Արցախի Ազգային Ժողովի Նախագահը ՔՈՓ17-ի Մասնակիցներուն Կոչ Ուղղեց՝ Ուշադրութիւն Դարձնել Արցախահայութեան Իրաւունքներուն
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունց հետեւեալ ուղերձը յղեց Երեւանի մէջ կայացող ՄԱԿի Կենսաբազմազանութեան կողմերու 17-րդ խորհրդաժողովին՝ ՔՈՓ17-ի մասնակիցներուն եւ պատուիրակներուն։
«Ընդգծելով կենսաբանական բազմազանութեան պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման եւ էկոլոգիական (բնապահպանական) որոշումների կայացման գործընթացում հանրութեան արդիւնաւէտ մասնակցութեան կարեւորութիւնը` մեր խորին մտահոգութիւնն ենք յայտնում Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանման էկոլոգիական եւ կենսամշակութային հետեւանքների կապակցութեամբ: 2023 թուականի Սեպտեմբերին մօտ 120,000 հայ բռնի տեղահանուեց Արցախից եւ վերաբնակեցուեց Հայաստանում:
«Տեղահանութիւնը յանգեցրեց ոչ միայն տների, գոյքի եւ ապրուստի միջոցների կորստի, այլեւ համայնքների եւ նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական (ընկերային) միջավայրի միջեւ սերունդների ընթացքում ձեւաւորուած կապերի խզմանը: Այս գիտելիքների կրողների բռնի հեռացումը կարող է վտանգել դրանց յետագայ կիրառման եւ ապագայ սերունդներին փոխանցման հնարաւորութիւնը, ինչն ազդում է նաեւ շրջակայ միջավայրի պահպանութեան հնարաւորութիւնների վրայ: Աւանդական գիւղատնտեսութիւնը, ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արօտավայրերը, սրբավայրերը, ինչպէս նաեւ գիւղական բնակավայրերի հետ կապուած մշակութային սովորոյթները միասին կազմում են եզակի կենսամշակութային համակարգ: Դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանութեան կորուստ: Կենսաբանական բազմազանութեան մասին կոնուենցիան (համաձայնագիրը) ընդգծում է այն աւանդական գիտելիքների եւ փորձառութեան պահպանման կարեւորութիւնը, որոնք նպաստում են կենսաբազմազանութեան պահպանմանն ու կայուն օգտագործմանը, ինչպէս նաեւ դրանց կրողների մասնակցութեանն ու հաւանութեանը: 2022 թուականին ընդունուած Կունմին-Մոնրէալի կենսաբանական բազմազանութեան գլոբալ (համաշխարհային) շրջանակային ծրագիրը շեշտում է բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների արդիւնաւէտ մասնակցութեան անհրաժեշտութիւնը կենսաբազմազանութեանն առնչուող որոշումների կայացման գործընթացում, ինչպէս նաեւ նրանց իրաւունքների յարգումը:
«Այս համատեքստում անհրաժեշտ է հաշուի առնել Արցախից տեղահանուած հայերի` որպէս տարածաշրջանի բնիկ բնակչութեան, աւանդական գիտելիքներն ու փորձը, հաշուի առնելով վերոգրեալը` մենք կոչ ենք անում Կենսաբազմազանութեան մասին կոնուենցիայի կողմերին եւ ՔՈՓ17-ի մասնակիցներին.
«• պատշաճ ուշադրութիւն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետեւանքներին,
«• ապահովել տեղահանուած համայնքների բովանդակային մասնակցութիւնը էկոլոգիական հետազօտութիւնների, բնապահպանական նախաձեռնութիւնների եւ էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը,
«• ընդգծել էկոլոգիական նպատակների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան փոխկապակցուածութիւնը,
«• շարունակել տեղահանուած բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում` հաշուի առնելով կացարանի, սեփականութեան, մշակութային ժառանգութեան եւ բնական միջավայրի հետ կապուած իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը: Մենք կոչ ենք անում ՔՈՓ17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանութեան պահպանման, մշակութային յաջորդականութեան եւ մարդու իրաւունքների փոխկապակցուածութեան համատեքստում, ինչպէս նաեւ արցախահայերի` դէպի պատմական հայրենիք հաւաքական, անխոչընդոտ եւ անվտանգ վերադարձի իրաւունքի համատեքստում»:
