Լիբանանի Հայկական Միջնաբերդը` Այնճար․ Մարինէ Մարտիրոսեան, Վահէ Սարուխանեան
Պէյրութ-Դամասկոս միջպետական ճանապարհի վրայ` Լիբանանի ու Սիրիայի մայրաքաղաքների գրեթէ կենտրոնում, հայերէն-անգլերէն ցուցանակը ողջունում է անցուդարձ անողներին` «Բարի եկաք Այնճար. Welcome to Anjar»:
Ի տարբերութիւն Լիբանանի բազմաթիւ այլ բնակավայրերի, որոնք յաջորդում են մէկմէկու, բայց ցուցանակների բացակայութեան պայմաններում, եթէ տեղացի չես կամ ձեռքի տակ քարտէս չունես, այդպէս էլ չես հասկանում, թէ որտեղ ես գտնւում: Հայաբնակ Այնճար աւանի մուտքի ցուցանակից անծանօթը միանգամից հասկանում է, թէ ո՛ւր է եկել:
Կենտրոնական փողոցը բարձրանում է վեր` դէպի Անդիլիբանանեան լեռնաշղթայի ստորոտը, որից այն կողմ Սիրիան է, աջից ու ձախից այն հատող աւելի նեղ փողոցներ են` հայերէն, անգլերէն ու արաբերէն գրութիւններով:
Հայկական ու արաբական անուն կրող այս փողոցները (Կոմիտաս, Շիրազ, Մաշտոց, Նարեկացի, Սասուն, Արաքս, Աղաջանեան, Տէր Գալուստեան, Զէյթլեան, Գարակէօզեան, Գէորգ Հաճեան եւ այլն) համաչափ են ու միաձեւ: Երեւում է, որ բնակավայրը յստակ գծագրով է կառուցուել: Եւ իսկապէս Այնճարը միակ բնակավայրն է Լիբանանի գիւղատնտեսութեան սիրտ համարուող Պեքայի հովտում (դաշտում), որի համար մինչեւ կառուցումը յատակագիծ-քարտէս է կազմուել:
Եթէ նայէք թռչնի թռիչքի բարձրութիւնից, կը տեսնէք, որ Այնճարն ունի թռչնի տեսք, աւելի ճիշդ` արծուի:
Այնճարի յատակագիծը արծուի տեսքով
Մի քիչ պատմութիւն. Մուսա Լեռից մինչեւ Այնճար
Այնճար (Anjar, Aanjar) անունն ունի արաբական ծագում` ayn jaar, որը տարբեր կերպ է մեկնաբանւում` հոսող աղբիւր, աղբիւրից հոսող ջուր կամ ժայռից հոսող ջուր: «Այն» արաբերէն նշանակում է աղբիւր: Ամէն դէպքում, բնակավայրի անունը ծագում է Անդիլիբանանեան լեռներից բխող աղբիւրից, որը կարելի է համարել Պեքայի հովտի այս հատուածի գլխաւոր կենսատուն (աղբիւրի առկայութիւնը գրաւել է ոչ միայն մարդկանց, այլեւ հարեւանութեամբ ձեւաւորել է հարուստ բուսական ու կենդանական աշխարհ):
Այնճարը պատմական բնակավայր է, այստեղ մարդիկ ապրել են դեռ 8-րդ դարից, բայց հայերը Այնճար են եկել 87 տարի առաջ` 1939-ին:
Իսկ ամէն ինչ սկսուեց Հայոց ցեղասպանութեան ժամանակ` 1915-ին, Այնճարից 275 քմ հիւսիս գտնուող Մուսա Լերան վրայ: 1915-ի յուլիս-սեպտեմբերին Միջերկրական ծովի ափին գտնուող այս լերան վրայ 45 օր օսմանեան բանակին դիմադրելուց յետոյ աւելի քան 4000 հայեր ֆրանսական ու անգլիական ռազմանաւերով տեղափոխուեցին Եգիպտոսի Փոր Սայիտ նաւահանգստային քաղաք, որը գտնւում էր Անտանտի ուժերից բրիտանացիների վերահսկողութեան տակ:
Մուսա Լերան հերոսամարտին մասնակցած մուսալեռցիներ` հայկական լեգէոնում, Կիպրոս
Մուսա Լերան հերոսամարտի մասնակիցները լերան հարեւանութեամբ գտնուող հայաբնակ 7 գիւղերից էին` Քապուսիէ, Վաքըֆ, Խտրպեկ, Եօղունօլուք, Հաճի Հապիպլի, Ազզէր եւ Պիթիաս:
Փոր Սայիտում մուսալեռցիների համար վրանաքաղաք հիմնուեց, որտեղ նրանք անցկացրին 4 տարի` մինչեւ 1919 թ.: Ա. Համաշխարհային պատերազմում Գերմանիայի եւ նրա դաշնակիցների, այդ թւում` օսմանեան Թուրքիայի պարտութիւնից յետոյ մուսալեռցիները կարողացան վերադառնալ իրենց տները (դրանք աւերուել ու կողոպտուել էին Ցեղասպանութեան տարիներին), քանի որ այդ տարածքը անցել էր ֆրանսացիների վերահսկողութեան տակ, եւ ձեւաւորուել էր Ալեքսանտրեթի սանճաքը: Այստեղ հիմնականում ապրում էին` արաբներ (ալեւիներ եւ սիւննիներ), թուրքեր, հայեր, յոյներ: 1939-ի յուլիսին ֆրանս-թուրքական համաձայնագրով տարածքը միացուեց Թուրքիային, ինչը ոչ թուրք բնակչութեան շրջանում մեծ դժգոհութեան ալիք բարձրացրեց:
Իրականում, սակայն, սանճաքից արտագաղթը սկսուել էր դեռ 1938-ին, երբ այստեղ թուրքական ազդեցութեամբ ձեւաւորուել էր Հաթայի պետութիւնը, որն էլ 1939-ին կցուեց Թուրքիային: 1938-ի տարեվերջին ու 1939-ի տարեսկզբին հայերի 70 տոկոսն արդէն գաղթել էր Ալեքսանտրեթի սանճաքից: Իսկ 1939-ի ամրանը վերջին հայերը դուրս եկան այստեղից` չցանկանալով կրկին ապրել թուրքական տիրապետութեան տակ: Ինքնապաշտպանութեան նոր փորձի համար պայմանները նպաստաւոր չէին. աշխարհաքաղաքական տեսանկիւնից, գերտէրութիւնների ուշադրութիւնը բեւեռուած էր Եւրոպայի վրայ, որտեղ գլուխ էր բարձրացրել ֆաշիզմը, եւ շուտով պիտի սկսուէր Բ. Համաշխարհային պատերազմը: Այսպիսով, շուրջ 35 հազար հայեր, ինչպէս նաեւ տասնեակ հազարաւոր արաբներ ու չերքեզներ հեռացան նախկին Ալեքսանտրեթի սանճաքի տարածքից` հաստատուելով հարեւան Սիրիայում ու Լիբանանում: Միայն Վաքըֆ գիւղում մնացին մի քանի հայ ընտանիքներ, որոնց ժառանգներն առ այսօր ապրում են այնտեղ:
Այդուհանդերձ, ֆրանսական իշխանութիւնների հետ աշխատանք տարուեց` նրանց համոզելով մուսալեռցի հայերին հաւաքական ձեւով տեղափոխել Սիրիա կամ Լիբանան: Նրանք ժամանակաւորապէս տեղափոխուեցին Միջերկրական ծովի ափին գտնուող սիրիական Ռաս ալ Պասիթ բնակավայր: Հայերն այստեղ պիտի մնային, մինչեւ վերջնական բնակութեան վայր տեղափոխուելու կարգադրութիւն լինէր: Անօթեւան մնացած մուսալեռցիները Պասիթում 40 ծանր օրեր անցկացրին` պատսպարուելով ցախերի ու սաւանների տակ: Խմելաջրի ու սննդի պակասից տառապող մարդիկ մնացել էին հեղեղային անձրեւների տակ. շուտով տարբեր հիւանդութիւններ տարածուեցին, այդ թւում` տիզենթերիա: Երեխաների շրջանում փորլուծութիւն տարածուեց: Գաղթականներից 200 հոգի տեղափոխուեց Ռաս ալ Պասիթից ոչ հեռու գտնուող Լաթաքիայի հիւանդանոց, իսկ ծանր հիւանդներին մինչեւ Պէյրութ հասցրին: Այդուհանդերձ, մուսալեռցիները Պասիթում ստեղծուած ծանր պայմաններում 45 զոհ ունեցան:
Այդ ընթացքում Մուսա Լերան ինքնապաշտպանութեան ղեկավարներից Մովսէս Տէր Գալուստեանը, որը 1927-1937 թթ. Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր էր, ֆրանսական իշխանութիւնների հետ նախապատրաստական աշխատանքներ էր տանում` մուսալեռցիներին Լիբանան-Սիրիա սահմանի մօտ գտնուող Այնճարի տարածք տեղափոխելու համար:
Մուսա Լերան հերոսամարտի ղեկավարներից աւետարանական հովիւ Տիգրան Անդրէասեանի
ու Մովսէս Տէր Գալուստեանի կիսանդրիները` Այնճարում
Աշխատանքներից յետոյ մուսալեռցիները նաւերով տեղափոխուեցին Լիբանանի Թրիփոլի նաւահանգիստ, որտեղից շոգեքարշով հասան Ռայաք: Այստեղից էլ մեքենաներով 1939-ի սեպտեմբերին փոխադրուեցին Այնճարի տարածք: Ճանապարհով վերջինիս հեռաւորութիւնը Պէյրութից 55 քմ է, Դամասկոսից` 50 քմ, ծովի մակարդակից բարձրութիւնը` 900-950 մ:
Ֆրանսացիները Դաշնակցութեան միջնորդութեամբ Այնճարում 415 հազար ֆրանքով ձեռք էին բերել Ռուշտի պեկին եւ նրա մօրը պատկանող հողատարածքը, որը մի ընդարձակ դաշտ էր: Գումարը հաւաքուել էր Ֆրանսայի կառավարութեան ու մի քանի հայ մեծահարուստների, այդ թւում` Գալուստ Կիւլպէնկեանի միջոցներով: Հողի նոր սեփականատէր դարձած Ֆրանսայի կառավարութեան համապատասխան որոշման մէջ արձանագրուել էր, որ Այնճարը տրամադրուելու է Ալեքսանտրեթի հայ գաղթականներին: Բնակավայրի տարածքը 1800 հեկտար է, 92 հա-ն յատկացուել է բնակութեան համար, իսկ մնացածը` ցանքատարածութիւնների (տես լուսանկարը):
1939-ի սեպտեմբերին Այնճար տեղափոխուած հայերի թիւը 5125 էր (1205 ընտանիք): Մինչեւ տների շինարարութիւնը` նրանք ժամանակաւորապէս ապրում էին վրանների մէջ, որոնք տեղադրուել էին Օմայետների խալիֆայութեան 8-րդ դարի ամրոց-պալատի աւերակների տարածքում (վրանների կտորը տրամադրել էր ՀԲԸՄ-ը` Հայ բարեգործական ընդհանուր միութիւնը):
Լուսանկարներում Այնճարում կեանքի առաջին տարիներն են
Վրանային պայմաններում կեանքը հեշտ չէր, կար խմելու ջրի եւ սննդի պակաս: Գաղթականների մի մասն այս ամէնի պատճառով ցրուեց հարեւան բնակավայրեր: 1205 ընտանիքից մնաց 1050-ը (803 առաքելական, 165 կաթողիկէ, 82 աւետարանական):
Ինչպէս ասուեց, Այնճարը միակ բնակավայրն է Պեքայի հովտում, որը կառուցուել է յատակագծով: Թեւերը բացած արծուի տեսք ունեցող նախագծի հեղինակը ճարտարապետ Յակոբ Քէշիշեանն է, որին օգնել է մուսալեռցի երկրաչափ Աբրահամ Տէր Ղազանչեանը:
Յատակագծով Այնճարը բաժանուել է 6 գիւղաթաղի ըստ Մուսա Լերան գիւղերի` Քապուսիէ, Վաքըֆ, Խտրպեկ, Եօղունօլուք, Հաճի Հապիպլի եւ Պիթիաս: Ու պատահական չէ, որ Այնճարը պաշտօնապէս կոչւում է Հաուշ Մուսա (Hawsh Mօusa, արաբերէն` Մուսայի բակ):
Այնճարի քաղաքապետ Սեդրակ Հաւաթեանը ցոյց է տալիս գիւղաթաղերը
Քանի որ այս գիւղերի հայութեան մէջ կային թէ՛ առաքելականներ, թէ՛ կաթողիկէներ, թէ՛ աւետարանականներ, հետագայում Այնճարում ըստ կրօնական ուղղութեան հիմնուել է 3 եկեղեցի եւ 3 դպրոց:
Տների կառուցումը մեկնարկեց 1939-ի սեպտեմբերի վերջին ու շարունակուեց մինչեւ 1940-ի գարուն: Իւրաքանչիւր ընտանիքի համար նախատեսուած էր կառուցել 2 սենեակ ու խոհանոց ունեցող տուն, սակայն հէնց 1939-ի սեպտեմբերին սկսուած Բ. Համաշխարհային պատերազմը փոխեց ծրագրերը: Այդպիսով, 1940-ին իւրաքանչիւր ընտանիքի յատկացուեց 4×4,5 մեթր չափերի աղիւսէ մի սենեակ` դրսում փոքր արտաքնոցով: Արդէն 86 տարուայ հնութեան այս տներից մի քանիսն Այնճարում պահպանուել են մինչ օրս:
Անցեալն ու ներկան
Փոխարէնը` ամէն ընտանիք ստացաւ 400 քառ. մեթր (25×16 մ) տնամերձ հողամաս, ինչպէս նաեւ` ցանքատարածութիւն (7000 քառ. մեթր ջրովի եւ 4000 քառ. մեթր անջրդի): Ընդհանուր կառուցուեց 1065 տուն, իւրաքանչիւրի վրայ ծախսուեց 3000 ֆրանք: Շինարարութեանը մասնակցելու համար ֆրանսացիները վճարում էին 15 տարեկանից բարձր տղամարդկանց ու կանանց, սակայն քանի որ Ռաս ալ Պասիթում հայերը ֆիզիքապէս բաւականին նուաղել էին, շինարարութեանը ներգրաւուեցին նաեւ արաբներ` ընթացքն արագացնելու համար:
Հետաքրքիր փաստ` եթէ ներկայում Այնճարի տների քանակը 20 տոկոսով շատ է 1939-ին կառուցուածներից, ապա բնակչութիւնը կիսով չափ նուազել է:
Սկզբնապէս գաղթականները խմելու ջուրը ձեռքով բերում էին Այնճարի աղբիւրից (ակից), որը բնակավայրի կենտրոնից 1,7 քմ-ի վրայ է: Տների շինարարութեանը զուգահեռ, խողովակներ անցկացուեցին ակից մինչեւ գիւղի վերին մասում կառուցուած ջրամբար, որտեղ ջուրը մղւում էր թիւրպինով, ապա ջրամբարից այն ուղղւում էր դէպի գիւղի մէջ պատրաստուած 11 աղբիւրները. այստեղից էլ վերցնում էին բնակիչները:
Աղբիւրները` այսօր եւ նախկինում
Տեղացիների վկայութեամբ, այս աղբիւրները շահագործուել են մինչեւ 1960-ականները, երբ Այնճարի տներում խմելաջրի ցանց անցկացուեց: Աւելի ուշ խմելաջուրն սկսեց մատակարարուել լեռնաշղթայի ստորոտին բացուած արթեզեան հորերից, իսկ ակը մինչ օրս գլխաւորապէս ծառայում է ոռոգմանը (ակի մօտ կառուցուած ջրհաւաք աւազանը երաշտի պատճառով 2025-ի աշնանը դատարկ էր, տես ստորեւ):
Ֆրանսական կառավարութեան միջոցով հիւանդանոց բացուեց մուսալեռցի գաղթականների համար, տեղի իշխանութիւններն էլ, նրանց տեղափոխութեանն ու հաստատմանը աջակցելուց բացի, օժանդակեցին տեղական քաղաքացիութիւն ստանալու հարցում: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, որը 1930-ից հաստատուել էր Լիբանանի Անթիլիաս քաղաքում, մուսալեռցիներին աջակցելու կոչ արեց, ինչի արդիւնքում հաւաքուած օգնութեան միջոցով սկսուեց եկեղեցիների ու դպրոցների շինարարութիւնը, որոնք արդէն իսկ գործում էին վրանների տակ: Կաթողիկոսութեան Լիբանանի թեմի Ազգային առաջնորդարանն էլ մայրանոց կառուցեց, որը հետագայում դարձաւ մանկապարտէզ:
Այնճարում հաստատուած մուսալեռցիների ամենամեծ խնդիրն ապրուստի հարցն էր: Չկային լծկան եզներ, գիւղատնտեսական մեքենաներ: Ստիպուած եղան վարձակալել հարեւան գիւղերից (տարիներ անց իրանահայ բարերար Հայկ Թութունճեանը թրաքթէօր նուիրեց գիւղին): ՀԲԸՄ-ն ձեռք բերեց` սերմնացու ցորեն, գարի, ոսպ, սիսեռ, լոպի, կորեկ, գնուեց 50 զոյգ եզ, 110 կով, նոյնքան այծ ու ոչխար, մի քանի ձի եւ ջորի: Առաջինը ցանքսը հիմնականում սիսեռ ու գարի էր, որոնցից պատրաստուած հացն ուտելն այնճարցիներն այսօր յիշում են որպէս տառապանք:
Առաջին տարիները բաւական դժուար էին: Գլուխ բարձրացրեց մալարիան: Գիւղի հիւանդների աւելի քան մէկ երրորդը մալարիա ունէր, մահերն էլ բազմաթիւ էին: 1942-ին Այնճարում մալարիայի համաճարակ սկսուեց, մէկ ամսում 90 հոգի մահացաւ: Եթէ Մուսա Լերան հերոսամարտում հայերը 18 զոհ էին տուել, ապա Այնճարում հաստատուելու առաջին երկու տարիների ընթացքում տարբեր հիւանդութիւնների ու չքաւորութեան պատճառով հազարից աւելի մարդ մահացաւ: Մալարիան վերացնելու համար որոշուեց չորացնել գիւղի շրջակայքի ճահիճները: Դրա համար ջրահեռացման ջրանցքներ բացուեցին: 3 տարուայ ընթացքում հնարաւոր եղաւ մալարիան Այնճարից արմատախիլ անել:
(Շար. 1)











