Արցախի Պատուիրակութիւնը Ֆրանսայի Հայոց Թեմէն Ներս Շեշտած է Արցախի Ժողովուրդի Իրաւունքներու Վերականգնման Ուղղութեամբ Տարուող Աշխատանքներուն Կարեւորութիւնը
Արցախի պատուիրակութիւնը այցելած է Ֆրանսայի հայոց թեմ։ Այս մասին կը տեղեկացնէ Արցախի Հանրապետութեան ազգային ժողովը։
«Սոյն թուականի Ապրիլի 13-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիէլեանի գլխաւորած պատուիրակութեանն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանը։ Հանդիպումը տեղի ունեցաւ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։
Հանդիպման ընթացքում երկուստէք շեշտուեց Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնան ուղղութեամբ տարուող աշխատանքների կարեւորութիւնը։ Նշուեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կենտրոնացման անհրաժեշտութիւնը` միջազգային մակարդակում յաջողութիւններ արձանագրելու համար։
Մտահոգութեան առարկայ էր Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ՀՀ իշխանութիւնների կողմից սանձազերծուած ոտնձգութիւնները։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանութիւններն իրենց անվերապահ աջակցութիւնն են յայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն եւ այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին։
Գրիգոր Սրբազանը պատուիրակութեանը ընկերակցեց Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի եւ ներկայացրեց եկեղեցու ու Ֆրանսիայի համայնքի պատմութիւնը»,- ըսուած է հրապարակման մէջ։
