
Մշակոյթի Գործիչները Կը Լռեն, Երբ Կեղծ Հիմնաւորումներով Կը Հակադրուին Հայրենիքն Ու Պետութիւնը․ Լիլիթ Գալստեան
Ամիսներ առաջ, երբ օրէնքով վերացուցին պատուաւոր կոչումները, իսկ արդարադատութեան տգէտ փոխնախարարը Աժ ամպիոնէն ամենայն համոզումով յայտարարեց, թէ ով է Վլատիլեն Պալեանը՝ ոչ ոք կը ճանչնայ զինք, մշակոյթի գործիչները լռեցին։ Այս մասին Facebook-ի իր էջին մէջ գրած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեան:
«Մշակոյթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսութեան» ենթարկուեցին պատմութեան ու գրականութեան դասագրքերը՝ խեղելով պատմական իրողութիւններ, մեր ինքնութեան առանցքային հիմքերը։
Մշակոյթի գործիչները շարունակում են լռել, երբ ամէն օր կեղծ, հակագիտական հիմնաւորումներով հակադրւում են Հայրենիքն ու պետութիւնը, ազգայինն ու պետականը։
Լռում են, երբ անարգում են Հայ Առաքելական եկեղեցին ու փորձում թիրախաւորել նրա Հայրապետին, բայց փառասիրաբար յայտնւում են միւռոնօրհնէքի ծէսի առաջին շարքերում․․․
Լռում են ու շարունակում «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին» կամ «Մուսա Լերան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ատանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել․․․։
Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խօսելով, բայց իշխանական կերակրատաշտից օգտուելով։
Եւ ահա, մեր քաղաքակրթական ժառանգութեան, նոյնն է, թէ մեր դէմ պայքարն հասաւ մշակութային կազմակերպութիւններին։
Առանց յօդաբաշխ հիմնաւորման ՔՊ-ն՝ միասնական կուռ համոզումով, նիկոլ փաշինեանի յանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ ադեկվատ (կարող, «Եռագոյն») փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպութիւններին Օրէնքով զրկեց այդ կարգավիճակից։
Ազգային կարգավիճակը նրանց շնորհուել էր տասնամեակների մշակութային առաքելութեան եւ գործունէութեան համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հենց պետութեան կողմից դրանց առանձնակի արժեւորումը․ Ազգային Օփերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրքեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկեանի անու․ ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտութեան Ազգային կենտրոն․․․
Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպութիւնների գեղարուեստական ղեկավարներին եւ տնօրէններին պաշտօնական նամակով դիմեցի՝ հրաւիրելու ԱԺ՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնաւորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնութիւնը, անգամ խոստացուած փակ քննարկման պարագայում, վախեցաւ․ տարբեր քստմնելի պատճառաբանութիւններով չեկաւ։
Մի քանիսն անկեղծօրէն խոստովանեց, որ յետոյ վրէժ կը լուծեն, կը հետապնդեն, սեւ ցուցակում կը յայտնուեն, կը զրկեն փողից․․․
Նոյնիսկ չգիտես՝ կարեկցե՞լ, ինչպէ՞ս վերաբերուել այս ինքնանսեմացող տեսակին, յաւերժ ներկայ ու համակերպուող այս անդէմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տէրեր ու կուսակցութիւններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրուայ ռեժիմի (վարչաձեւի, «Եռագոյն») հաւատարիմ ծառան․․․
Իրականում, որքան էլ ցաւալի է, բայց անսպասելի բան չկայ․ սա լիուլի տեղաւորւում է մեր օրերի տրամաբանութեան ու «մշակոյթի» մէջ։
Պաշտօնական Հայաստանը լռում է՝ պաքուի բանտերում մոռանալով խոշտանգուող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու աւելի վատ չլինի»։
Ալեն Սիմոնեանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղութեանը», որի օրօք Հայաստանը ֆաշիստ է հռչակւում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ազրպէյճանական զօրավարժութիւններ են։
Դէ «ազգային» մշակոյթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգութիւնը, որովհետեւ չեն ուզում դուրս գալ յարմարաւէտութեան գօտուց․․․
«Տուն ենք պահում կամ քաղաքականութեամբ չեմ զբաղւում» կենցաղային, չգոյութեան փիլիսոփայութիւնը խժռել է բոլորին։ Իսկ շատերը միամտաբար համոզուած էին, թէ սահմանը՝ ներքին սահմանը ինքնութեամբ են պահում ու շարունակում էր հարցնել՝ իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան (վերնախաւը, «Եռագոյն»)։ Ո՞ւր է ․․․
Ու այսպէս կորցնում ենք արտաքին ու նաեւ ներքին սահմանը՝ հեռացնելով մեզ մեզանից՝․․․
Դժուար է պատկերացնել, որ Ֆրանսան հրաժարուի իր Ազգային օփերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան՝ իր ազգային պատմութեան թանգարանից․․․ու ֆրանսացին, անգլիացին կամ աւստրիացին լռի»,- գրած է Գալստեանը: