշխարհին շլացնող, անունների կողքին: Բայց ոչ միայն նրանց. Թումանեանը Հայաստանի սահմանները չի ընդարձակել, հակառակը կրել է իր մէջ հայրենազրկութեան անփարատ վիշտը, բայց նրա անունը նաեւ Տիգրան Մեծի կողքին է, նաեւ իւրաքանչիւր մեծահարուստ բարերարի` Մանթաշովի, Գիւլբեկեանի եւ այլոց, թէեւ պարտատէրերից ազատ օր ու ժամ չի ունեցել: Իր քաջութեամբ ու արիութեամբ, զոհաբերուելու կարողութեամբ նա կարող էր մրցել Վարդան Մամիկոնեանի ու Անդրանիկի, Նժդեհի եւ հայ պետականութեանը նախանձախնդիր իւրաքանչիւր  արքայի հետ, իր առողջ մտածողութեամբ եւ իմաստութեամբ նա կարող է մրցել ոչ միայն հայ, այլեւ աշխարհի ցանկացած փիլիսոփայի ու գիտնականի հետ:

Բոլոր համեմատութիւնները կաղում են, մանաւանդ երբ խօսքը Թումանեանի մասին է: Նա բացարձակ մեծութիւն է, անհամեմատելի, քանի որ թուարկուածներից իւրաքանչիւրը մեծ ու հանճարեղ է մի ոլորտում, Թումանեանը տիեզերական մեծութիւն է, քանի որ իր մէջ ներառում է մեր բոլոր հանճարների լոյսը: Հէնց այդ է պատճառը, որ նա մեր մեծերի մեծն է, մեր ամենա-ամենան: Նա եւ զինուոր է եւ գեներալ, եւ արքայ ու սպասաւոր հազարաւոր գաղթականների, եւ հրապարակախօս ու քննադատ, եւ բանաստեղծ ու գործիչ, իր ժողովրդին զէնք ու զինուոր մատակարարող եւ խաղաղութեան պատգամախօս. Ամենայն հայոց` միշտ ու բոլոր ասպարէզներում, գրականութեան մէջ ու ամենուր` մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր: Նրա ծնունդը պատահական չէր: Նա եկել էր, որ իր հոգում կրելով ողջ ազգի ողբերգութիւնն ու տառապանքը իր «խնդացող տխուր, վշտաբեկ ուրախ» սրտով դարմաներ  ցեղասպանութեան ու Եղեռնի առաջացրած անբուժելի վէրքը, պատգամեր ոչ միայն չսպանել սպանողին, այլեւ չանիծել հրէշին, սակայն միշտ պայքարել` յիշելով, որ «չարն էլ է միշտ ապրում անմեռ»: Անկեղծութիւնն ու ազնուութիւնը Թումանեանի էութիւնն է: Նա չի խաբում նոյնիսկ երեխային, մի կողմից չի թաքցնում, որ քաջնազարներն ու ձախորդփանոսները, կիկոսներն  ու«քէֆչի» հասանները միշտ ապրում են, որ անխելքներն այսպէս թէ այնպէս գայլի կերակուր են դառնալու, միշտ լինելու է ուրիշի ունեցուածքը իւրացնող ուստա փիսօ, սակայն միւս կողմից կարողանում է այդ ամէնի դէմ յաւէրժ մաքառելու կամք արձանագրել, որպէսզի մի կաթիլ մեղրը չարիքի աղբիւր չդառնայ: Այլ կերպ լինել չի կարող:

Թումանեանն էր  իր ազգի թէ՛ անյատակ ցաւի ու ողբերգութեան, եւ թէ՛ նրա մեծ կենսունակութեան, կենսասիրութեան ու գոյատեւման  հաւատի առհաւատչեան:  Այս հանգամանքը առաւել ցայտուն դրսեւորուեց 1914-1915թթ.  բանաստեղծի ազգային- հասարակական գործունէութեան մէջ, որն իր բազմաշերտ ու տարողունակ բովանդակութեամբ գրողի անձնազոհ հայրենասիրութեան պատգամն է այսօրուայ եւ ապագայ սերունդներին` ոչ թէ խօսքով, այլ գործով չխնայել ոչինչ: Շատերը չխնայեցին իրենց կեանքը, հերոսների պակաս չունենք, բայց ոչ ոք, ոչ ոք կամովին չդրեց հայրենիքի զոհասեղանին  ամենաթանկը`  բոլոր զաւակների կեանքը: Ցեղասպանութեան տարիներին բանաստեղծի սխրանքները  սեփական ժողովրդի ճակատագրի հանդէպ  պատասխանատուութեան ողջ ծանրութիւնը գիտակցելու հերոսական դրսեւորումներ էին: Պատասխանատուութիւն, որ կարող էին զգալ  միայն չափազանց խոշոր անհատները: Եղեռնի օրերին նա քայլում էր Արեւմտեան Հայաստանի արիւնոտ ճանապարհներով, սառած ճանապարհներով, որոնց վրայ ձիերն անգամ սայթաքում ու չէին դիմանում, իսկ նա քայլում էր, կռիւ տալիս ռուս գեներալների հետ, իր անմար ժպիտով ու բուժիչ խօսքով յոյս տալիս ցեղասպանութիւն տեսած արեւմտահային, կանգնում նրա կողքին, ոգեւորում հայ կամաւորին: Մի քանի անգամ հրաշքով փրկուեց նրա կեանքը: Իսկ Էջմիածնում դարձաւ որբերի հայրիկ: Նա մանկագիր էր, որն Էջմիածնում ոչ միայն փրկում էր որբերին,  յետագայում նրանցից ոմանց տանում ու իր տանը պահում, այլեւ զբաղւում էր թաղման հարցերով: Մանկագիրը ամէն օր մանուկներ էր թաղում եւ դիմանում էր, որպէսզի համաճարակից փրկի միւսներին: Եւ դեռ դստերն էլ կողքին էր պահում, վտանգում նրա կեանքը: Թումանեանը առհասարակ խորհրդանիշ է` խորհրդանիշ զոհաբերութեան, բարութեան, հայի ու հայկականութեան, ազգային միասնութեան, արուեստի ու գրականութեան, անարատ Մարդու, կատարելութեան:

Կեանքի բոլոր հանգամանքներում, ամէն ինչում եւ ամէնուր  պոէտը պահպանում էր  չափի զգացումը. բացառութիւն են կազմում նրա բարութիւնը, հաւատն ու անձնազոհութիւնը, մինչեւ վերջին շունչը ամէնքի հետ ապրելու եւ ամէնքի չափ տառապելու առաքելութիւնը. այստեղ նա չափը չէր ճանաչում: Այո՛. Թումանեանը հաւասարակշռուած տաղանդ էր, բայց  բարութիւն անելիս, ազգի համար զոհաբերուելիս   չափ ու սահման չէր  ճանաչում:

Բանաստեղծը դժոխքում էր, որտեղ կարողացաւ Կոմիտասի` իր հոգեղբօր պէս չխենթանալ, որովհետեւ գործելու առաքելութիւն ունէր, որովհետեւ նրա արիութիւնը ինքնատիրապետման մէջ էր: Փոթորկայոյզ կեանքը Թումանեանին դարձրեց Եղեռնի նոյնքան մեծ զոհ, որքան իր հոգեղբայր Կոմիտասն է, որքան իր ողջ ժողովուրդն էր: Երկարակեաց տոհմի շառաւիղ էր: Նրա պապերն ապրում էին 100 տարուց աւելի եւ դեռ դժգոհում էին, թէ «արժե՞ր էս երկու օրուայ համար աշխարհ գալ»: Իսկ բանաստեղծն ապրեց նրանց կէսի չափ եւ 40-ը չբոլորած արդէն ալեհեր ծերունի էր:  նայ հրկիզուեց իր ազգին պատուհասած աղէտների հրդեհում, ուր նետուել էր ինքնակամ, այրուեց այդ հրդեհները մարելու համար, այրուեց մարդկային կեանքեր փրկելու, նրանց սկիզբ ու վերջ չունեցող հոգսերը  հոգալու համար: Միշտ ուրիշների, ամէնքի համար պատարագ արեց, իսկ իր համար մի մոմ չվառեց, այլ վառուեց ինքը, որպէսզի լոյս տալով սպառուի.

Քանի՜ ձեռքից եմ վառուել,

Վառուել ու հուր եմ դառել,

Հուր եմ դառել` լոյս տըւել,

Լոյս տալով եմ ըսպառուել:

Այդպէս է. ով ուզում է լոյս տա, նա պէտք է էրուի. սա է թումանեանական ճշմարտութիւնը եւ այն  ապացուցելու կարիք չունի:

Թումանեանը  խտացումն է հայ ազգային եւ համամարդկային ոգու:  Իսկ ոգին անմահ է: