Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նախաձեռնած է Համազգային Արշաւ՝ Կոչով Դիմելով Թրամփին

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA) նախաձեռնած է համազգային արշաւ՝ կոչ ընելով նախագահ Տանըլտ Թրամփին չեղարկելու ԱՄՆ Արտահանման-Ներմուծման (EXIM) դրամատան անխոհեմ որոշումը՝ հաստատելու $339 միլիոն տոլարի վարկային երաշխիք Boeing-ի կողմէ բեռնատար ինքնաթիռներու վաճառքի համար ազրպէյճանի Silk Way West Airlines-ին, որ ուղղակիօրէն կապուած է ցեղասպան վարչաձեւի հետ՝ զէնքի առեւտուրի եւ հայ ժողովուրդի դէմ յարձակման լաւ փաստագրուած պատմութեամբ:

Արշաւը՝ հասանելի anca.org/exim կայքին մէջ, զօրաշարժի կ՝ենթարկէ ամերիկահայերը եւ մարդու իրաւունքներու պաշտպանները ամբողջ ԱՄՆ-ի մէջ՝ պահանջելու նախագահ Թրամփէն չեղեալ յայտարարել 2025թ. Մարտ 31-ի EXIM դրամատան որոշումը՝ ֆինանսաւորելու երկակի նշանակութեան բեռնատար ինքնաթիռները, գործարք մը, որ վտանգ կը ներկայացնէ ազրպէյճանի մենատիրական վարչաձեւի յետագայ ռազմականացման եւ տարածաշրջանային անկայունութեան սրման առումով: Silk Way Airlines-ը, որ սերտօրէն կապուած է ազրպէյճանի կառավարութեան եւ նախագահ իլհամ ալիեւի հետ, բազմիցս մեղադրուած է հակամարտութեան գօտիներ զէնք տեղափոխելու մէջ: Այս բեռնափոխադրումները, որոնք փաստագրուած են կազմակերպուած յանցաւորութեան եւ կաշառակերութեան լուսաբանման նախագիծի (OCCRP), Ազատ Եւրոպա/Ազատութիւն ռատիոկայանի (RFE/RL) եւ The Washington Post-ի կողմէ, կը ներառեն զէնքի մատակարարումներ ազրպէյճանին՝ 2020թ. եւ 2023թ. Արցախի բնիկ հայ բնակչութեան դէմ մահաբեր յարձակումներու ժամանակ: Այս յարձակումները յանգեցուցին 2023թ. Սեպտեմբերին աւելի քան 120,000 հայերու ցեղական զտման՝ ընդամէնը ամիսներ առաջ, քան EXIM-ը հաստատեց այս վիճահարոյց վարկային փաթեթը:

«Այս վտանգաւոր եւ խորապէս անպատասխանատու վարկը կ՝երաշխաւորէ մահաբեր բեռներու առաքումը, զէնքի շարունակական փոխադրումը ազրպէյճանի ցեղասպան ալիեւի վարչաձեւին»,- յայտարարած է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: «EXIM դրամատան գործողութիւնը ոչ միայն բարոյապէս անընդունելի է, այլեւ ռազմավարական առումով կարճատես է, օժանդակելով եւ օգնելով ազրպէյճանի յարձակման գործին, հակասելով ԱՄՆ օրէնքներուն, մեր միջազգային պարտաւորութիւններուն եւ համընդհանուր մարդասիրական արժէքներուն: Նախագահ Թրամփը պէտք է անյապաղ գործի՝ արգելափակելու այս վարկը եւ պահպանելու Ամերիկայի յանձնառութիւնը խաղաղութեան եւ հալածուած քրիստոնեաներու պաշտպանութեան նկատմամբ»: $339 միլիոն տոլարի վարկային երաշխիքը (EXIM reference: AP099540XX & AP099540XA) պիտի աջակցի Boeing ինքնաթիռներու մատակարարման մինչեւ 2026թ. գարուն:

Ֆինանսաւորումը հաստատուած է՝ չնայած լայն հասարակական բողոքին, հետեւելով 2025թ. Յունուար-Փետրուարին իրականացուած լայնածաւալ մեկնաբանութիւններու ժամանակաշրջանին, որուն ընթացքին ANCA-ն առաջնորդեց գործարքի դէմ ուղղուած համազգային ջատագովական ջանքերը: Քարոզարշաւը զգուշացուցած է, որ վարկը.

— Կը խախտէ ԱՄՆ արտահանման վերահսկողութեան օրէնքները, ներառեալ Արտահանման վարչարարութեան կանոնակարգերը եւ Զէնքի միջազգային շրջանառութեան կանոնակարգերը:

— Կը հակասէ ԱՄՆ պատժամիջոցներու քաղաքականութեան, մասնաւորապէս Կլոպըլ Մակնիցգիի մարդու իրաւունքներու հաշուետուողականութեան ակտին եւ FREEDOM Support ակտին:

— Կը խաթարէ տարածաշրջանային խաղաղութիւնը՝ ամրապնդելով ազրպէյճանի ռազմական դիրքերը Հայաստանի եւ Արցախի դէմ:

— Հնարաւորութիւն կու տայ ցեղասպանութեան՝ նպաստելով ազրպէյճանի ցեղական զտման եւ մշակութային ոչնչացման քարոզարշաւին:

— Կը քայքայէ ԱՄՆ վստահելիութիւնը՝ ամերիկեան հարկատուներու միջոցները համապատասխանեցնելով պատերազմական յանցագործութիւններու եւ կաշառակերութեան համար դատապարտուած վարչաձեւի հետ: RFE/RL-ի, OCCRP-ի եւ The Washington Post-ի կողմէ հետաքննական լրագրութեան լրացուցիչ ապացոյցները կը հաստատեն, որ Silk Way-ի ինքնաթիռները բազմաթիւ զէնքի առաքումներ իրականացուցած են Իսրայէլի Օվտա օդանաւաընկերութեան դէպի պաքու, ներառեալ առնուազն վեց թռիչք միայն 2025թ. սկիզբին:

Այս առաքումները, որոնք համապատասխանում են Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումներից առաջ նկատված օրինաչափություններին, ամրապնդում են ավիաընկերության դերը, որպես Ադրբեջանի ռազմականացման և ագրեսիայի հիմնական ուղի: OCCRP-ի ավելի վաղ զեկույցները նաև փաստագրել են Silk Way-ին ԱՄՆ EXIM բանկի նախկին աջակցությունը, ներառյալ 2014թ. $420 միլիոնը և 2017թ. աննախադեպ $1 միլիարդը: Յուրաքանչյուր դեպքում Silk Way-ի նավատորմն օգտագործվել է հակամարտության գոտիներ, ներառյալ Աֆրիկա և Մերձավոր Արևելք, զենք տեղափոխելու համար:

Հատկանշական է, որ ԱՄՆ գեներալները, ովքեր վերահսկում էին ռազմական մատակարարման շղթաները Աֆղանստանի պատերազմի ժամանակ, հետագայում խորհրդատվական պայմանագրեր են կնքել Silk Way-ի հետ, ինչը բարձրացրել է լուրջ էթիկական և ազգային անվտանգության մտահոգություններ, որոնք լուսաբանել է The Washington Post-ը: «Ամերիկահայերը չեն հանդուրժի, որ մեր կառավարությունը ֆինանսավորի հենց այն ինքնաթիռները, որոնք օգտագործվում են քաղաքացիական բնակչության ռմբակոծման և մեր պապենական հայրենիքի ոչնչացման համար»,– ավելացրել է Համբարյանը:

«Մենք կոչ ենք անում նախագահ Թրամփին անհապաղ գործել, և կոչ ենք անում բոլոր ամերիկացիներին միանալ մեզ արդարության և խաղաղության համար այս հրատապ պայքարում»: