«Արցախ» Միութիւնը Միջազգային Հանրութեան Կոչ Կ՛ուղղէ Կանխելու Արցախի Հայկական Ժառանգութեան Յետագայ Ոչնչացումը
«Արցախ» միութեան «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոն» հասարակական կազմակերպութեան եւ «Իրաւունքի գերակայութիւն» իրաւապաշտպան կազմակերպութեան համագործակցութեամբ պատրաստուած եւ հրապարակուած է նոր փաստահաւաք զեկոյց` նուիրուած ազրպէյճանի կողմէ Արցախի մէջ հայկական հետքի ոչնչացման եւ բռնի տեղահանուած արցախցիներու վերադարձի իրաւունքի խոչընդոտներուն: Այս մասին կը յայտնեն միութենէն:
«Զեկոյցի համահեղինակների թւում են նաեւ «Արցախ» միութեան նախագահ Արտակ Բեգլարեանը եւ գործադիր խորհրդի անդամ, Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը: Աշխատանքն իրականացուել է «Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոն»-ի եւ «Սատար Արցախին» ֆրանսահայ կազմակերպութեան աջակցութեամբ:
«Փաստաթղթում արձանագրւում է, որ 2020 թուականի 44-օրեայ պատերազմի եւ 2023 թուականի սեպտեմբերեան ռազմական գործողութիւնների հետեւանքով ազրպէյճանի վերահսկողութեան տակ անցած Արցախի տարածքներում շարունակւում է հայկական հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգութեան համակարգուած ոչնչացումը: ազրպէյճանը փաստացի մերժում է արցախցիների հայրենիք վերադառնալու հիմնարար իրաւունքը` ոչնչացնելով նրանց բնակավայրերն ու այն մշակութային միջավայրը, որտեղ սերունդներ շարունակ ձեւաւորուել է նրանց ինքնութիւնը:
«Զեկոյցի հեղինակները փաստագրել են հայկական պատմամշակութային յուշարձանների ոչնչացման ու ձեւափոխման, ինչպէս նաեւ բնակելի թաղամասերի եւ ամբողջական բնակավայրերի հիմնահատակ աւերման բազմաթիւ դէպքեր: Հետազօտութեան ընթացքում ուսումնասիրուել են համացանցում հրապարակուած տեսանիւթերն ու լուսանկարները, միջազգային լրատուամիջոցների հետաքննական հրապարակումները, ինչպէս նաեւ համադրուել են տարբեր ժամանակահատուածներում արուած արբանեակային պատկերները:
«Առանձին անդրադարձ է կատարուել ազրպէյճանի կողմից իրականացուող այսպէս կոչուած «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հայկական բնակավայրերի ապօրինի վերաբնակեցման գործընթացին եւ դրա ծանր հետեւանքներին` տեղահանուած արցախցիների իրաւունքների տեսանկիւնից․
«• Մի շարք բնակավայրերում քանդուած հայկական տների տեղում կառուցւում են նոր շինութիւններ, իսկ որոշ վայրերում ամբողջական թաղամասէր հողին են հաւասարեցւում:
«• Սեփական տների եւ գոյքի կորուստը տեղահանուած բնակիչներին զրկում է իրենց համայնքներում վերահաստատուելու նիւթական հիմքից:
«•Հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան վերացմամբ խաթարւում են համայնքային յիշողութիւնը պահպանելու, ինչպէս նաեւ հաւատքն ու ազգային աւանդոյթները յաջորդ սերունդներին փոխանցելու նախադրեալները:
«Զեկոյցում ընդգծւում է, որ ազրպէյճանը մարդու իրաւունքների այդ խախտումներն ու յանցագործութիւնները կատարում է ոչ միայն միջազգային նորմերի (սկզբունքներուն), այլեւ հէնց արցախցիների իրաւունքների վերաբերեալ Արդարադատութեան միջազգային դատարանի մի շարք հրամանների կոպտագոյն խախտումներով: Փաստաթուղթը շեշտադրում է, որ վերադարձի իրաւունքի իրականացումը ենթադրում է բռնի տեղահանուած արցախցիների համար իրական եւ երաշխաւորուած հնարաւորութիւն` ապրելու սեփական հայրենիքում, պահպանելու իրենց ինքնութիւնը եւ վերականգնելու համայնքային կեանքը:
«Հեղինակ կազմակերպութիւնները կոչ են անում միջազգային հանրութեանն ու իրաւասու կառոյցներին գործուն եւ անյապաղ քայլեր ձեռնարկել` կանխելու Արցախի հայկական ժառանգութեան ու սեփականութեան յետագայ ոչնչացումը, ապահովելու դրա պահպանութիւնն ու հասանելիութիւնը Արցախի ժողովրդի համար, ինչպէս նաեւ պաշտպանելու նրանց` անվտանգ եւ արժանապատիւ պայմաններում հայրենիք վերադառնալու անքակտելի իրաւունքը:
«Զեկոյցի ամբողջական տարբերակին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղմամբ», կը նշուի զեկոյցին մէջ, որուն ամբողջութիւնը կարելի է կարդալ՝ հետեւեալ յղումով.
