«Հայ գերիներն Ադրբեջանում Պահւում են Բացարձակ Մեկուսացման Պայմաններում». Իրաւապաշտպան Սիրանոյշ Սահակեան

Աշխարհ, Հայաստան, Յօդուածներ – Զրոյցներ, Սփիւռք

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ԻՐԱՒԱԲԱՆ, ՄԻԵԴ-ՈՒՄ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, «ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՒԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Արցախահայութեան իրաւունքներն ու Ադրբեջանում պահուող հայ գերիների իրավիճակը ԱՄՆ Կոնգրեսում վերջերս առիթ ունեցաւ ներկայացնելու իրաւաբան, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանոյշ Սահակեանը՝ Վաշինգտոնում, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած «Շահերի պաշտպանութեան օրերի» (Advocacy Days) շրջանակներում: Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ (ցեղային) զտումների երեքամեայ տարելիցի ձեռնարկին, Սահակեանը, ով նաեւ Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնի (ALC) գործադիր տնօրէնն է, կոնգրեսականներին ներկայացրեց արցախահայութեան խախտուած իրաւունքների, դրանց վերականգնմանն ուղղուած աշխատանքների անհրաժեշտութեան, վերադարձի իրաւունքի, Բագւում պահուող հայ գերիների իրաւունքների շարունակական խախտումներին առնչուող զեկոյցներ:

Սահակեանն իր գործունէութեան օրակարգն այնուհետեւ ներկայացրեց Լոս Անջելեսում՝ Գլենդելի քաղաքային խորհրդում, համայնքի կազմակերպութիւնների ու ներկայացուցիչների հետ հանդիպումներում: Այցը կազմակերպուած էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի կողմից:

Վերոնշեալ հարցերի շուրջ Սահակեանը նաեւ կիսուեց «Ասպարէզ»ի հետ բացառիկ հարցազրոյցում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Միացեալ Նահանգներ Ձեր այցի ընթացքում բազմաթիւ հանդիպումներ ունեցաք կոնգրեսականների հետ: Ի՞նչ հարցերի շուրջ էին յատկապէս քննարկումներն ու զրոյցները:

ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- ԱՄՆ այցս սկսուեց Վաշինգտոնից, որտեղ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, Կոնգրեսում տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրեցինք մեր առաջնահերթութիւնները, հիմնախնդիրներն ու տարբեր կոնգրեսականների իրաւասութիւնների տիրոյթում առաջարկներ ձեւակերպեցինք: Այդ շարքում յատկապէս առաջնային էր՝ Ադրբեջանին ռազմական օգնութիւնից զրկելը, այնպիսի պայմանների տրամադրումը, ինչը կը յանգեցնի Բաքւում պահուող հայ գերիների անվերապահ եւ անյապաղ ազատ արձակմանը, պատժամիջոցների կիրառմանը: Մենք հարիւրաւոր էջերից բաղկացած նիւթեր ենք տրամադրել ԱՄՆ պետքարտուղարութեանը, որտեղ հիմնաւորել ենք «Գլոբալ Մագնիտսկու ակտ»ի (որոշման) շրջանակներում պատժամիջոցների կիրառման անհրաժեշտութիւնը ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ՝ մարդու իրաւունքների կոպիտ, ծանր եւ միջազգայնօրէն ճանաչուած խախտումների համար: 

Ունենք արձանագրուած սահմռկեցուցիչ դէպքեր, օրինակ՝ գլխատումներ, արտակարգ սպանութիւններ՝ այդ թւում խմբակային, գնդակահարութիւններ, խոշտանգումներ, ապօրինի ազատազրկումներ, արդարադատաքննութեան իրաւունքի խախտումներ եւ աւելի լայնածաւալ՝ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ, բռնի տեղահանութիւն: Ըստ այդմ, խնդրել ենք, որ առնուազն չորս տասնեակ ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ կիրառուեն պատժամիջոցներ:

Մեր ներկայացրած փաթեթը, ըստ էութեան, համապատասխանում է իրաւական պահանջներին, բայց ցանկացած պատժամիջոց ունի իրաւական եւ քաղաքական տարր, այսինքն քննարկւում է նաեւ պատժամիջոցի կիրառման քաղաքական նպատակայարմարութիւնը, եւ այստեղ է, որ մենք փակուղային իրավիճակներում ենք յայտնւում: Սակայն, նոյնիսկ եթէ չկայ անմիջական քաղաքական նպատակայարմարութիւն պատժամիջոց կիրառելու համար, կայ արարքները հետաքննելու հնարաւորութիւն, եւ Կոնգրեսն ունի նման լիազօրութիւններ ու կարող է մեկնարկել ներկայացուած փաստերի անկախ քննութիւն, որից յետոյ դրանք այլ ժամանակային հատուածում կարող են յանգեցնել որոշակի անձանց պատասխանատուութեան ենթարկելու:

Ինչեւէ, մեր ասելիքի կարեւորութիւնն այն էր, որ այդ դէպքերը պէտք է հետաքննուեն, եւ ամերիկեան իշխանութիւնները չեն կարող աչք փակել կատարուածի առնչութեամբ, ու պէտք է պատասխանատուութիւն ստանձնեն դրանց վերացման, հետագայ կանխարգելման գործում: Պատժամիջոցների կիրառման հարցում այս պահին եղած դիմադրութիւնը կանխատեսելի էր, բայց իմ անձնական գնահատականն այն է, որ ժամանակի հարց է: Մշտական շահեր եւ մշտական բարեկամներ չկան, եւ կարեւոր է բաց չթողնել տուեալ պահը, որովհետեւ եթէ կայ արձանագրում, չկայ արձագանգ, սա մի խնդիր է, եւ եթէ չկայ արձանագրում՝ այլեւս չի կարող լինել արձագանգ, սա այլ իրողութիւն է: Որպէս իրաւապաշտպան ես կարեւորում եմ դէպքերի ճիշդ արձանագրումը, որից յետոյ արդէն պէտք է բաց լինենք քաղաքական աշխատանքի համար:

Նաեւ, շրջանառութեան մէջ էինք դրել նամակ, որը կապուած էր Ադրբեջանում պահուող հայ գերիների ազատ արձակման հետ, եւ շատ կոնգրեսականներ համաձայնուեցին ստորագրել այն, ու հետագայում դերակատարում ունենալ օրենսդրական փոփոխութիւնների իրականացման գործում, որոնք զսպումների համակարգ կ՝ընդունեն հայ-ադրբեջանական յարաբերութիւններում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են Ձեր օրակարգի առաջնահերթութիւններն այսօր:

ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մի քանի հարցեր կան, եւ առաջնահերթը՝ ամենաանյապաղը, բնականաբար գերիների ազատ արձակումն է: Իւրաքանչիւր օր անդառնալի հետեւանքներ է ունենում նրանց առողջութեան, կեանքի հետագայ վերաինտեգրման (ներգրաւման) եւ ողջ հասարակութեան հոգեբանութեան վրայ: Մենք ունենք նաեւ երկարաժամկէտ խնդիրներ, ինչպիսին՝ արցախցիների վերադարձի իրաւունքն է եւ ինքնութեան պաշտպանութիւնը: Այս առումով, մենք մի նախաձեռնութիւն ենք սկսել եւ կարծում եմ աւելի լայնածաւալ ընթացք ենք հաղորդելու, կապուած զանգուածային հայցերի ներկայացման հետ: Այս պահին շուրջ 2000 գանգատ ենք ներկայացրել Մարդու Իրաւունքների Եւրոպական դատարան, որտեղ հէնց բռնի տեղահանութեան եւ վերադարձի խնդիրն է արծարծւում:

Եւրոդատարանի կողմից ցանկանում ենք հաստատում ոչ միայն անհատական վերադարձի իրաւունքի, այլ նաեւ՝ չափորոշիչների սահմանման, որոնք Ադրբեջանը պարտաւոր է ապահովել միջազգային վերահսկողութեան ներքոյ, որպէսզի այդ վերադարձը տեղի ունենայ, եւ վերադարձի բնութագրական տարրերից պէտք է լինի արժանապատիւ եւ մշտական վերադարձի համար անհրաժեշտ անվտանգութիւնը: Դա կարող է տեղի ունենալ միայն քաղաքական աջակցութեան եւ միջազգային ներգրաւուածութեան պարագայում:

Միաժամանակ, մենք յարակից խնդիրներ էլ ենք ներկայացնում, այդ թւում՝ մշակութային ժառանգութեան պահպանութիւնը կրօնական կոթողների, գերեզմանների մասով: Աւելին, փորձում ենք միջոցներ ձեռնարկել վերադարձը մերժելու ուղղութեամբ, ինչը մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն է, եւ իրաւունքը կարող է տեսականօրէն գործել, բայց եթէ Ադրբեջանն, օրինակ, ոչնչացնում է հայկական գիւղերը, եկեղեցիները, մշակութային կոթողները, հասկանալի է, որ վերադարձի պարագայում այլեւս Արցախի ինքնութիւնը արտացոլող տարրեր չեն լինի, եւ տուեալ վայրում անհնարին է դառնալու որպէս արցախցի ինքնութիւն ունենալը, դրսեւորելը եւ յարատեւելը: Եւ, ըստ այդմ, կարեւոր ենք համարում նաեւ արցախցու հաւաքական ինքնութեան հարցով աշխատանքները: Եւրոպական դատարանն ու միջազգային կառոյցները զգայուն են գերեզման այցելելու իրաւունքի առնչութեամբ, եւ սգոյ իրաւունքն է անգամ միջազգայնօրէն ճանաչուել, եւ բոլոր այս տարրերը խախտուած են, ու մենք փորձում ենք մեծաթիւ գանգատների միջոցով այս հարցը բարձրաձայնել: Նաեւ, փորձում ենք նորագոյն միջոցների կիրառմամբ մեքենայացնել համակարգը, որպէսզի ներկայացնենք ոչ միայն երկու հազար, այլ, բռնի տեղահանուած ողջ ազգաբնակչութեան շահերը՝ նաեւ ցուցադրելով այլ լայնածաւալ խախտումներ:

Մեր առաքելութիւնն ենք համարում նաեւ մարդու իրաւունքների բոլոր ծանրագոյն խնդիրների փաստաթղթաւորումը՝ ոչ միայն փաստահաւաք գործունէութեան միջոցով, այլեւ դատարանների գործունէութեան, որպէսզի այն պատերազմական կամ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնները, որ կատարուել են՝ ունենան միջազգային արձանագրում եւ ադրբեջանական փորձերը՝ պատմութիւնից ջնջել սեփական յանցագործութիւնները, ուղղակի ի չիք լինեն: Հասկանալի է, որ արձանագրմանը պէտք է յաջորդի պատասխանատուութիւն՝ պետութեան, անհատների քրէական պատասխանատուութիւն: Ներկայ աշխարհաքաղաքական իրողութիւնները հաշուի առնելով, այստեղ մարտահրաւէրներ տեսնում ենք, բայց նաեւ գործ ունենք արագ զարգացող յարաբերութիւնների հետ, շահերի հակադրութեան հետ, եւ լիայոյս ենք, որ աշխարհի վերադասաւորումն այնպէս կ՝ընթանայ, որ շատ երկրներ, որոնք ինքնահռչակուել են որպէս ժողովրդավար եւ մարդու իրաւունքների պաշտպան՝ կ՛ունենան առնուազն հակադիր քաղաքական շահեր Ադրբեջանի հետ, եւ այդ պայմաններում արդարութեան զարգացումն այլ իմաստ ու որակ կը ստանայ, եւ ինչու ոչ՝ մենք կը հասնենք նաեւ անպատժելիութեան վերացման եւ նոր յանցագործութիւնների կանխարգելման:

 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք ահազանգում էք, որ հայ գերիներն Ադրբեջանում պահւում են բացարձակ մեկուսացման պայմաններում՝ առանց հարազատների տեսակցութեան, անկախ բժիշկների կամ փաստաբանների հետ հանդիպման իրաւունքի: Ի՞նչ վիճակում են հայ գերիներն այսօր:

 ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- 2025ի Սեպտեմբերին, Խաղաղութեան համաձայնագրի նախաստորագրումից մէկ ամիս անց, Ադրբեջանն ամբողջութեամբ փակեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) գրասենեակն իր երկրում: Այնինչ, ԿԽՄԿն կարողանում է գործել շատ զգայուն հակամարտութեան գօտիներում, բռնապետական ճանաչուած որեւէ վարչախումբ չի ոտնահարում այս կազմակերպութեան մարդասիրական մանդատը, բայց ադրբեջանական կողմը հեշտութեամբ դադարեցրեց այս կառոյցի գործունէութիւնը, ինչի հիմնական շահառուներն էթնիկ հայերն էին: ԿԽՄԿն միակ մարդասիրական պատուհանն էր, որ յոյս է տուել, որ արտաքին աշխարհը մեր գերիներին մասին տեղեկանայ եւ նրանց կեանքը պաշտպանուած լինի:

 Դրան զուգահեռ, Ադրբեջանը մեծացրեց հայ գերիների մեկուսացուածութիւնը: Անկախ փաստաբանների հասանելիութիւն չկայ, մեր գերիները կարողանում են որոշակի վերահսկուող հանդիպումներ ունենալ ադրբեջանցի փաստաբանների հետ, որոնք նշանակուած են պետութեան կողմից եւ ֆինանսաւորւում են պետութեան կողմից ու սերտաճած են քննչական, դատախազական համակարգին: Նրանք որեւէ կերպ չեն աջակցել մեր գերիների պաշտպանութեան կազմակերպմանը: Այս պահին հայերը զրկուած են անկախ բժշկական հետազօտութիւնների ենթարկուելու հնարաւորութիւնից, եւ թէ ինչպիսի առողջական վիճակում են գտնւում՝ ճշգրիտ տեղեկութիւններ չունենք:

Տարիների ընթացքում մենք նաեւ յամառ պայքար ենք մղել, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը կազմակերպի հիւպատոսական այցելութիւն, ինչը միջազգային իրաւունքով ճանաչուած եւ կարգաւորուած կառոյց է. իւրաքանչիւր երկիր իրաւունք ունի իր քաղաքացուն տեսակցել եւ աջակցել այլ պետութիւնում: Եթէ դիւանագիտական յարաբերութիւնները բացակայում են, ինչպիսին իրավիճակն է հայ-ադրբեջանական յարաբերութիւնում, կան փոխարինող գործիքներ՝ աջակցութիւնը ցուցաբերւում է երրորդ պետութիւնների միջոցով: Այսինքն, սա Հայաստանի ինքնիշխան իրաւունքն է, եւ Ադրբեջանը պարտաւոր է ապահովել պայմաններ փակ հաստատութիւնում պահուող իւրաքանչիւր անձի տեսակցութեան: Մինչդեռ, առ այսօր, այդ իրաւունքն ապահովուած չէ:

Որոշ երկրներ պատրաստ են այս դերը յանձնառել, եւ մենք ունենք պաշտօնական հաստատում Շուեցարիայի կառավարութեան կողմից, որ նրանք պատրաստակամ են որպէս երրորդ, չէզոք երկիր հանդէս գալ այս հարցում, սակայն ադրբեջանական կողմը պէտք է իր համաձայնութիւնը տայ թեկնածու երկրի առնչութեամբ: ՀՀ կառավարութիւնը յայտարարում է, որ երրորդ երկրների հետ քննարկուել է այս հարցը, բայց լռում է, թէ արդեօ՞ք Ադրբեջանի հետ քննարկել է որեւէ երկրի թեկնածութիւն: Իմ պատկերացմամբ, Ադրբեջանը խախտում է Հայաստանի ինքնիշխան իրաւունքը, հայերի իրաւունքները, եւ կրկին, թուացեալ յարաբերութիւններում լարում չմտցնելու պատրուակով, հայկական կողմը չի բարձրաձայնում խնդիրը, բայց արդիւնքում հայերը զրկուած են նաեւ հիւպատոսական աջակցութիւնից: Տարիների ընթացքում, գերիների ընտանիքների կապը չի վերականգնուել, եւ սա այն դէպքում, երբ անգամ քրէական յանցագործներն ունեն ընտանիքի այցելութեան կարճատեւ եւ երկարատեւ իրաւունք:

Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների բարելաւման համապատկերում, մենք ականատես ենք, որ ապրանքների տեղաշարժ է տեղի ունենում, պաշտօնեաների, քաղաքացիական հասարակութեան ցուցադրական փոխադարձ այցեր են իրականացւում, բայց երբ գալիս ենք իրաւունքի ապահովմանը, մարդասիրական նպատակներով մարդկային շարժին՝ ոչինչ չի կատարւում:

Փաստերի մակարդակով, կարծում եմ, որ խաղաղութիւն չկայ. խաղաղութեան միակ ցուցանիշը, առնուազն ինձ համար, դա մարդասիրական հարցերի լուծումն է, քանզի առանց մարդասիրութեան մենք չենք կարող որեւէ ճանապարհ ունենալ դէպի կայուն, վստահելի խաղաղութիւն:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ գերիների դատավճիռները որքանո՞վ են հիմնաւորուած: Յատկապէս ի՞նչ մտահոգիչ կէտեր կան:

ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- Այս տարուայ Փետրուարին հայ գերիների դատավարութիւններն յայտարարուեցին աւարտուած, եւ Արցախի նախկին ու ներկայ ղեկավարներին տրամադրուեցին ամենածանր պատժատեսակներ՝ ցմահ ազատազրկում: Բայց Ադրբեջանի օրէնսդրութիւնն ունի սահմանափակում, եւ տարեցների նկատմամբ չի կարող կիրառուել ցմահ ազատազրկումը: Այս պարագայում կիրառուեց 20 տարուայ ազատազրկում, եւ եթէ Արցախի նախագահների տարիքը, որ վաթսունից բարձր է, հաշուի առնենք՝ հաւասարեցուած է ցմահ ազատազրկման: Միւս ռազմագերիների պարագայում, կիրառուել է 15-19 տարուայ ազատազրկում, այսինքն, 2023ին, այն անձինք, ովքեր մասնակցել են ինքնապաշտպանական մարտերի, եւ ամբողջովին պաշտպանուած են մարդասիրական իրաւունքով՝ զէնք կրելու համար, այս պահին դատապարտուել են 15-19 տարուայ ազատազրկման:

Դատավճիռներն ի սկզբանէ չէին տրամադրւում՝ անգամ հեռախօսազանգի միջոցով ընտանիքները պաշտօնապէս դիմեցին Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպանին՝ խնդրելով ապահովել դատավճիռների տրամադրումը: Սակայն, տրամադրուեց միայն Ռուբէն Վարդանեանի ամբողջական դատավճիռը, իսկ 15 անձի, որոնցից եօթը ռազմաքաղաքական ղեկավարներն էին՝ տրամադրուեց միայն քաղուածքը, որն ընդամէնը յղումները է պարունակում Ադրբեջանի քրէական օրէնսգրքի տարբեր յօդուածներին, եւ նշում է պատժաչափերը: Այսինքն, այս քաղուածքները կարդալով, դուք չէք կարող հասկանալ, թէ անձն ինչ արարք է կատարել, ինչ ապացոյցներ կան, եւ որեւէ հիմնաւորում չենք կարող գնահատել:

Դատավճիռները հրապարակային են եւ հասանելի են Free Armenian Prisoners կայքում: Մեզ յաջողուեց ստանալ Վարդանեանի գործով դատավճռի ամբողջական տարբերակն ու ուսումնասիրել այն: Ունենք յստակ վերաբերմունք՝ նախ կայ փաստական տուեալների եւ պատմութեան ողջ ընթացքի վերաշարադրում, որտեղ ճշմարտութեան տարր չկայ եւ կան թէզեր, որոնք հակադրւում են անգամ միջազգային արձագանգին: Մենք տեսնում ենք որ ադրբեջանական կողմը հակադրւում է նաեւ միջազգային հանրութեանը: Օրինակ, այդ դատավճռում նշուած է, որ 2021ին ՀՀն յարձակուել է Ադրբեջանի վրայ՝ օգտագործելով, իրենց խօսքով՝ ահաբեկչական կազմաւորման՝ Արցախի Հանրապետութեան բանակը, եւ հետեւաբար Ռուբէն Վարդանեանը պատասխանատու է յարձակողական պատերազմ վարելու համար: Որտե՞ղ էր 2021ին Վարդանեանը, եւ ինչպիսի կապ ունէր Արցախի հետ՝ չկան փաստեր, չկան ապացոյցներ, չկայ հիմնաւորում: Բայց Ադրբեջանի դատարանները հաստատել են, որ Ռուբէն Վարդանեանը մեղաւոր է Ադրբեջանի դէմ ագրեսիա (յարձակում) իրականացնելու համար:

Միաժամանակ, Արցախի չճանաչուած հանրապետութիւնը հաւասարեցուել է ահաբեկչական կազմաւորման հետ: Այսինքն, չճանաչուածութիւնը, ըստ ադրբեջանական ընկալման, Արցախում ցանկացած բնոյթի օրինական գործունէութիւն դարձրել է յանցաւոր, եւ այդ կազմակերպութեան հետ ցանկացած կապ մեզ բոլորիս դարձնում է յանցաւոր ահաբեկչական կազմաւորման անդամներ: Օրինակ, Արցախի պետական համակարգում պաշտօն զբաղեցնելը դիտարկուել է Ռուբէն Վարդանեանի օրինակով, որպէս ահաբեկչական կազմակերպութեան անդամակցում եւ յետադարձօրէն համարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ընթացքում ինչ զոհեր տեղի են ունեցել՝ դրա հաւաքական պատասխանատուութիւնը պէտք է կրի Վարդանեանը:

Երբ մենք կարդում ենք դատական որոշումը, հետեւութիւնը յստակ է՝ սա մէկ անձի կամ 20 անձի մասին չէ՝ սա բոլորիս մասին է, մեր այն ողջ գործունէութեան, որը կարող է կապուած լինել Արցախի հետ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւններ ստեղծելու փորձեր են արւում, ի դէմս՝ նախաստորագրուած խաղաղութեան համաձայնագրի: Այս փաստաթղթում որեւէ անդրադարձ կա՞յ արցախցիների վերադարձի իրաւունքին եւ գերիների հարցին:

ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- Այն, ինչին մենք ականատես ենք լինում, տրամագծօրէն հակասում է խաղաղութեան խոստմանը: Խաղաղութեան համաձայնագիրը չի պարունակում հայ գերիներին ազատ արձակելու կամ Արցախի տեղահանուած բնակչութեան արժանապատիւ վերադարձը երաշխաւորելու որեւէ յստակ յանձնառութիւն:

Համաձայնագրից յետոյ, Բաքւում պահուող գերիների ընտանիքների մօտ յոյս առաջացաւ, որ խնդիրը կը լուծուի խաղաղութեան համատեքստում: Մեր դիտարկմամբ, սակայն, նրանց վիճակը վատթարացել է եւ չի բարելաւուել: Խաղաղութեան համաձայնագիրը աւելի շատ քաղաքական փաստաթուղթ է եւ մոռացութեան է տալիս արդարութեան հետ կապուած խնդիրները: Այս փաստաթղթում չէք տեսնի մարդասիրական խնդիրների լուծումներ, օրինակ՝ փաստաթուղթը լուռ է բռնի տեղահանուածների վերադարձի մասին: Կան քաղաքական յայտարարութիւններ, որտեղ ունենք անգամ Եւրոդատարանի վճիռ, որտեղ արձանագրուած է հետ վերադարձի իրաւունքը, սակայն խաղաղութեան համաձայնագիրը հետ վերադարձի հարց չի կարգաւորում: 

Նոյն կերպ այս համաձայնագիրը լուռ է գերիների վերադարձի մասին, լուռ է բռնի անհետացումների մասին: Սակայն ամենավտանգաւորն, ըստ մեզ, այն է, որ Հայաստանը յանձնառել է հրաժարուել բոլոր միջպետական գործերից, իրաւական գործընթացներից, որոնք կարող էին արդարութիւնը վերականգնել: Արցախեան հակամարտութիւնը մենք դիտարկում ենք երեք հարթութեան մէջ՝ ռազմական, քաղաքական-դիւանագիտական եւ իրաւական: Քաղաքական ճանապարհն ուղղակի սպաննուեց ադրբեջանական ջանքերով, քանի որ Ադրբեջանը ապալեգիտիմացրեց (ապաօրինականացրեց) ԵԱՀԿ Մինսկի խմբի 30 տարիների գործունէութիւնն ու ռազմական ճանապարհով ստացաւ այն, ինչն իրաւունքով չի պատկանում Ադրբեջանին: Ռազմական ու քաղաքական-դիւանագիտական ճանապարհով աւարը վերադարձնելու հնարաւորութիւններ չկան, եւ միակ ուղին, ինչի միջոցով կարող էինք արդարութեան հասնել՝ իրաւական ճանապարհն է, բայց այս համաձայնագրով նախատեսուած է շատ որոշակի ժամկէտում՝ մէկ ամսուայ ընթացքում, որ Հայաստանը պէտք է հրաժարուի բոլոր միջպետական գործերից, որեւէ կարգավիճակով չի կարող մասնակցել ընթացող դատավարութիւններին, եւ երբեւէ, ապագայում, չի կարող հակամարտութեանն առնչուող որեւէ հայց ներկայացնել Ադրբեջանի դէմ: Այսինքն, սա իրաւական պահանջատիրութիւնից անվերապահ, բացարձակ հրաժարում է: Սրա հեռահար նպատակն է փակել նաեւ իրաւական առումով Արցախի էջը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն էր ամերիկահայ համայնքին ուղղուած ձեր ուղերձը:

ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.-Մեր հայրենակիցները մնացել են միայնակ մի պայքարում, որն անձնական կամ ընտանեկան խնդիր չէ. ազգային հարցերը յանգեցրել են անձնական դժբախտութիւնների, եւ այս պայքարում շատ կարեւոր է, որ նրանք հասկանան, որ մեր հասարակութիւնը, աշխարհասփիւռ հայերը անտարբեր չեն:

Ամերիկահայ համայնքի հետ հանդիպումներիս նպատակն էր՝ մեր գործունէութիւնը ներկայացնել համայնքին, իրազեկել մեր աշխատանքների ընթացքի, իրաւական պայքարի մեր տեսլականի մասին, եւ յորդորել աջակցել մեր գործունէութեանը:

Տեղեկանք. Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) հիմնադրուել է Վաշինգտոնում՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախեան պատերազմի հետեւանքով մարդու իրաւունքների խախտումների դէմ պայքարելու եւ լուծումներ առաջադրելու առաքելութեամբ: Կազմակերպութեան Հայաստանեան գրասենեակի ղեկավարն է Սիրանոյշ Սահակեանը:

Սահակեանը ղեկավարում է նաեւ Հայաստանում հիմնադրուած Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը (I.C.Law), որն հիմնականում զբաղուել է արցախեան հակամարտութեան առնչութեամբ ծագած միջազգային իրաւական եւ մարդու իրաւունքների խնդիրներին արձագանգելով: «Միջազգային իրաւունքը պատմականօրէն թերի զարգացած ճիւղ է եղել Հայաստանում, եւ ցանկացած իրաւաբանի գայթակղող ոլորտը կա՛մ քրէական իրաւունքն էր, կա՛մ գործարարական իրաւունքը, բայց կային որոշ գիտնականներ, ովքեր հաւատում էին, որ միջազգային իրաւունքը նշանակութիւն պէտք է ունենայ նաեւ փոքր ազգերի համար, եւ այս մտայնութեամբ առաջնորդուելով՝ համադասարանցիներիս, աւագ դասախօսների հետ համատեղ հիմնեցինք այս կազմակերպութիւնը», նշում է Սահակեանը:

Համահայկական տարածքում բացառիկ գործունէութիւն ծաւալող իրաւապաշտպանը նշում է, որ երկու կազմակերպութիւնների համագործակցութիւնն առաւել արդիւնաւէտ է դարձնում տարբեր ուղղութիւններով տարուող աշխատանքը: