Լիբանանի Հայկական Միջնաբերդը` Այնճար․ Մարինէ Մարտիրոսեան, Վահէ Սարուխանեան

Յօդուածներ – Զրոյցներ

Այսօրուայ Այնճարը` ապահովութեան միջնաբերդ

Այսօր գի՞ւղ, թէ՞ քաղաք է Այնճարը: Այս հարցին համայնքի ղեկավար Սեդրակ Հաւաթեանը պատասխանում է, թէ այն գիւղաքաղաք է համարւում: Ու եթէ ժամանակին կարելի էր գիւղ համարել, ապա հիմա աստիճանաբար վերածւում է քաղաքի: Քաղաքապետն ասում է, որ նախկինում այնճարցիներն իրենց տների կողքին նաեւ գոմեր ունէին` կով, ոչխար, այծ ու հաւ էին պահում: Բայց հոտի ու կեղտի պատճառով 1990-ականներին որոշուել է բնակելի հատուածից դուրս` լեռնալանջին, տարածք յատկացնել գոմերի համար: Հիմա ցանկացողներն այնտեղ են անասուն պահում:

Ըստ Հաւաթեանի, Այնճարում այսօր շուրջ 3000 մարդ է ապրում: Ամրանն այս թիւը մեծանում է նրանց հաշուին, որոնք ապրում, աշխատում կամ սովորում են ծովափնեայ Պէյրութում, իսկ ամառն անցկացնում են բարեխառն կլիմայ ունեցող Այնճարում: Կան մարդիկ, որոնք Պէյրութից Այնճար են գալիս ամէն շաբաթ` հանգստեան օրերին, որոշներն էլ տարուայ ընթացքում արձակուրդներին այստեղ են գալիս Քանատայից, Միացեալ Նահանգներից, Հայաստանից, այլ երկրներից:

Այդուհանդերձ, հայերի թիւը վերջին 4 տարիներին նուազել է` պայմանաւորուած Լիբանանի տնտեսական վիճակով (տեղացիները տնտեսական առումով իրավիճակը բաժանում են 2 մասի` մինչեւ 2019 թ. եւ դրանից յետոյ, քանի որ 2019-ից լիբանանեան արժոյթն սկսեց սրընթաց արժեզրկուել ամերիկեան տոլարի նկատմամբ. ներկայում 1 տոլարը մօտ 90 հազ. լիբանանեան թղթոսկի է): Այս իրավիճակը յանգեցրել է արտագաղթի ամբողջ երկրում:

«Եթէ այս տնտեսական տագնապը (ճգնաժամ – հեղ.) չլինէր, վստահ եմ, որ գնացողները չէին գնայ, եւ դրսից եկողներ կը լինէին», ասում է Ս. Հաւաթեանը:

Ի տարբերութիւն Լիբանանի շատ այլ բնակավայրերի` Այնճարի փողոցները խնամուած են ու մաքուր

Համայնքի ղեկավարը պատմում է, որ 1975-1990 թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ պէյրութաբնակ որոշ հայեր եկել ու հաստատուել են Այնճարում: Նոյնը եղել է սիրիական պատերազմի տարիներին, երբ Հալէպից ու Քեսապից հայկական ընտանիքներն ապաստան են գտել Այնճարում, ոմանք այստեղ էլ մնացել են, որոշներն էլ մեկնել են Քանատա, Աւստրալիա, այլ երկրներ: «Այնճարը միջնաբերդի նման է», ասում է Սեդրակ Հաւաթեանը` նկատի ունենալով բնակավայրի ապահով լինելը:

Այնճարի քաղաքապետարանը

Սիրիական պատերազմի ժամանակ այստեղ եկել են նաեւ արաբներ, որոնք ապաստանել են Այնճարի շրջակայքում` ճամբարներում: Նրանց մի փոքր մասը յետոյ կարողացել է աշխատանք ու վարձով տուն գտնել Այնճարում եւ մնալ տեղում: Սրանք քիչ թէ շատ ապահովուած մարդիկ են, իսկ վրաններում ապրողները, ըստ Հաւաթեանի, հիմնականում աշխատաւոր դասակարգից են: Արաբներն աշխատում են ճաշարաններում, տեղացիների հողատարածքներում:

Տների բակերում կարելի է տեսնել ձիթապտղի ու մանտարինի ծառեր

Ինչպէս ասուեց, Այնճարը գտնւում է Պեքայի դաշտում, որը թէ՛ իր չափերով (120 քմ երկարութեամբ, 16 քմ լայնութեամբ), թէ՛ նշանակութեամբ համեմատելի է Հայաստանում Արարատեան դաշտի հետ: Ս. Հաւաթեանն ասում է, որ թէ՛ նախկինում, թէ՛ այսօր այնճարցիների հիմնական զբաղմունքը գիւղատնտեսութիւնն է, սակայն, որպէս կանոն, երիտասարդները հեռու են այս ոլորտից, շատերն աշխատում ու վարձով են ապրում Պէյրութում, հիմնականում արհեստաւորներ են: Իսկ նրանք, որոնք շարունակում են ծնողների գործը, չեն բաւարարւում ընտանիքի ունեցած հողամասով, յաւելեալ տարածքներ են վերցնում` գործն ընդլայնելու ու ապրուստի միջոց ստեղծելու համար: «Ընդհանրապէս, Այնճարի բնակչութիւնը միջին տարիքից բարձր է, այդ տագնապն ենք ապրում, երիտասարդ մարդուժի պակասն օրըստօրէ զգալի է դառնում», ասում է համայնքի ղեկավարը:

2025-ին Այնճարը բախուել է նաեւ ջրի պակասի լուրջ խնդրի: Հաւաթեանը նշում է, որ տեղումները քիչ էին, ինչի պատճառով ակից ոռոգուող հողերը ծարաւ մնացին: Սակայն դա ոռոգման միակ աղբիւրը չէ, քանի որ բնակիչներին բաժանուած անջրդի հողերը ջրարբիացնելու համար ժամանակին փորուել են արթեզեան հորեր: Բայց մեր զրուցակիցն ասում է, որ սրանց ջրի ծաւալն էլ անցեալ տարի շատ էր նուազել, մի քանիսը նոյնիսկ ցամաքել էին, ու հողատէրերը ստիպուած էին բաւարարուել եղած նուազ ջրով: 15 օրը մէկ ջուր ստացող այգիները ջրուել են 45-50 օրը մէկ, ինչի պատճառով թէ՛ պտղի արտադրութեան քանակն է նուազել, թէ՛ որակը (Այնճարն առաւելապէս յայտնի է խնձորով):

«Այստեղ մենք հիւր ենք, բայց կայ գերագոյն նպատակ»

Լիբանանը բաժանուած է 5 նահանգի կամ մուհաֆազայի, սրանք էլ` շրջանների: Այնճարը գտնւում է Պեքայի մարզի Զահլէի շրջանում: Հայաբնակ քաղաքից արեւելք Լիբանան-Սիրիա սահմանն է, որն անցնում է Անդիլիբանանեան լեռնաշղթայով: Բնակավայրից տեսանելի են լեռների վրայ տեղակայուած լիբանանեան սահմանապահ դիրքերը:

Պէյրութ-Դամասկոս միջպետական մայրուղու վրայ գտնուող Մասնաայի անցակէտն Այնճարից ընդամէնը 4 քմ է հեռու:

Այնճարի հարեւանութեամբ հիմնականում սիւննի իսլամի հետեւորդ բնակչութեամբ արաբական գիւղեր են: Քաղաքապետ Սեդրակ Հաւաթեանը նկատում է, որ ջերմ յարաբերութիւններ ունեն մահմետական հարեւանների հետ: Մարզի ու շրջանի կենտրոն Զահլէ քաղաքն Այնճարից 18 քմ է հեռու: Այստեղ հիմնականում քրիստոնեաներ են ապրում` կաթողիկէ եւ ուղղափառ յոյներ ու մարոնիներ (մարոնիները մարոնիական կաթողիկէ եկեղեցու հետեւորդներ են):

Այնճարի կենտրոնական փողոցը ծառաշատ է ու խնամուած

«Փորձում ենք մեր կապերը ջերմ պահել հարեւան գիւղերի հետ, որ որեւէ խնդրի պարագայում կարողանանք արագ լուծումների հասնել: Իրենց առիթներին գնում ենք, իրենք էլ գալիս են մեր առիթներին: Գիտէք, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմը կրօնական խնդիրներով էր պայմանաւորուած: Դա դաս եղաւ, որ հարեւանների հետ կապերը ջերմ պահենք եւ խաղաղ գոյատեւենք,- ասում է Այնճարի ղեկավարն ու ընդգծում,- ի վերջոյ, մենք այստեղ եկած ենք իբրեւ հիւր գաղթականներ 1939-ին,  իրենք են տանտէրը, իրենց երկիրն է, մենք Լիբանանում ենք ապրում, ոչ թէ Հայաստանում, այստեղ մենք հիւր էինք, բայց եւ այնպէս այսօր լիիրաւ լիբանանցի քաղաքացիներ ենք` մեր ամբողջական իրաւասութիւններով եւ պարտաւորութիւններով: Պէտք է իրար յարգենք: Հաւատացէք, որ իրենք շատ աւելի մեծ յարգանք ունեն մեր հանդէպ: Սա ամենայն համարձակութեամբ կ՛ասեմ` իրենք շատ են յարգում հայերին, որովհետեւ հայերից շատ բան սովորեցին: Երբ մեր մեծ հայրերը եկան այստեղ, անապատ էր, ծառ չկար, արաբները մերոնցից սովորեցին ծառ տնկել, կանաչապատել: Այնճարը շատ արագ է զարգացել. ֆրանսացիները իւրաքանչիւր ընտանիքի համար սենեակ էին կառուցել, դրա կողքին մերոնք սենեակ են աւելացրել, յետոյ շատերը քանդել են, նոր տուն են կառուցել: Հայերը շինարար ժողովուրդ են, մերոնք, որ սարքել են, տեղացիներն էլ, դա տեսնելով, սկսել են նոյնն անել: Նկարչութիւնը, երաժշտութիւնը, արհեստները, օրինակ` մեքենագործութիւնը, մերոնցից են սովորել: Իրենց երիտասարդներն այստեղ գալիս աշխատում էին որպէս գործաւոր: Յետոյ գնացել, իրենց անձնական գործն են հիմնել: Իրենք միշտ յիշում     են, որ մեզնից են սովորել»:

Այս տան երկրորդ յարկում է ապրել Լիզպոնի հինգի անդամ Սիմոն Եահնիյեանը

Եթէ մուսալեռցի-այնճարցիները հիւր են Լիբանանում, ո՞րն է վերջնական հանգրուանը:

Սեդրակ Հաւաթեանն ասում է. «Կայ գերագոյն երազ, աւելի ճիշդ` նպատակ, մեր ձեռնարկներում էլ բանախօսները դա են շեշտում, մենք էլ այդպէս ենք դաստիարակում մեր զաւակներին: Մենք եկած ենք իբրեւ գաղթականներ, դարձած` լիիրաւ քաղաքացիներ, սակայն իբրեւ հայեր ունենք մեր գերագոյն երազը, նպատակը` ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի տեսլականը: Պարտադիր չէ Մուսա Լեռ վերադառնալը, նպատակը ազատ, անկախ եւ միացեալ Հայաստան ունենալն է»:

(Շար. 2)