ՀՀ Օրհներգի Խնդիրը. Հարցեր եւ Պատասխաններ
Հրանդ Տէր-Աբրահամեան
168.am
Որո՞նք են Հայաստանի հիմնը եւ պետական այլ խորհրդանիշները՝ դրօշ եւ զինանշան, փոխելու առաջարկի ակունքներն ու արմատները
Հայաստանի պետական հիմնը, նաեւ՝ դրօշն ու զինանշանը փոխելու, սովետականին վերադառնալու միտքը նոր չէ: Այդ առաջարկները հնչում են դեռ 90-ականների սկզբից, եւ այդ տարիներից ի վեր ժամանակ առ ժամանակ բարձրացւում են այլեւայլ անհատների եւ խմբերի կողմից: Կարելի է նոյնիսկ ասել, որ հէնց մէկը մի քիչ պարապ է մնում, նա հանդէս է գալիս պետական խորհրդանիշները փոխելու, որպէս կանոն՝ սովետականին վերադառնալու առաջարկով (յատկապէս՝ զինանշանի եւ հիմնի մասով): Նորութիւն է միայն այն, որ այս անգամ այդպիսի առաջարկով հանդէս է գալիս պետական բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը՝ ԱԺ փոխնախագահը: Անկախութեան այսքան տարիների ընթացքում որեւէ պետական պաշտօնեայ նման բան իրեն թոյլ չի տուել՝ նոյնիսկ, եթէ հոգու խորքում այդպէս մտածել է:
Հայաստանի պետական խորհրդանիշների նկատմամբ բացասական վերաբերմունքը եւ դրանց փոփոխութեան առաջարկը ծնունդ է 1980-90-ականների երեւանեան քաղքենիական խաւի մտածողութեան եւ հոգեբանութեան: Այդ՝ հիմնականում արտօնեալ սովետահայ մտաւորականներից եւ նախկին պաշտօնեաներից բաղկացած խաւը, որի համար անընդունելի էր, նաեւ՝ թշնամական Ղարաբաղեան շարժումը, եւ յատկապէս՝ դրա միջոցով ձեւաւորուած Հայաստանի անկախութեան պահանջը, եւ որը նաեւ զրկուեց իր արտօնեալ հանրային դիրքից Շարժման յաղթանակի արդիւնքում, իր հակակրանքն անկախութեան գաղափարի նկատմամբ տարածեց նաեւ անկախութեան պետական խորհրդանիշների վրայ:
Այս խաւի մէջ էր, որ ստեղծուեց եւ յետոյ դրանից էլ դուրս տարածուեց «զինանշանը գազանանոց է», «Մեր Հայրենիքից խեղճութեան հոտ է գալիս» եւ նման բնորոշումները, որոնք մասամբ՝ բառացի, մասամբ էլ՝ ձեւափոխուած, իրենց գոյութիւնն են քարշ տալիս ցայսօր՝ վարակելով նաեւ մարդկանց, որոնք կապ չունեն քաղքենիական, հակաանկախական սկզբնաղբիւրի հետ: Այս նոյն շրջարկի մէջ է մտնում նաեւ «ռուսական դպրոցների» վերաբացման հարցը, որը նոյնպէս ժամանակ առ ժամանակ փորձ է եղել արծարծել՝ հիմնի, զինանշանի փոփոխութեան հարցին զուգահեռ: Ռուսական կրթութիւնն այդ քաղքենի խաւի գերիշխող դիրքն ապահովող կարեւոր հաստատութիւններից մէկն էր:
Քաղքենի այս խաւը, չնայած իր էլիտար յաւակնութիւններին, տեղեակ չէր ո՛չ աշխարհից, ո՛չ էլ հայոց պատմութիւնից: Նրա համար «հաշիւ չէր», որ աշխարհի զինանշանների մեծ մասը «գազանանոց են», իսկ «Մեր Հայրենիքը» հայկական ազգային-ազատագրական պայքարի երգերից է, որը երգելով՝ մարդիկ գնացել են Սարդարապատի ճակատամարտ: Կարեւոր չէր, որ ռուսերէնն աշխարհի մասշտաբով այն լեզուն չի իրականում, որ կապի մեզ համաշխարհային արժէքների հետ, կարեւորը, որ ռուսերէնն իր սոցիալական արտօնեալ կարգավիճակի գործիքն էր: Նրա համար որեւէ երեւոյթի՝ հայկական թէ համամարդկային, լեգիտիմութեան միակ աղբիւրը մօտաւորապէս 1960-1987 թթ.-ի սովետականին համապատասխանելն էր՝ անկախ մնացած ամէնից:
Ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր Արամ Խաչատրեանի անունը եւ մնացածը միայն առիթ է, պատրուակ: Իրական խնդիրը հէնց այն է, ինչ նկարագրեցինք: Օրինակ, զինանշանի դէպքում, ասում են, թէ՝ բա սովետականը Սարեանի նկարածն էր, բայց երբ առարկում ես, որ ներկան էլ Թամանեանի եւ Կոջոյեանի գծածն է, բան չունեն պատասխանելու, ոչ էլ իմանում են: Սարեան, Խաչատրեան եւ այլն, միայն առիթներ են անկախութեան խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքի արտայայտման համար:
Որո՞նք են պետական խորհրդանիշների հարցի քննարկման չափանիշերը
Բնական է, որ պետական խորհրդանիշների փոփոխման առաջարկներ կարող են հրապարակուել եւ քննարկուել, բայց միայն մի պայմանով, քննարկողները պէտք է հասկանան, թէ ինչ բան է պետական խորհրդանիշը, ինչո՛վ է այն տարբերւում զուտ նկարից, երգից, բանաստեղծութիւնից եւ այլն:
Ին՞չ բան է ընդհանրապէս խորհրդանիշը: Խորհրդանիշը մի բան է, որի բովանդակութիւնը պայմանական է, որը նշում է, մարմնաւորում է ոչ թէ ինքն իրեն, այլ մէկ այլ երեւոյթ: Պայմանականութիւնը խորհրդանիշի անբաժան, էական յատկանիշն է, ատրիբուտն է: Օրինակ, օձը փաթաթուած գաւաթի շուրջ՝ բժշկութեան յայտնի խորհրդանիշն է: Դա չի նշանակում, որ օձն ինքնին անմիջական կապ ունի բժշկութեան հետ: Կամ էլ օձն իրապէս այն իմաստուն կենդանին է, որպիսին ներկայանում է առասպելներում եւ հեքիաթներում: Իրական օձ կենդանուց շատ աւելի խելօք կենդանիներ կան, օրինակ, ագռաւը կամ շունը: Բայց այնպէս է ստացուել, որ իմաստութեան խորհրդանիշ է օձը: Բոլորս հասկանում ենք դրա պայմանականութիւնը, եւ ոչ մէկի մտքով չի անցնում ասել՝ եկէք, քանի որ օձն իրականում այդքան էլ խելօք կենդանի չէ, խորհրդանիշ դարձնենք ագռաւին կամ շանը, եւ այլն: Կամ էլ բժշկութեան սիմուոլ դարձնենք որեւէ բուժախոտ:
Պետական խորհրդանիշը նոյնպէս կարեւորւում է ոչ թէ իր անմիջական բովանդակութեամբ, օրինակ, օրհներգի դէպքում, ոչ թէ՝ որպէս երգ ու բանաստեղծութիւն, այլ նախ՝ իր՝ որպէս խորհրդանիշի պատմութեամբ, սերունդների ընթացքում կուտակուած ներուժով: Օրինակ, Ֆրանսիայի օրհներգ «Մարսելյեզի» տեքստը մի «սարսափ կինօ է», որտեղ հողը ներկւում է արեամբ, ջարդւում են թշնամիների գլուխները, իսկ թշնամիներն էլ սպանում են կանանց եւ երեխաներին: Հաստատապէս ֆրանսիացիները կարող են աւելի որակով մի բանաստեղծութիւն գրել կամ ընտրել իրենց համար՝ որպէս հիմն:
Բայց դա բացարձակապէս էական չէ: Որովհետեւ «Մարսելյեզը» վաղուց դարձել է ֆրանսիական ինքնութեան մաս: «Մարսելյեզը» փոխելու համար պէտք է փոխել արդի Ֆրանսիայի ինքնութիւնը: Գերմանիայի արդի հիմնից երգում են միայն երրորդ տունը, որովհետեւ առաջին տան մէջ՝ «Գերմանիան բոլորից վեր է» յայտնի արտայայտութիւնն է, որը ժամանակի ընթացքում կապուել է նացիզմի հետ: Բայց չնայած դրան, գերմանացիք չեն փոխել բուն հիմնը, նոյն երաժշտութիւնն է, նոյն երգն է, միայն թէ բաց են թողնում նշուած տողերը: Արդեօ՞ք չէին կարող պարզապէս փոխել, նոր հիմն ստեղծել: Բնականաբար, ո՛վ՝ ո՛վ, բայց գերմանացիք, որոնք աշխահին տուել են լաւագոյն արդի կոմպոզիտորներին, հաստատ կարող էին ունենալ նոր հիմն՝ հինը կիսատ-պռատ երգելու փոխարէն: Բայց չնայած նոյնիսկ նրան, որ այդ երգը կապւում է նացիզմի հետ, այն գերմանական պատմութեան, ինքնութեան մասն է, ու շարունակում է մնալ Գերմանիայի օրհներգը:
Օրինակները կարող ենք շարունակել: Անգլիայի երգի բառերն անարուեստ տափակ յանգաւորումներ են, որոնց հեղինակը նոյնիսկ յայտնի չէ: Իտալիայի օրհներգը կոչ է անում համախմբուել եւ պատրաստ լինել մահուան, որովհետեւ Իտալիան է կանչում: Բնականաբար, դա երգելուց, ասենք, ֆուտբոլից առաջ Իտալիայի հաւաքականի ֆուտբոլիստները յուզւում են ոչ թէ նրանից, որ պատրաստւում են իրօք մահանալ դաշտում, այլ՝ որովհետեւ դա իրենց ինքնութեան եւ պատմութեան մասն է:
ԱՄՆ հիմնը պատմում է մարտի դաշտում թեւածող դրօշի մասին եւ ոգեկոչում է քաջերին, որոնք պատրաստ են մարտնչել այդ դրօշի տակ: Եւ այսպէս շարունակ՝ անարուեստ բանաստեղծութիւններ, ամենեւին էլ ոչ հանճարեղ երաժշտութիւն, անյայտ կամ քիչ յայտնի հեղինակներ, 19-րդ դարի մտածողութեանը բնորոշ բառեր եւ կոչեր, գրեթէ ամէնուր՝ ճակատամարտի պատկերներ: Հայաստանի հիմնն այստեղ բացառութիւն չէ:
Պետական խորհրդանիշի հարցի քննարկումը չի կարող կառուցուել գեղագիտական փաստարկների շուրջ՝ լաւ կամ վատ երաժշտութիւն, լաւ կամ վատ բանաստեղծութիւն, լաւ կամ վատ երգ, լաւ կամ վատ հեղինակ: Հիմնը երգ չէ՝ սովորական իմաստով, զինանշանը կամ դրօշը՝ նկար: Դրանք քաղաքականութեան, ինքնութեան, պատմութեան հետ կապուած իրողութիւններ են, եւ հէնց այդ լոյսի ներքոյ էլ պէտք է քննարկուեն: Գեղագիտական չափանիշերը, առաւել եւս՝ որեւէ մէկի ճաշակին բռնել-չբռնելու հարցն այստեղ ոչ թէ նոյնիսկ երկրորդական է, այլ տասներորդական:
Ի՞նչ է «Մեր Հայրենիքը»՝ որպէս խորհրդանիշ
Նայած՝ ում համար: Եթէ մէկի համար Հայաստանի պատմութիւնն այսօր է սկսւում, կամ էլ լաւագոյն դէպքում ամփոփուած է միայն սովետական շրջանով (որի արժէքը մենք բնաւ էլ չենք ժխտում, բայց որը միայն մի մասն է մեր պատմութեան), ապա «Մեր Հայրենիքի» արժէքը նրա համար անհասկանալի է: Բայց, եթէ մարդու համար Հայաստանը ոչ թէ սոսկ անուն է, այլ կենդանի իրականութիւն, ինքնութիւն, անհատականութիւն, նրա համար «Մեր Հայրենիքը», նոյնիսկ, եթէ աշխարհի վատագոյն երգն է՝ արժէք եւ սրբութիւն է, որի համար արժէ ապրել ու մեռնել:
«Մեր Հայրենիքը» մեր վերջին 150 տարուայ՝ յանուն անկախութեան եւ ազատութեան պայքարի երգն է: Նրա արժէքը մէկ նախադասութեամբ այն է, որ սա այն երգն է, որի տակ մարդիկ շտապել են Սարդարապատի ճակատամարտ, կերտել են Հայաստանի անկախութիւնը: Վանի ինքնապաշտպանութեան ժամանակ մարդիկ երգել են «Մեր Հայրենիքը»: Եւ այսպէս շարունակ: Պատմութեան ընթացքում կուտակած այս արժէքը չի կարող փոխարինուել որեւէ այլ՝ զուտ արուեստագիտական արժէքով: Որովետեւ, կրկնենք եւս մէկ անգամ, պետական խորհրդանիշը զուտ երգ չէ, այլ նա առաջին հերթին՝ ինքնութիւն է, պատմութիւն եւ քաղաքականութիւն:
Երբ 1990 թուականին Լեւոն Տէր-Պետրոսեանը ԳԽ նիստում առաջարկեց «Մեր Հայրենիքը»՝ որպէս պետական օրհներգ, նա ասաց, որ սա այն երգն է, որը սիրելի է դարձել ժողովրդին: Սա ասում եմ՝ ըստ յիշողութեան: Բայց այս բառերի մէջ մեծ իմաստ կայ՝ երգը ոչ թէ ընտրուել է ինչ-որ «մասնագիտական» որոշմամբ, «մրցոյթով», այլ պայքարի, տուեալ դէպքում՝ Ղարաբաղեան շարժման պայքարի ընթացքում ինքն իրանով դարձել է խորհրդանիշ, սիրելի երգ, որի հետ մարդիկ նոյնացրել են իրենց պայքարը, անկախութեան գաղափարը: Չհասկանալ նման բաները, նշանակում է՝ կիլոմետրերով հեռու լինել երկիրն առաջնորդելու արուեստի մասին պատկերացումներից:
«Մեր Հայրենիքը», ուրեմն, ոչ միայն նախորդ, այլեւ ներկայ սերունդների յանուն անկախութեան պայքարի խորհրդանիշ է:
Վերջապէս այս օրհներգի ուղեկցութեամբ է կերտուել նաեւ ներկայիս անկախ Հայաստանը, այդ թւում՝ Ղարաբաղեան պատերազմի յաղթանակը եւ միւս բոլոր ձեռքբերումները, նաեւ՝ թերացումները: Դա արդէն ոչ միայն՝ անցած, այլեւ՝ մեր սերնդի պատմութեան մասն է: «Մեր հայրենիք» երգելով ենք ապրել ուրախ եւ տխուր օրերը մեր վերապրած պատմութեան: Նոյնիսկ ընդդիմադիր հրապարակային պայքարի մասնակիցների համար Հայաստանի օրհներգն է եղել այն խորհրդանիշը, որը ոգեւորել է մեզ պայքարի՝ յանուն արդարութեան եւ ազատութեան: Պէտք է միանգամայն խորթ լինել այս ամէնին՝ առաջարկելու համար այսօր «Մեր Հայրենիքը» փոխել Սովետական Հայաստանի հիմնով՝ նոյնիսկ, եթէ դա աշխարհի ամենահանճարեղ երաժշտութիւն ունեցողը լինի:
Ինչո՞ւ իտալացի աղջկայ երգ
Շատերը, կեղծ հայրենասիրութիւնից դրդուած՝ ասում են, բա ո՞նց կը լինի, իտալական աղջկայ երգը, որտեղ երգւում է Աւստրիայի կործանման մասին, կարող է լինել անկախ Հայաստանի հիմն:
Նման հարց տուողների մի մասը պարզապէս տեղեակ չէ պատմական հանգամանքներից, միւս մասն էլ հայրենասիրութիւնը շփոթում է նեղ, աշխարհից կտրուած հայեացքի հետ:
Ինձ համար, բացի ամէնից, յաւելեալ արժէք է այն, որ Հայաստանի հիմնի հիմքում հէնց իտալացի աղջկայ երգն է: Դրա պատմական հիմքը հետեւեալն է: Իտալական ազատագրական պայքարը, որի գլխաւոր հերոսը Գարիբալդին էր, իր ժամանակին ոգեշնչող օրինակ եւ նախատիպ էր դարձել բոլոր միւս ճնշուած եւ պառակտուած ազգերի ազատագրական պայքարների համար: Իտալիայից՝ Յունաստան, այստեղից՝ Սերբիայ եւ Բուլղարիայ, ապա աւելի արեւելք՝ ընդհուպ մինչեւ Հնդկաստան եւ Չինաստան, 19-20 դարերում տարածուեց ազգային-ազատագրական պայքարի ալիքը՝ կառուցուած միասնական գաղափարախօսութեամբ եւ հիմքով, եւ դա համաշխարհային պատմութեան ժամանակի կարեւորագոյն միտումն էր:
Ինչպէս Ֆրանսիական յեղափոխութիւնը յետագայ բոլոր յեղափոխական շարժումների համար, այդպէս էլ Իտալական ազգային-ազատագրական պայքարը դարձաւ բոլորի օրինակն ու արքետիպը: Եւ շատ խորհրդանշական է, որ մեր ազատագրական մտքի, յեղափոխական պայքարի նախակարապետ Միքայէլ Նալբանդեանը՝ ցայսօր էլ մինչեւ վերջ չհասկացուած ու չարժեւորուած, հէնց իտալացիների օրինակով էր ուզում ոգեշնչել իր հայրենակիցներին: Նալբանդեանն առաջինն էր, ով կոչ արեց հայերին քաղաքական, այլ ոչ միայն՝ մշակութային ինքնուրոյնութեան համար պայքարի:
Ընդ որում, նա նաեւ առաջինն էր, ով ձեւակերպեց ազգային պայքարի սոցիալական երանգը՝ նրա համար ազգը նախ՝ աշխատաւոր, գիւղացի խաւն էր, եւ ազգային պայքարի նպատակը միաժամանակ նաեւ սոցիալական էր, եւ նա առաջինն էր, ով ձեւակերպեց պայքարի յեղափոխական, այսինքն՝ սեփական ուժերի վրայ յենուելու մեթոդը: Արամ Խաչատրեանը հանճարեղ կոմպոզիտոր էր, բայց Միքայէլ Նալբանդեանը արդի հայ ազգի հիմնադիր կարող է համարուել, անկախութեան, յեղափոխութեան եւ սոցիալական արդարութեան գաղափարների հայր՝ հայկական միջավայրում:
Եւ յատկանշական է, որ հէնց նրա գաղափարներով ոգեւորուած՝ յետագայ սերունդները սկսեցին ազատագրական պայքարը, եւ նրա գրած բանաստեղծութիւնն էլ դարձաւ անկախութեան օրհներգ, եւ վերջապէս՝ պետական խորհրդանիշ: Սա այնքան կարեւոր եւ բարձր արժէք է ցանկացածի համար, ում համար Հայաստանը միայն անուն եւ տարածք չէ, այլեւ պայքարի գաղափար, կեանք, նպատակ, կիրք, գերագոյն սէր, որ այս արժէքների դիմաց նոյնիսկ Խաչատրեանի մեծութիւնն է երկրորդ պլան մղւում:
Վերջապէս շատ կարեւոր է, որ շնորհիւ իտալական ազգային պայքարի հետ՝ նաեւ՝ Նալբանդեանի հետ կապի, մեր հիմնը յուշում է մեզ, որ մեր ազգայինը նեղ, ներփակ երեւոյթ չէ, այլ համամարդկային արժէքների, համամարդկային պատմութեան մաս է, նեղ իմաստով՝ ազգային չէ: Սա ոչ թէ նսեմացնում, այլ միայն բարձրացնում եւ վեհացնում է մեր ազգայինը, մեր պայքարը: Միաժամանակ Նալբանդեանի անունը յիշեցնում է մեզ, որ ազգային պայքարն ու սոցիալական արդարութեան համար պայքարը, ինչպէս նաեւ յեղափոխականութիւնը, նոյն մեծ շրջարկի մասերն են, հարազատներ են, այլ ոչ թէ հակադրուած են միմեանց:
Եւ այստեղ հարցը ստանում է շատ աւելի լայն իմաստ:
Այսօրուայ յեղափոխութիւնն էլ ունի երկու ճանապարհ:
Եթէ առաջարկւում է սովետականին վերադառնալու տարբերակը, ապա սա յեղափոխութիւն է Երրորդ Հանրապետութեան դէմ, անկախութեան դէմ, սա հակայեղափոխութիւն է:
Եթէ մեր առաջնորդը Նալբանդեանն է, ապա մեր ուզածն ազգային եւ սոցիալական ազատագրումն է, Հայաստանի անկախութիւնը եւ արդար հասարակարգը, համամարդկայինի բարձրացուած ազգայինը եւ ազգայինի վերածուած համամարդկայինը:
Նալբանդեանը մեր դրօշն է, օրհներգն ու զինանշանը:
Ու թող կործանուի «Աւստրիան»:
