Պիտի Պահպանենք Մեր Հազարամեակներու Ժառանգութիւնը․ Ամէն Ջանք Պիտի Գործադրենք Արցախ Վերադառնալու Համար․ Արցախի ԱԺ

Հայաստան

Ամէն ջանք պիտի գործադրենք մեր ժողովուրդի Արցախ վերադառնալու եւ ինքնորոշման անքակտելի իրաւունքները լիարժէքօրէն իրացնելու համար: Այս մասին նշուած է Արցախի ԱԺ-ի տարածած յայտարարութեան մէջ:

«Սիրելի’ հայրենակիցներ

38 տարի առաջ Ստեփանակերտում հրաւիրուեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան, որի որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ազրպէյճանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայկակական ԽՍՀ կազմում ընդգրկելու վերաբերեալ ճակատագրական եղան մեր ժողովրդի յետագայ չորս տասնամեակների ընթացքի համար։ Դրան յաջորդած երեք տասնամեակների ընթացքում հազարաւոր նուիրեալների կեանքի ու մեր ողջ ժողովրդի հերոսական պայքարի գնով մենք վերագտել էինք մեր արժանապատուութիւնն ու ինքնութիւնը եւ մօտ էինք մեր ու մեր նախնիների դարաւոր երազանքի իրականացմանը՝ մայր հայրենիքի եւ պետութեան հետ լիարժէք միասնութեանն ու համաքայլ ընթացքին։

Սակայն Հայաստանի ներկայիս իշխանութիւնների արկածախնդիր «քաղաքականութեան», Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի Հանրապետութեան սահմանադրութիւնների եւ միջազգային իրաւունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարումների արդիւնքում ոչ միայն կորցրեցինք ծանր զրկանքների ու անասելի մաքառումների գնով ձեռք բերուածը, մեր հայրենի օճախները, այլեւ արցախահայութիւնը ենթարկուեց էթնիկ զտումների ու ցեղասպանութեան՝ ամբողջութեամբ արտագաղթելով Արցախից։

Այսօր թշնամին ոչ միայն զաւթել է հայրենի Արցախը, շինծու մեղադրանքների հիմքով «դատավճիռներ» է կայացնում Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս գերեալների հանդէպ, այլեւ ոչնչացնում է մեր հոգեւոր ժառանգութեան նիւթական վկայութիւնը՝ սրբատեղիները, վանքերն ու եկեղեցիները՝ փորձելով ջնջել Արցախի հայկական դիմագիծն ու արժանանում է Հայաստանի իշխանութիւնների գնահատանքին ու շնորհակալութիւններին։

Մենք, որպէս Արցախի Հանրապետութեան ժողովրդի ընտրեալ ներկայացուցիչներ,

մեր շնորհաւորանքներն ենք յղում 1988թ․ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներին, այդ զարթօնքով տոգորուած բոլոր հայորդիներին՝ աշխարհի բոլոր կողմերում,

մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի բոլոր փուլերում իրենց կեանքը նուիրաբերած հազարաւոր նահատակների ընտանիքներին եւ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

յանուն մեր նահատակների յիշատակի, Արցախի հազարամեակների հերոսական պատմութեան ու մեր նախնիների երազանքների իրականացման, անսասան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնութիւնը,

պահպանելու ենք մեր հազարամեակների ժառանգութիւնը,

ապաւինելու ենք մեր ժողովրդի վճռականութեանը՝ հայրենի Արցախ վերադառնալու վերաբերեալ,

ամէն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու եւ ինքնորոշման անքակտելի իրաւունքները լիարժէքօրէն իրացնելու համար։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն

«Միասնական Հայրենիք» խմբակցութիւն

«Արդարութիւն» խմբակցութիւն

«ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութիւն

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն»: