Հայոց Արծուաբոյն Արցախը․ Թաթուլ Օհանեան
Արցախը իր 11528 քմ. տարածքով, Հայաստանի 10-րդ նահանգն է, որ գտնւում է Փոքր Կովկասի արեւելեան կողմը, հիւսիսից եւ հիւսիս արեւելքից սահմանակից է Հայոց Ուտիք նահանգին, արեւմուտքից՝ Վրաստանին, իսկ հարաւից՝ Երասխի հովիտով մինչեւ Մուղանի դաշտը, արեւմուտքից՝ Սիւնիք, Կուր, եւ Արաքս գետերի միջեւ: Արցախը իր պատմութեան ընթացքում, անւանւել է զանազան անուններով, ինչպիսիք են՝ Գարգար, Փոքր Սիւնիք, Խաչէն ու Սեաւ (սեւ) այգի, որի թուրքերէն թարգմանութեամբ՝ Ղարաբաղ:
Արցախը Ն.Ք.8-6 դարերում եղել է Ուրարտական պետութեան կազմում, իսկ (2-1) դարերում մտել է Արտաշէսեան տիրապետութեան տակ, սահմանն է եղել Երասխ գետը մինչեւ Արցախի ամենաբարձր սարի գագաթնագիծը եւ հնակերտ ամրոցը:
1-5-րդ դարերում անցել է Արշակունեաց թագաւորութեան ներքոյ մինչ նրա անկումը (428):
5-7-րդ դարերում մտել է Էրմինիա կոչւած խալիֆայութեան փոխարքայութեան մէջ:
8-րդ դարի երկրորդ կէսին նւաճւել է Հայաստանի կողմից եւ դարձել է Հայաստանի մէկ անբաժան նահանգ:
10-րդ դարում Արցախը ընդգրկւել է Բագրատունեաց թագաւորութեան մէջ:
11-րդ դարի 40-ական թւականներին Արցախը ենթարկւել է Սելջուկների վաչկատուն ցեղերի տիրապետութեանը:
12-րդ դարի սկզբներին Արցախը ազատագրւում է Սելջուկների իշխանութիւնից եւ Վախտանգ Մեծի (1120-1150) գլխաւորութեամբ, հիմնում է իր ինքնավար իշխանութիւնը: Վախտանգ Մեծին յաջորդում են Հասան Մեծը (1150-1181), ապա Վախտանգ Տանգիկը (մինչեւ 1214) եւ Հասան Ջալալը (1214-1261):
13-րդ դարի կէսերին ենթարկւում է Մոնղոլական արշաւանքներին:
15-րդ դարից սկսեալ Արցախի նահանգի վարչական իշխանութիւնը վեր է ածւում գաւառական միաւորների եւ 1455 թւականից ստեղծւում են Գիւլիստան, Ջրաբերդ, Խաչէն, Վարանդա եւ Դիզակի մելիքութիւնները, Խամսայի Մելիքութիւն անւամբ:
20-րդ դարի առաջին քառորդին Արցախի մէկ մասը՝ լեռնային շրջանը, 4400 քմ. տարածութեամբ, 1923-ին դառնում է Ինքնավար մարզ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ անունով, կղզիացած եւ ենթակայ Ադրբեջանի Սովետական հանրապետութեան եւ հակառակ «եղբայրացան Հայաստան Ադրբեջան» երգի, որն ոչ այլ ինչ էր, եթէ ոչ սովետիզմի կեղծ եղբայրական քարոզչութիւն, սկսւում է Արցախի պատմութեան «ամենադաժան ժամանակաշրջանը, քանզի ադրբեջանի հայատեաց ղեկավարութեան ռասիստական քաղաքականութեան բերումով, Արցախում ծայր է առնում քաղաքական ճնշումներ, ցեղային-կրօնական հալածանքներ, հասարակական անհաւասարութիւն, տնտեսական քայքայում եւ Լեռնային Ղարաբաղի ծրագրաւորւած հայաթափում, որի իրականացման համար գործադրում են ամենաանմարդկային եւ դիւային միջոցներ ինչպիսիք են.-
Ստեփանակերտի ալիւրի եւ հացի արտադրութեան ու բաշխումի աշխատանքի կազմակերպումը, առողջապահական բաժանմունքը, հիւադանոցները, դեղատները բժշկական ապահովութիւնը դրւում են Ստեփանակերտից 40 կմ. հեռու՝ Աղդամի վարչական տնօրինութեան ներքոյ:
Մարզի մետաքսային գործարանը իր 3000 բանւորներով, Շինարարական վարչութիւնը եւ աշխատանքային կազմակերպութիւնները իրենց լաւագոյն գործիքներով ու մեքենաներով դրւում են Նուչիի եւ Մինգեչաուրի վարչային տնօրինութեան տակ, որոնք երկուսն էլ 120 կմ. հեռու են Ստեփանակերտից:
Կանգ են առնում երկրագործութեան եւ անասնապահութեան աշխատանքները, քանզի ղարաբաղցին զրկւում է իր սեփական ջրի օգտագործելու իրաւունքից, փոխարէնը օգտւում են միայն ադրբեջանական գիւղերը:
Ստեփանակերտի ցեմենտի գործարանը մտնում է 60 կմ. հեռու, Պարտայի իշխանութեան ներքոյ:
Նահանջ են ապրում կրթութեան եւ մշակոյթի մակարդակը եւ հայ ուսանողները իրաւունք չեն ստանում իրենց ուսումը Հայաստանի բարձրագոյն կրթական ԲՈՒՀ-երում շարունակելու համար: Մարզի մամուլի եւ հրատարակչութեան բաժանմունքը տեղափոխւում է Աղդամ:
Կեղեքումներն ու սպանութիւնները առօրեայ դէպքեր են դառնում Ղարաբաղում, իսկ ամենացաւալին, որն եւ ցայտուն ապացոյցն է մարզում տիրող խտրականութեան, այն է, որ Համաշխարհային Բ պատերազմի տարիներին, մարզի 133000 բնակչութիւնից ռազմաճակատ են ուղարկւել 45.000 հայ, որոնցից զոհւել են 22.500-ը:
Վերոնշեալ բոլոր ճնշումներն ու հալածանքները մէկ նպատակ են հետապնդել, իրականացնել թուրքական վաղեմի երազը՝ հայաթափել Արցախը:
Թէեւ ազատասէր ու քաջարի ղարաբաղցին մի քանի տարի անլուր տառապանք է կրել ադրբեջանական վայրագ լուծի տակ, սակայն երբեք գլուխ չի ծռել ու խոնարհել բռնակալին եւ 60 տարի զանազան միջոցներով եւ աննահանջ պայքարներով, յարատեւ կռիւ է մղել իր իրաւունքների համար եւ վերջապէս 1991-ին, հակառակ թուրքերի բուռն ընդդիմութեան, համայն հայութեան անվերապահ օժանդակութեամբ, կերտում է իր ազատ ու անկախ Արցախի Հանրապետութիւնը եւ ազատագրում՝ թշնամիների կողմից անիրաւաբար իրենից խլւած տարածքները:
…Այսօր՝ բռնակալ Ալիեւը, օգտւելով Փաշինեանի ու իր մանկլաւիկների անհեռատես ու ազգադաւ քաղաքականութիւնից, Իսրայէլի ու Թուրքիայի սերտ համագործակցութեամբ, 2020 թւականի սեպտեմբերի 27-ի առաւօտեան յարձակւում է Արցախի Հանրապետութեան վրայ եւ 44-օրւայ ընթացքում գրաւում է ոչ միայն ազատագրւած տարածքները, այլ նաեւ Շուշին ու Հադրութը, որոնք կազմում են Արցախի 75-տոկոսը, որոնց մէջ ներառւած են 187 գիւղ, 6 քաղաք, 107 դպրոց ու 17 մանկապարտէզ, 161 վանք ու եկեղեցի, 591 խաչքար, 39 Սրբավայր, բերդ ու ամրոց, 4000 պատմա-մշակութային կոթող, 12 թանգարան 20354 ցուցանմուշներով եւ տեղահանւել են 9396 ընտանիք ու անտուն են դարձել 38154 հայորդիներ: Նշեալ պատերազմում հայութիւնն ունեցել է 5000 զոհւած երիտասարդներ եւ աւելի քան 11000 հաշմանդամ եւ հարիւրաւոր գերի ու անյայտ կորածներ:
Նոյն թւականի նոյեմբեր 9-ին հրապարակւում է Փաշինեանի, Ալիեւի եւ Պուտինի ստորագրութեամբ, ի վնաս Հայաստանի, եռակողմ յայտարարութիւնը, ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին: Ըստ նոյն յայտարարութեան առաջին կէտի՝ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրայ», ոչ թէ ադրբեջանը նահանջում է գրաւած վայրերից, այլ կանգ է առնում իր գրաւած դիրքերում, այսինքը՝ հաստատւում է ադրբեջանի վերոնշեալ տարածքների գրաւումը: 2-րդ եւ 6-րդ կէտերով, Հայաստանը ճշտւած ժամկէտներով, ադրբեջանին է «վերադարձնում» եւ ոչ թէ յանձնում (այսինքը՝ յստակ հաստատում են, որ այդ շրջանները պատկանում են ադրբեջանին եւ ոչ թէ Հայաստանին), Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները:
Այնուհետեւ ալիեւը ոգեւորւած, յօգուտ ադրբեջանի ստորագրւած եռակողմ յայտարարութիւնից, ոչ թէ «կանգ է առնում իր զբաղեցրած դիրքերի վրայ», այլ շարժւում է դէպ ինքնիշխան Հայաստան եւ Փաշինեանի լուռ համաձայնութեամբ եւ քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ գրաւում է Գորիս-Կապան ճանապարը, Սեւ Լճի ու Շորժայի մի քանի հատւածները, Իշխանասարի կարեւոր մասը, Ներքին Հանդն ու Շուռնուխը: Արդէն ադրբեջանի բանակը գտնւում է Ջերմուկից ընդամէնը 5 կմ. հեռու եւ այս օրերին էլ հակառակ միջազգային օրէնքի, փակել է Բերձորի միջանցքն ու շրջափակել Արցախի Հանրապետութիւնը, 120.000 բնակչութեանը մատնելով բազում դժւարութեանց ու վտանգների եւ այս բոլորի չարիքների ու ոտնձգութեանց հանդէպ քար լռութիւն է պահում մեր երկրի «իշխանաց իշխան» վարչապետը իր հլու հպատակներով հանդերձ:
Հայրենիքի սահմանների եւ ժողովրդի անվտանգութեան ու պաշտպանութեան գլխաւոր երաշխաւորը պետութիւնն է: Ցաւալի է, որ ներկայի ՀՀ իշխանաւորները որպէս հայրենի պետութեան «ազգընտիր» ներկայացուցիչներ, իրենց անտարբերութեամբ թոյլ են տալիս, որ մեր հայրենիքի տարածքների ու ժողովրդի ճակատագիրը տնօրինեն ուրիշները:
Նոր Ջուղա
12.2.2023թ.
