Պայքար Արցախի Վտանգուած Ժառանգութեան Պահպանման Համար

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

ԱՀ ԱԺ ԳԿՄԵՍ մշտական Յանձնաժողովի փորձագէտ Սիրանուշ  Սարգսեան

Փետրուարի 3-ին Ազրպէյճանի մշակոյթի նախարար Անար Քարիմովը   յայտարարել է միջազգային փորձագագիտական աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի նպատակը Արցախի գրաւուած տարածքներում հայկական պատմամշակութային ժառագութիւնը ոչնչացնելն է եւ յուշարձանները աղուանացման ենթարկելը։

Աւելի վաղ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Հադրութի շրջանի Ծակուռի  գիւղի Սուրբ Աստուածածին եկեղեցում՝ նմանատիպ յայտարութիւններ է արել՝ նշելով, որ «Հայերը ինչպէս պղծել են մեր մզկիթները, այնպէս էլ հին աղուանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրութիւնները կեղծ են, աւելի ուշ աւելացուած գրութիւններ են»։

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր, պատմական գիտութիւնների դոկտոր Վահրամ Բալայեանը, մեկնաբանելով ազրպէյճանական վանդալիզմի դրսեւորումները, նշել է. «Ազրպէյճանի հաւակնութիւնները հայկական տարածքների նկատմամբ՝ նորութիւն չեն: Դեռեւս 20-րդ դարի սկզբին, երբ  ձեւաւորուեց  մուսաուաթական Ազրպէյճանը, այդ հաւակնութիւնները ոչ միայն մեծացել են, այլ նաեւ կազմակերպուած բնոյթ  են ստացել, ինչը շարունակուել է նաեւ խորհրդային ժամանակահատուածում»:

70-ական թուականներին վերսկսուեց հերթական, այսպէս կոչուած, աղուանացման ծրագիրը, երբ փորձ էր արւում ԼՂԻՄ եւ հարակից հայկական տարածքների պատմամշակությաին արժէքները ներկայացնելու աղուանական:

«Պիտի նկատենք, որ ոչ միայն հայ, այլեւ օտարազգի շատ գիտնականներ անդրադարձել են այս հարցին: Դեռեւս հնագոյն ժամանակներում յոյն, հռոմէացի պատմիչները իրենց աղբիւրագիտական աշխատութիւններում փաստել են, որ Կուր գետի աջափնեակը հայկական է եղել, եւ զաւեշտալի են Ազրպէյճանի պնդումները հայերի կողմից այդ հետքերի վերացման եւ աղուանացման շուրջ: Այդ աղբիւրագիտական նիւթերում կան նաեւ եկեղեցիների, վանական հայրերի դարերով եկած տոհմերի ծագումնաբանութիւնը: Այս բոլոր գործողութիւնները մեր պատմամշակութային ժառանգութիւնը սեփականացնելն է, եւ մենք պէտք է մեր բոլոր ուժերով պայքարենք դրա դէմ»,- աւելացրեց Վահրամ Բալայեանը:

Պաշտօնական տուեալներով` 2020 թուականի պատերազմի հետեւանքով Ազրպէյճանի վերահսկողութեան տակ են մնացել առնուազն 1456 նշանաւոր յուշարձաններ, այդ թւում՝ 161 վանքեր եւ եկեղեցիներ, 591 խաչքարեր, 345 տապանաքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ, 208 սրբավայրեր. 10 պետական եւ 2 մասնաւոր թանգարաններ:

Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Լուսինէ Ղարախանեանը, ով պատերազմի ժամանակ եւ յետոյ զբաղեցնում էր կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի պաշտօնը, նշել է. «Ազրպէյճանը պետական ամենաբարձր մակարդակով պայքար է տանում Արցախի պատմամշակութային ժառանգութեան դէմ՝ մի կողմից հայկական ծագման քրիստոնէական արժէքները ոչնչացնելով, միւս կողմից ՝ իւրացմամբ, դրանք վերագրելով ալբանական մշակոյթին, իսկ դրանցից՝ ազրպէյճանականին: Այսինքն՝ ինչպէս Համլետ Պետրոսեանն է ասում, սա միջնորդաւորուած իւրացում է: Պետական մակարդակով այսպիսի քաղաքականութեան իրականացումը  մշակութային եղեռն է եւ հոգեւոր էքսպանսիա, որի արդիւնքում՝ անտեսւում են միջազգային  բոլոր օրէնքները,  որոնք կեանքի են կոչուել  համամարդկային պատմամշակությաին ժառանգութիւնը պահպանելու ուղղութեամբ: Այս մշակութային վանդալիզմը կանխելու նպատակով՝ մենք կոչ ենք յղել միջազգային կազմակերպութիւններին գործնական քայլեր ձեռնարկել եւ  կանխել Ազրպէյճանի նախագահի մակարդակով հրահանգուած ու մեր հայրենիքի գրաւուած հատուածում նոր թափով ձեռնարկուած մշակութային ցեղասպանութիւնը, բայց փաստն այն է, որ այսօր Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին այլանդակուած է եւ այլանդակւում է»:

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից մի քանի օր յետոյ ազրպէյճանցի օգտատէրերից մէկի հրապարակած նիւթում Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին արդէն իսկ աւերուած վիճակում էր, յատկապէս գմբէթն ու զանգակատունը: Փաստերի հետաքննութեան հարթակի (FIP) տուեալներով՝ այս տեղեկատւութեան աղբիւրը ֆէյսբուքեան ազրպէյճանցի օգտատէր Սեւինկ Ասադուլաեւն է։

«Հրադադարի հաստատումից ի վեր հիմնայատակ ոչնչացուել է Մեխակավանի սուրբ Աստուածածին եկեղեցինՀադրութի Առաքել գիւղի խաչքարը, վայրագութիւններ են տեղի ունենում յատկապէս Արցախեան ազատամարտի հերոսներին նուիրուած կոթողների, տապանաքարերի հետ, քանդուել է  Շուշիի Հայոց Ցեղասպանութեան յիշատակին նուիրուած յուշարձանը, հայրենական մեծ պատերազմի յուշարձանները: Սա էթնոցիդ է եւ վտանգաւոր գործընթաց է: Կարելի է ասել՝ պատերազմը շարունակւում է, քանի որ վերացնել մշակոյթը նշանակում է իսպառ վերացնել ինքնութեան, ազգային ինքնագիտակցութեան, արժէհամակարգի բոլոր ատրիբուտները, որովհետեւ մենք բոլոր այդ կոթողների հետ յուզական, վարքային կապեր ունենք»,- ասաց Լ. Ղարախանեանը:

Նշենք, որ Դեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը «Ռասսայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հաստատել է. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգութեամբ եւ էթնիկ հայերին թիրախաւորող ռասսայական ատելութեան եւ խտրականութեան հրահրումը եւ խթանումը, ներառեալ՝ Ազրպէյճանի պաշտօնեաների եւ պետական հաստատութիւնների կողմից: Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողութիւնները՝ ուղղուած հայկական մշակութային ժառանգութեան, ներառեալ՝ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, յուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտների դէմ»:

Սակայն  Լուսինէ Ղարախանեանը այնքան էլ հաւատ չի տածում միջազգային համապատասխան կառոյցների հանդէպ:

«Որպէս մտաւորական, որպէս պետական պաշտօնեայ, կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախկին նախարար՝ խորապէս հիասթափուած եմ UNESCO-ի կողմից հակամարտութեան ժամանակ Ազրպէյճանին ընտրելու իրողութիւնից: Սա անվստահութեան մթնոլորտ ձեւաւորելու հիմնաւոր պատճառ է համամարդկային մշակութային ժառանգութիւնը պահպանելու առաքելութեամբ օժտուած կազմակերպութեան հանդէպ»,- աւելացրեց նա:

Առանձնակի լաւատեսութեամբ չէ լցուած նաեւ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը: Վերջին մէկ տարուայ ընթացքում թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի իշխանութիւններն օգտագործել են տարբեր գործիքակազմ ազրպէյճանական գործողութիւններին հակազդելու համար։ Զեկոյցներ եւ նամակներ են ուղարկուել միջազգային կազմակերպութիւններին։ Խնդրի վերաբերեալ պարբերաբար հրապարակային յայտարարութիւններ են արուել։ Պատերազմի աւարտից մի քանի ամիս անց Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է Ազրպէյճանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգութեան վանդալիզմի դէպքերի վերաբերեալ զեկոյց։ Ինչպէս նշեց Ստեփանեանը՝ «Մեր զեկոյցի նպատակն էր ահազանգել միջազգային հանրութեանը Ազրպէյճանի կողմից գրաւուած տարածքներում հայկական մշակութային ժառանգութեանը սպառնացող վտանգի մասին։ Ցաւօք, միջազգային հանրութիւնը մինչ օրս յստակ քայլեր չի ձեռնարկել, եւ սա է հիմնական պատճառներից մէկը, որ ազրպէյճանական կողմն անարգել շարունակում է մեր յուշարձանները պղծելու եւ դրանց պատմութիւնը խեղաթիւրելու իր քաղաքականութիւնը։

Ազրպէյճանի մշակոյթի նախարարի յայտարարութիւնը, թէ Ազրպէյճանում ստեղծւում է աշխատանքային խումբ եկեղեցիներից հայերէն գրութիւնները հեռացնելու համար, ցոյց է տալիս, որ Ազրպէյճանն իր ցինիկ պահուածքով համարձակւում է ընդդիմանալ Միջազգային դատարանի որոշմանը։ Նման քայլի մասին դատարանը կտեղեկացուի Ազրպէյճանի կողմից, եւ մենք դատարանից կպահանջենք օգտագործել իր բոլոր գործիքները սեփական որոշումը կեանքի կոչելու համար։ Միաժամանակ մենք շարունակելու ենք աշխատել մշակութային յուշարձանների վիճակի մոնիտորինգի ուղղութեամբ եւ հետեւողականօրէն ահազանգելու ենք շարունակուող բոլոր յանցագործութիւնների մասին»

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար  Գասպար Կարապետեանը, ով տարիներ շարունակ եւրոպական տարբեր կառոյցների ներկայացուցիչների մօտ բարձրացրել է Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան խնդիրները, նոյնպէս մեկնաբանել է. «Արցախում, մասնաւորապէս 2020 թուականի պատերազմից յետոյ հայկական մշակութային ժառանգութեան պահպանութիւնը մշտապէս եղել է մեր ուշադրութեան կենտրոնում։ Բրիւսելում տասնեակ որոշումներ կայացնողների հետ մեր վերջին բոլոր հանդիպումների ընթացքում, ինչպէս ԵՄ մակարդակով, այնպէս էլ ազգային մակարդակով, մենք շեշտում ենք Արցախի գրաւուած տարածքներում հայկական մշակութային ժառանգութեան ջնջման ազրպէյճանական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ անհրաժեշտութիւնը  դրա դէմ ակտիվ պայքարելու համար։ Մօտ ապագայում մենք մտադիր ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղութեամբ, ինչպէս նաեւ մոբիլիզացնել մեր կոմիտէները ողջ Եւրոպայում։ ԵՄ-ն եւ համապատասխան միջազգային կազմակերպութիւնները բարոյական պարտաւորութիւն ունեն արդիւնաւէտ ճնշում գործադրելու Ազրպէյճանի աւտորիտար ռեժիմի վրայ՝ անյապաղ դադարեցնելու նրա ապակառուցողական քաղաքականութիւնը, ներառեալ՝ մշակութային ցեղասպանութիւնը եւ պատմութեան կեղծումը»: