Խաղաղութեան Գինը․․․ Դերենիկ Մելիքեան
Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթելուց ի վեր, իր ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշումներն արդարացնելու համար, քարոզչական հիմնական ու անփոխարինելի միջոցն է դարձրել՝ «Խաղաղութի՜ւնը», որով էլ, կարելի է ասել, յաջողել է մոլորեցնել-համոզել, յատկապէս արցախեան պատերազմ դիմագրաւած ողջ հայ ժողովրդին…։
Եւ այսպէս, մեր խնդրոյ առարկայ «խաղաղութեան» համար, Հայաստանի ու բնականաբար հայ ժողովրդի եթէ ոչ կողմից, ապա անունից, ոխերիմ թշնամուն վճարւել են հետեւեալ ծանրագոյն գները…։
– Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհահատւածը, յարակից գիւղերով.
– Նոյնինքն՝ Արցախն ու դրա անխուսափելի հետեւանք՝ 7000-ամեայ բնակֆոնդի էթնիկ զտումն ու բռնագաղթը.
– Միեւնոյն «խաղաղութեան» համար վճարւած գներ են՝ ԱՐԱՐԱՏԻ ապահայացումը, հայ ժողովրդի ՊԱՏՄՈՒԹԵԱՆ նենգափոխումը՝ «իրական Հայաստան»-ի հեքիաթներով, Հայութեան ազգային-պետական անվտանգութեան հիմնաքար՝ Հայոց Ցեղասպանութիւնն ու արդար պահանջատիրութիւնն ուրանալ-զրոյացնելը՝ միջազգային հարթակներում։
– Մեծագոյն գներից մէկն էլ, ահա, Հայոց Առ. Եկեղեցու դէմ ճօճւած սուրն է, որն յուրախութիւն հայատեաց թշնամիների, առանց այն էլ՝ նոր դուռ է բացել անմիաբանացւած հասարակայնութեան շարքերում։
– Իշխանազաւթ թուրքահպատակները, սակայն, պատրաստւում են «նոր զիջումների» գնալ՝ ենթադրեալ, բայց արդէն հրամցւած խաղաղութեանը հասնելու համար. դրանք են՝ «Զանգեզուրի միջանցք»-ը (TRIPP), որի նկատմամբ խիստ զգայուն է ԻԻՀ-ն, սեփական անվտանգութեամբ պայմանաւորւած, «Արեւմտեան Ադրբեջան» վերադառնալու համար՝ Սիւնիքի եւ ՀՀ այլ տարածքներում այսպէս ասած՝ անկլաւների ինչպէսեւ Կիրանցի օրինակով՝ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի Տիգրանաշէն հատւածի նւիրաբերումը՝ ադրբեջանին…։ Այս ամենից յետոյ, «Խաղաղութեան Պայմանագիր» այնպէս էլ չի ստորագրւում, քանզի շնորհիւ թուրքահպատակների օրէցօր աւելի լկտիացած Ալիեւը պահանջել է փոխել ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ, ինչպէս որ պահանջել է ի սկզբանէ բռնաճնշել-ձերբակալել-դատել ու բանտարկել տւեալ խաղաղութեանը «խանգարող» ազգային ընդդիմադիր եւ «ռեւանշիստ» ուժերին ու նրանց ղեկավարներին…։
Ի դէպ՝ ճշտորոշւած գնացուցակի մէջ են նոյնպէս Սեւանա լճի մի հատւածն ու դեռ՝ ՀՀ Բանակի փոքրացման- ապազինման ու… այսպէս շարունակ՝ ադրբեջանաթուրքական չյագեցող ախորժակները։
– Այս բոլոր զիջումների հակաանդրադարձերին ականատես ենք եղել բազմիցս՝ ինչպէս փողոց-հրապարակային, այնպէս էլ՝ խորհրդարանական պայքարներում, որոնք, սակայն, յաղթական աւարտով կարդիւնաւորւեն, եթէ վերածւեն համազգային համախումբ պայքարի, որին էլ վերապահւած է իրական, արդար եւ որ կարեւոր է՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԳԻՆԸ վճարելու իրաւունքն ու առաքելութիւնը…։
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու
